Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ. Արմեն Դարբինյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Փետրվար 08,2021 14:50
Armen da

Բաց նամակ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տիար Փաշինյան,

Վերջին ամիսների ընթացքում Ձեր ամենօրյա ազգակործան և պետականաքանդ գործունեությանը զուգահեռ վարչապետի աշխատակազմի և ԿԳՄՍ նախարարության զգալի ուժեր լծել եք Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորին պաշտոնանկ անելու անբովանդակ նպատակի իրագործմանը: Համոզվելով սակայն, որ նման տվայտանքները անիմաստ են և անարդյունք, Դուք գնացիք առավել Ձեզ բնորոշ և հարազատ ճանապարհով՝ անձնական օգտագործման ԱԱԾ-ի միջոցով փոխանցեցիք ինձ ռեկտորի հրաժարականի պահանջ:

Միանգամից ասեմ, որ ծիծաղելով մերժում եմ Ձեր այս անհեթեթ պահանջը՝ համարելով սակայն, որ Ձեր հոտառությունը Ձեզ չի դավաճանել. ի դեմս ինձ և իմ համակիրների Դուք ունեք և ապագայում կունենաք ամենաջերմեռանդ քաղաքական հակառակորդներ, և եթե ես երբևիցե որոշեմ հրաժարական տալ, ապա այն կունենա միայն մեկ նպատակ. քաղաքականապես Ձեզ տապալել և քոքահան անել նիկոլիզմը հայաստանյան քաղաքական ասպարեզից:

Բնավ զարմանալի չէ, որ Դուք հանդգնել եք Ձեր թարախակալ հայացքը նետել և անարժան ձեռքը բարձրացնել մեր համալսարանի վրա. այն Արժեքները, որոնք դրված են մեր գործունեության հիմքում, տրամագծորեն հակառակ են Ձեր անձի էությանը և հոգեկերտվածքին: Մեր Արժեքներն են. Սերը, Ազատությունը, Արժանապատվությունը, Արդարությունը, Ստեղծարարությունը, Համերաշխությունը, Իմացությունը և Անձնային աճը: Ձեզ հոգեհարազատ են հակառակ հասկացությունները. ատելությունը, թշնամանքը, բռնաճնշումը, քանդումը, տգիտությունը, խառնակչությունը, սողունությունը:

Կա ևս մի պատճառ՝ իմ և իմ գլխավորած համալսարանի նկատմամբ Ձեր թշնամանքի դրսևորման. դա Ձեր հակառուսական էությունն է, որը Դուք երբեք չեք թաքցնի, անգամ Ձեր այժմյան կռացած և վասալային կեցվածքի տակ: Գաղտնիք չէ, որ Հայ-Ռուսական համալսարանի մեկնարկը տրվել է ՌԴ վարչապետ Պրիմակովի և ՀՀ վարչապետ Դարբինյանի ջանքերով և որոշումներով, վերջինս իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է համալսարանի կայացմանը, և այսօր հպարտ է գլխավորել Հայաստանի լավագույն համալսարանը, որը նաև մեր երկրների և ժողովուրդների եղբայրական կապի և դաշնակցային հարաբերությունների դրսևորման բացառիկ օրինակ է: Այս ամենը խորթ է Ձեզ, քանի որ Դուք անհաղորդ եք հայ-ռուսական բարեկամությանը, և ըստ ամենայնի ի սկզբանե ստացել եք Ձեզ կառավարող կենտրոններից այս եզակի հզոր կառույցի կազմաքանդման հրահանգ: Ապա իմացեք, որ ես դա Ձեզ երբևիցե թույլ չեմ տա:

Եվ վերջինը. հաշվի առնելով Ձեր հիստերիկ և անբռնազբոս խառնվածքը, որի մասին հանրությանը վաղօրոք տեղեկացրել էր ԱԱԾ արժանապատիվ սպա գնդապետ Համբարձումյանը, նրա հետնորդ Աբազյանը, որը ամենայն հավանականությամբ համաձայնվել է ծառայել Ձեզ որպես անձնական օգտագործման առարկա, այլևս ԱՆՁՆԱՊԵՍ է պատասխանում ՀՀ 7-րդ վարչապետ Արմեն Դարբինյանի անվտանգության համար:

Պատիվ ունեմ:

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ

08, Փետրվար, 2021 թվական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nimar says:

    Ափսոս, որ էպիստոլյար ժանրի նման ստեղծագործությունն իր տեղը չգտավ աղբի մեջ: Ըստ բովանդակության` նողկալի օրինակ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728