Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե հստակ ժամկետ ասեք, թե չէ միայն քննարկում եք». Ծնողը` քաղաքապետի մամուլի խոսնակին

Փետրվար 08,2021 13:17

Երեւանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ծնողներ այսօր բողոքի ցույց արեցին` մանկապարտեզներում ոչ պատշաճ ընդունելության պատճառով: Երեխաների հետ քաղաքապետարանի շենքի մոտ հավաքված ծնողները, որոնք ներկայացել էին 108 ծնողների ստորագրություններով, ցանկանում են, որ վերջապես ընդունելությունը վերսկսվի, եւ երեխաները կարողանան հաճախել մանկապարտեզ:

Ծնողներից Լուսինե Սարգսյանի խոսքով. «Հստակ չի ասվում, թե երբ է լինելու ընդունելություն: Մեկ տարի կարանտինում սպասելով ` ծնողները համբերել են: Հիմա կարանտինը կրկին երկարացվում է, ու մանկապարտեզների ընդունելության հարցով ոչինչ չի ասվում: Մենք, օրինակ, հերթագրվել էինք 2019թ. սեպտեմբերից, հերթագրվել էինք մսուր խումբ ունեցող մանկապարտեզի համար, չեն կանչել մանկապարտեզից: Կարանտինի պայմանները մեղմացվել են նույնիսկ դպրոցներում, սակայն մանկապարտեզների մասին ոչինչ չեն ասում: 12000-ից ավելի գրանցված երեխա կա, բայց օդի մեջ են, չեն հաճախում մանկապարտեզ»:

Լուսինե Սարգսյանը նշում է, որ երեխաները տարիներով սպասում են, մեծանում ու այդպես էլ չեն ընդունվում մանկապարտեզներ: «Ամուսինս աշխատում է, բայց ես էլ եմ ուզում աշխատել, հնարավոր չէ մեկ հոգու աշխատանքով ապրել: 2020 թ սեպտեմբերից բալիկս պետք է արդեն մանկապարտեզ գնար, բայց համաճարակի պատճառով չի գնացել, չեն կանչում…Ծնողներով հուսահատ վիճակում ենք. ուր դիմել ենք, նորմալ պատասխան չենք ստացել: Հիմա էլ հույս չունենք, թե քաղաքապետարանն ինչ-որ բան կանի»,-ասում է նա:

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը տեղյակ է խնդրին. «Քաղաքապետարանը քայլեր է նախաձեռնում եւ քայլեր է ձեռնարկում մանկապարտեզներում հավելյալ տեղեր ու խմբեր ավելացնելու առումով: Տեղյակ եք, թե որն է եղել պատճառը, որ անցյալ տարի ընդունելություն չի եղել եւ մինչ օրս չկա, եւ տեղյակ եք, թե ինչի համար են մանկապարտեզներում հաճախելիության սահմանափակումներ եղել: Այդտեղ գաղտնիք չկա, դա եղել է համավարակի պատճառով եւ համավարակից բխող միջոցառումների արդյունքում: Երեւանի քաղաքապետարանն այս առումով հետեւում է բացառապես կառավարությունից եկող ցուցումներին»:

Նա հավելեց, որ Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, համակարգող փոխքաղաքապետը նախաձեռնել են քննարկումներ` համապատասխան գերատեսչությունների հետ հարցին լուծում տալու համար, հասկանալով լարվածությունն այն առումով, որ աշխատող շատ ծնողներ ու նաեւ չաշխատող ծնողներ երեխաներին մանկապարտեզներ տանելու անհրաժեշտություն ունեն: Հակոբ Կարապետյանը չբացառեց, որ մեղմացումներ կլինեն, ասաց, որ հարցը քննարկվում է, եւ երբ հստակություն լինի, ասուլիս կհրավիրեն թեմայով նորությունները հայտնելու համար:

Ծնողները դժգոհեցին, որ քննարկումներից այն կողմ հարցը չի գնում: «Գոնե հստակ ժամկետ ասեք, թե չէ միայն քննարկում եք: Սեպտեմբերին իմ բալիկը 4 տարեկան է դառնում, գոնե մեկ տարի գնա պարտեզ, որ հետո` դպրոց»,-նեղսրտեց ծնվողներից մեկը: Ի պատասխան քաղաքապետի մամուլի խոսնակն ասաց. «Ես հասկանում եմ ձեր մտահոգությունը…Ձեր բալիկը փաստորեն հիմա 3 տարեկան 2-3 ամսական է, իմ բալիկը մանկապարտեզ է գնացել 3 տարեկան 8 ամսականում, եւ դա համավարակից առաջ էր»:

Երբ երիտասարդ կինը դժգոհեց նաեւ առցանց գրանցումների հարթակից, Հակոբ Կարապետյանն ասաց, որ այն չի ազդում ավելի շատ երեխաներ ընդունելու հնարավորության վրա, ընդամենը կարգավորում է ընդունելությունը:

Ծնողն ասաց, որ քաղաքապետարանի ներկայացուցչի պատասխանը իրեն բոլորովին չգոհացրեց. «Ախր ամեն ծնող չի, որ հնարավորություն ունի իր երեխային տանելու մասնավոր մանկապարտեզ: Դեռ վարչապետն էլ ասում է երեխաներ ունեցեք, գենոֆոնդը հարստացրեք, երբ նման պարզ հարց չի լուծվում: Ամենաստից մասնավոր մանկապարտեզում վարձը 70000 դրամից է սկսվում, դա մի ամբողջ աշխատավարձ է: Եթե ընտանիքում մի ծնող է աշխատում, ո՞նց կարող է երեխային տանել մասնավոր մանկապարտեզ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728