«Մեղադրական եզրակացության մեջ քաղաքական գնահատականներ են ամբողջությամբ նկարագրված, քաղաքական գնահատականներ են տրված, և դրա դեմ փաստարկ ներկայացնելուց հնարավոր չէ խուսափել որոշակի գնահատականներից, որոնք վերաբերվում են քաղաքականությանը: Իրականում դրանք իրավական գնահատականներ են»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ խոսելով սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի մասին:
Նա նշեց. «Մինչև Աննա Դանիբեկյանին գործը հասնելն այս քաղաքական իշխանությունները՝ վարչապետ, ԱԺ, արդեն ցույց էին տվել, որ իրենք առանց որևէ կոմպրոմիսի պայքարելու են այն դատավորների դեմ, որոնք կհամարձակվեն պարոն Քոչարյանի իրավունքը վեր դասել մնացած պատվերներից, որոնք կան»:
Հայկ Ալումյանը հավաստիացրեց՝ ի սկզբանե այս գործն անարդար է եղել, այն պահից, երբ որոշվել է, որ այս գործը պետք է քննի Աննա Դանիբեկյանը: Նա վստահեցրեց՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի ձեռքից վերցրին գործը, վճռաբեկ դատարանից գործը չէր գնում առաջին ատյանի դատարան այնքան ժամանակ մինչև Աննա Դանիբեկյանը չվերադարձավ արձակուրդից: Այսինքն` սպասում էին՝ գար այն դատավորը, ում վստահում էին, ում վրա կարող էին ավելի արդյունավետ ճնշում գործադրել:
Անդրադառնալով այս գործով վերջին դատական նիստին ՝ նա ասաց. «Դատական նիստի ժամանակ փորձ կատարվեց պարոն Գևորգյանի կողմից որոշակի գնահատականներ տալ և դրանք դատարանի կողմից կանխվեցին՝ այն փաստարկմամբ, թե իբր դատարանն այն տեղը չէ, որտեղ անհրաժեշտ կամ թույլատրելի է քաղաքական հայտարարություն անել: Հնարավոր է՝ դատարանը հասկանում է՝ ինչ է տեղի ունենում, բայց դիտավորյալ թույլ չի տալիս, որ դա հնչի: Այնինչ իրականությունն այն է, որ առաջին իսկ օրվանից այս գործից տեղյակ մարդկանց համար պարզ էր, որ, իհարկե, քաղաքական հետապնդում է»:
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ այս ամենն արվում է, որ հասարակությունից հնարավորինս երկար քողարկվի այն, ինչ տեղի է ունենում: Սակայն Հայկ Ալումյանի դիտարկմամբ՝ օրեցօր ավելի շատ մարդիկ են սկսում հասկանալ, թե ինչ էր թաքնված այս ամենի տակ:
Ըստ Հայկ Ալումյանի՝ իրականացվել է մի ծրագիր՝ Արցախը հանձնելու, որի ամենակարևոր կետը եղել է այս քրեական գործը:
Նա հայտարարեց՝ կոպիտ խախտումներ են կիրառվում այն տուժողների նկատմամբ, որոնք ունեն մեղադրանքի տեսակետից տարբերվող տեսակետ և որն ուզում են հայտնել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ