Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավելի շատ երեխաներ են մահացել, անձի դեմ ուղղված հանցագործություններն էլ ավելացել են

Փետրվար 08,2021 12:00

2021թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը կազմում է 2 միլիոն 964.1 մարդ, որից 1 միլիոն 565.6 կին, 1 միլիոն 398.5-ը՝ տղամարդ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Երեկ կոմիտեն հրապարակեց Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թվականի հունվար-դեկտեմբերին:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը, նշյալ ժամանակահատվածում 1 000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 7.3: 2019 թ.-ին այս ցուցանիշը եղել է 6.1: Անցյալ տարի մինչեւ 5 տարեկան երեխաների մահացությունը 1 000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 8.2: 2019 թվականին այդ ցուցանիշը նույնպես նվազ է եղել: 1 000 կենդանի ծնվածի հաշվով կազմել է 7.5: Մայրական մահացության գործակիցը՝ 2018-2020 թթ.-ին գրանցված մայրական մահվան դեպքերի (27 դեպք) հիման վրա կազմել է 24.8 միավոր, 100 000 կենդանի ծնվածի հաշվով, 2015-2017թթ. արձանագրված 18.3 միավորի (22 դեպք) համեմատ:

Անցյալ տարվա ընթացքում մեր երկրում վարակային հիվանդություններից արձանագրվել են սալմոնելոզային վարակների 384 դեպք, Շիգելյոզի՝ 202 դեպք, մանրէային աղիքային վարակների՝ 1 474 դեպք, Ռոտավիրուսային էնտերիտի 45, Շնչառական օրգանների տուբերկուլյոզի 260 դեպք, Տուբերկուլյոզային մենինգիտի՝ 3, Արտաթոքային տուբերկուլյոզի 90, Բրուցելյոզի՝ 132 դեպք:

Ուշագրավ տվյալներ են հրապարակվել նաեւ հանրապետությունում կատարված հանցագործություների վերաբերյալ: 2020 թվականին հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարվել է 83 հանցագործություն, 2019-ին՝ 74: Անցյալ տարվա ընթացքում աճել է նաեւ մարդու՝ անձի դեմ ուղղված հանցագործությունները:

Եթե 2019 թվականին անձի դեմ ոտնձգության 4 293 դեպք է գրանցվել, անցյալ տարի այդ դեպքերը 117-ով ավելացել են՝ կազմելով 4 410 դեպք: Էական աճել են նաեւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները: 2020-ին նման հանցագործության 4 910 դեպք է արձանագրվել: 2019-ին՝ 3 987:

Փոխարենը նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Կոմիտեի տվյալներով, անցյալ տարի գրանցվել է այս հանցագործության 13 129 դեպք, նախանցյալ տարի՝ 14 199 դեպք:

2020-ին, մեր երկրում, տնտեսական գործունեության դեմ ուղղված 783 հանցագործություն է տեղի ունեցել, 2019-ին՝ 924:
Անցյալ տարի պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված 2 842 հանցագործություն է արձանագրվել, 2019-ին՝ 3055:

Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար 3 դեպք է արձանագրվել, կաշառք տալու 1 դեպք:

Ըստ Վիճակագրական կոմիտեի, հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործությունները 166-ով պակաս են եղել նախորդ տարվանից: Անցյալ տարի արձանագրվել է 1 114 դեպք, 2019-ին՝ 1 280:

Կոմիտեն ամփոփել է նաեւ հարկային եւ մաքսային համակարգում կատարված հանցագործությունները: Ըստ այդմ, 2020-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին ապօրինի ձեռնարկատիրության 24 դեպք է գրանցվել, 10 դեպք էլ՝ կեղծ ձեռնարկատիրության: Բիզնեսը՝ կանխամտածված սնանկության տանելու 290 դեպք է գրանցվել:

384 դեպքով էլ չեն վճարել հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը:

Կոմիտեի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ 270 դեպքով կատարվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների մաքսանենգություն: Պաշտոնեական անփութության 2 դեպք է արձանագրվել: 7 դեպքով էլ կեղծել եւ իրացրել են փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահել է 2 անձ: Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս է պատճառվել երեք քաղաքացու:

Ընդհանուր առմամբ գրանցված հանցագործությունների քանակը 2020-ին կազմել է 26 468 դեպք, 2019 թվականին՝ 26 850:
Կոմիտեն ներկայացրել է նաեւ տնտեսական ցուցանիշներ, համաձայն որի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2020 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 1 445 391 դրամ (2 985 ԱՄՆ դոլար կամ 2 656 եվրո): Գործազրկության մակարդակը 2020 թ. հուլիս-սեպտեմբերին (III եռամսյակ) կազմել է 18.1%, կանանցը` 18.5%, տղամարդկանցը` 17.9%:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728