Թե 2018թ. Հայաստանում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից մինչ այսօր ինչ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանում, իհարկե, մանրակրկիտ վերլուծությունների ենթակա թեմաներ են, սակայն կփորձենք թռուցիկ անցնել դրանց վրայով, որպեսզի հասկանալի լինի հետագա ասելիքը: 2018թ. դրությամբ Հայաստանում ստեղծված իրավիճակը ժողովրդական հուժկու ալիքի միջոցով իշխանության բերեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հենքի վրա ձեւավորված «Իմ քայլը» դաշինքին, նրան ապահովելով ջախջախիչ թվով մանդատներ՝ թվով 131 ընդհանուր տեղերից 82 տեղ (բացարձակ մեծամասնություն):
Կարծում եմ՝ այդ ընտրությունները հիմնականում անցան արդար եւ թափանցիկ ու դա արգասիքն էր այն բանի, որ ժողովուրդը բացարձակ դժգոհություն ուներ վերջին 30 տարիների իշխանություններից: Այդ դաշինքը հիմնական բանաձեւ էր հռչակել կոռուպցիայի դեմ համակարգված պայքարը, որը հատկապես վերջին 20 տարիների ընթացքում մեծ չափերի էր հասել Հայաստանում եւ որի դեմ էր հիմնականում ժողովրդի ցասումը:
«Իմ քայլը» դաշինքը հրաշալի հասկացել էր այս ամենը եւ նախընտրական քարոզչության հիմնական մեխը կառուցում էր հենց դրա վրա, հավաստիացնելով, որ իշխանության գալու դեպքում կոպեկ առ կոպեկ ետ է բերելու եւ բյուջե է ներարկելու թալանած բոլոր գումարները, որի օգնությամբ էլ Հայաստանը կծաղկի, քանզի խոսք էր գնում չափազանց մեծ գումարների մասին:
Քանի որ Հայաստանը փոքր երկիր է, համարյա բոլորը բոլորին ճանաչում են եւ ժողովուրդը որոշակիորեն տեղյակ էր, թե մոտավոր ինչ կարգի գումարների մասին է խոսքը, որը ետ բերելու դեպքում, իսկապես կարելի էր Հայաստանը ծաղկեցնել: Այդ ընտրություններում պայքարը հիմնականում գնում էր ոչ այնքան հանուն «Իմ քայլը» դաշինքի, որքան որ ընդդեմ իշխող հանրապետականի, որից չափազանց դժգոհ էր ժողովուրդը:
Կարդացեք նաև
Ինչեւէ, եղածը եղավ եւ ժողովրդի քվեով (դա բացառիկ երեւույթ էր, քանզի իրական կյանքում այդպես չի լինում) «Իմ քայլը» դաշինքը դարձավ իշխանության միայնակ տերը եւ իր ուզածով ձեւավորեց այն: Իհարկե, այդ ժամանակ շատ հարցեր էին կուտակված երկրում, սակայն ժողովուրդը հավատում եւ րոպե-րոպե սպասում էր, որ վերջապես հեսա-հեսա հրաշքը կկատարվի եւ թալանված գումարները շատ արագ ետ կբերվեն ու բյուջեն պատիկներով կավելանա:
Որքան էլ որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը լրիվ անկեղծ էին տրամադրված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, այնուամենայնիվ, նրանք խորքային իմաստով չէին պատկերացնում, թե որքան դժվար է դրա պրակտիկ իրագործումը եւ որքան բազմաբնույթ խոչընդոտներ կան այն կյանքի կոչելու համար:
Նրանց թվում էր՝ միայն բարի ցանկությունը բավարար է թալանված գումարներն արագ ետ բերելու համար եւ համոզված էին, որ մատի մի շարժումով այն կդառնա իրականություն: Նրանք այդ ամենին նայում էին երազային մակարդակով, քանի որ լրիվ անփորձ էին ու իրենց թվում էր, որ եթե կա մեծ ցանկություն, ապա հնարավորությունը չի ուշանա եւ այդ ամենն արագ իրականություն կդարձնեն:
Ամենասկզբում նրանք սկսեցին հասարակությանը բարձրաձայնել մի շարք աղմկահարույց կոռուպցիոն գործարքների վերաբերյալ եւ իրենք համոզված հայտարարում էին, որ եթե դրանց տեղը գտել են, ապա ետ բերելը զուտ տեխնիկայի հարց է: Իհարկե, որեւէ մեկը լիարժեք տեղյակ չէ, թե այս տարիներին ընդհանուր թվով որքան գումար է թալանվել, սակայն չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ իրականում այդ գումարների շատ չնչին տոկոսն է ետ բերվել, քանզի նախ այդ գումարների ծագումնաբանության ստուգման, հիմնավորման, առավել եւս դրանց ետ բերման հստակ մեխանիզմներ չկան եւ ամենակարեւորն այդ ամեն ինչը ապացուցման լրջագույն կարիք ունի, որի համար հսկայական ժամանակ եւ լայնածավալ գործողություններ էին անհրաժեշտ, որը չափազանց բարդ է իրականացնել, քանի որ դրանք թարմ իրողություններ չեն եւ ունեն տասնյակ տարիների վաղեմություն, որն էլ իր հերթին էապես դժվարացնում է դրանց վերլուծությունը եւ ապացույցների ձեռքբերումը:
Այնպես չէ, որ կոռուպցիոն գործարքներ իրականացնելիս մասնակից անձինք հենց այնպես՝ առանց համապատասխան հիմնավորումների եւ փաստաթղթերի փաթեթների կազմման պարզապես վատնել կամ շորթել են այդ գումարները: Նրանք նախքան այդ գործարքների իրականացումն ի հնարավորին հիմնավորված պատրաստել են պահանջվող փաստաթղթերի ամբողջական փաթեթները եւ ըստ պահանջվող ընթացակարգերի էլ իրականացրել են այդ գործարքները:
Իհարկե, եթե ժամանակի տվյալ պահին խստիվ վերլուծվեր այդ փաթեթների հիմնավորվածությունը, գուցե եւ այդ ժամանակ ամեն ինչ բացահայտվեր եւ կասեցվեր դրանց հետագա ընթացքը, բայց դրանք իրականացվել են տասնյակ տարիներ առաջ եւ ներկա պահին այդ գործարքներն իրականացրած անձանցից որոշներն ուղղակի չկան. շատերը փոխել են ապրելու վայրերը, ինչպես նաեւ՝ կամ այլեւս նույն վայրում չեն աշխատում, կամ մահացել են, կամ էլ վաղուց արդեն բնակվում են երկրից դուրս:
Բերեմ մի օրինակ միայն, որպեսզի հասկանալի լինի, թե որքան դժվար է այդ ժամկետանց շորթումների բացահայտումը, քանզի գործող անձանց՝ այդ գործարքների մասնակիցներից շատերին հնարավոր չէ հայտնաբերել ու փորձել գոնե հարցաքննությունների միջոցով վեր հանել դրանք: Չես գտնի մի երկիր, որի ղեկավարությունն իր գործունեության ողջ ժամանակահատվածում ամենաշատը չխոսի կոռուպցիայի դեմ անողոք պայքարի մասին, սակայն այդ մասով իրականում մշտապես էլ ոչ բարվոք վիճակ է տիրում եւ այն խոսքից այն կողմ չի անցնում: Դա մի չարիք է, որի մասին՝ նախնադարից սկսած, մշտապես եւ ամենուրեք բարձրաձայնվում է, սակայն գնալով կոռուպցիայի մասշտաբները փոխանակ նվազելու, ընդհակառակը՝ նրա ծավալներն անընդհատ աճում են:
Այնպես որ, Հայաստանը եւս բացառություն չէ եւ այստեղ եւս հնարավոր չէ լրիվ արմատախիլ անել կոռուպցիան, առավել եւս՝ անցյալում տեղի ունեցածի մասով:
Դա ընդամենը նախընտրական գործիք էր, որը ճիշտ պահին, ճիշտ տեղում կիրառվեց, այնպես որ, ներկա վիճակը խոսում է այն մասին, որ այդ հարցը կարելի է համարել այլեւս վերջնականապես փակված: Փաստորեն, «Իմ քայլը» դաշինքը, որի նախընտրական ծրագրի այն առանցքային թեզը, որ իրենց հիմնական եւ առաջնային խնդիրը լինելու է կոռուպցիայի դեմ պայքարը, որն էլ գայթակղեց ընտրողների մեծ մասին, որի հիմքով էլ բազում ձայներ ստացավ, հետընտրական մոտ 3 տարիների ընթացքում փաստորեն դարձավ ձայն բարբառո հանապատի: Այլ խոսքով, մեղմ ասած՝ «Իմ քայլը» դաշինքը չկատարեց իր հիմնական խոստումը, որի առումով ժողովուրդը խորհելու մեծ տեղ ունի:
Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք նաեւ, որ չնայած այս վերջին 3 տարիները լարված տարիներ էին իշխանությունների համար, սակայն նման պարագայում իշխանությունները պարտավոր էին ժողովրդին պարբերաբար բացատրություններ տալ, որ գոյություն ունեն այս-այս անհետաձգելի գործերը, որոնք շատ ռեսուրսներ են պահանջում եւ բավականին ժամանակատար են եւ թույլ չեն տալիս անհրաժեշտ միջոցներ տրամադրել կոռուպցիայի դեմ պայքարի համար:
Այդ իմաստով, նրանք կարծես լիովին մոռացել են իրենց տված խոստումների մասին: Արդեն ավելի քան ակնհայտ է, որ բազմաթիվ այլ հարցերի հետ միասին, լիովին տապալված է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը եւ դա ժողովրդի ուղեղում կմնա լոկ որպես հիշողություն եւ ոչ ավելին…
Փաստորեն ստացվեց, որ նախընտրական քարոզչության ընթացքում «Իմ քայլը» դաշինքի կողմից տրվեցին խոստումներ՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի մասով, որը շատ այլ խոստումների հետ միասին՝ անհայտ պատճառներով իրականություն չդարձավ, քանզի այս անգամ ժողովրդի հավատն իրոք շատ մեծ էր, որի պատճառով նա իսկապես չափազանց առատ ձայներ պարգեւեց «Իմ քայլը» դաշինքին…
Ուղղակի պետք չէ մոռանալ, որ սա վերջին ընտրությունը չէ, կյանքը շարունակվում է եւ այսուհետ էլ պարբերաբար ընտրություններ են լինելու…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2021