Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնհայտ հակասահմանադրական այս նախագիծը ուղղակի միջամտություն է խմբագրության քաղաքականությանը

Փետրվար 08,2021 11:00
lurer

Հունվարին «Առավոտին» տված հարցազրույցում ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը անդրադառնալով ապատեղեկատվության խնդրին, մի այսպիսի կարծիք էր հայտնել. «Ընդհանրապես քաղաքական լարված իրավիճակներում ապատեղեկատվությունը ծաղկում է ապրում՝ դա կլինի հեղափոխություն, պատերազմ, թե հեղաշրջման փորձ: Ցանկացած քաղաքական լարված իրավիճակում ապատեղեկատվությունն ամենակարեւոր գործիքներից մեկն է, որն օգտագործվում է երկու կողմից:

Ընդ որում, սա միայն Հայաստանին չէ բնորոշ, ցավոք, դա աշխարհում կիրառվող արդյունավետ գործիք է: Դրա աճին, զարգացմանն առավելապես նպաստում է նաեւ կառավարության սխալ տեղեկատվական քաղաքականությունը կամ նույնիսկ կասեի՝ վերջին ժամանակահատվածում դրա բացակայությունը: Իշխանություններն ավելի շատ զբաղված են հերքումներ տալով, այսինքն՝ պոստֆակտում են գործում, փոխանակ իրենք լինեն նախաձեռնողը, սեփական նախաձեռնությամբ իրենց ոլորտներին վերաբերող տեղեկատվություն հրապարակողը, հանրությանն իրազեկողը: Մինչդեռ սպասում են, թե ով ինչ կգրի, որպեսզի իրենք դա հերքեն, ինչն անարդյունավետ եւ ուշացած է»:

Նա ինչ իմանար, որ առանց լրագրողական կազմակերպությունների իրազեկման եւ քննարկման ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 5 պատգամավորներ՝ նախկին լրագրողներ, կառաջարկեն փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, մասնավորապես, առաջարկելով ԶԼՄ օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Վերջինս բնորոշվում է որպես համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայք կամ համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվ կամ ալիք, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից:

«Ինչո՞ւ ենք մենք թույլատրում, որ տեղեկատվական դաշտում հայտնվեն մեդիա արտադրանքներ, որոնց արտադրողին հնարավոր չէ նույնականացնել։ Ինչո՞ւ մեզ նույն կերպ չի մտահոգում մեր մտավոր առողջությունը։ Եթե պետության պարտականությունն է փակել ցանկացած մաքսանենգ ճանապարհ, որով անհայտ ծագում ունեցող ապրանքները կարող են հայտնվել շուկայում, ապա պետության պարտականությունն է նաեւ արգելել «տեղեկատվական մաքսանենգությունը»,-կպատճառաբանի նախագծի իմքայլական հեղինակներից մեկը:

Մեդիայի պաշտպանների համար, առաջարկվող հակասահմանադրական նախագիծն, ըստ էության, նշանակում է՝ լրատվամիջոցների աղբյուրները վտանգի տակ կհայտնվեն, կսահմանափակվի հրապարակումների որակյալ բովանդակությունը:

Մենք ամեն օր ականատես ենք տեխնոլոգիական բազմապիսի նորությունների ու դեռ չգիտենք, թե ի՞նչ մարտահրավերների առաջ կկանգնենք։

Մեդիա փորձագետներն այդ առումով առաջարկում են, որպեսզի խնդիրը թողնենք լրագրողական ինքնակարգավորման մեխանիզմներին կամ էլ դատական նախադեպային իրավունքի շրջանակներում հարցի կարգավորմանը:

Նախագծի մասին առաջիններից արձագանքեցին արդարադատության նախկին նախարարները՝ Արտակ Զեյնալյանը, Գեւորգ Դանիելյանը, Արփինե Հովհաննիսյանը…

Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը պետք է ուղարկվի միջազգային փորձաքննության:

Գեւորգ Դանիելյանը հիասթափված իր ՖԲ էջում գրեց. «Իսկ ի՞նչ է եղել,

ա) ապագա ընդդիմությունը «հեռատեսորեն» իրեն հապճեպ զրկում է անգամ իրավաչափ լծակներից եւ արդեն հետագայում չի ունենա որեւէ բարոյական իրավունք թիրախավորելու իրենց ծնած «զավակին»,

բ) միջազգային կառույցները պարտավորված կլինեն լռություն պահպանելու, ինչպես հենց այս փուլում են պահպանում եւ ոչինչ չեն նկատում՝ «так держать»,

գ) լրատվության միջոցների «հայտնի» մասը ոչ միայն անհանգստացած չէ, այլեւ ցնծության մեջ է,

դ) դե իսկ հանրությունը ոչ էլ փորձում է խորանալ, քանզի դա իր համոզմամբ՝ «իրեն չի վերաբերում»:

Արփինե Հովհաննիսյանի դիտարկմամբ. «Իրենց քայլականների հերթական անմեղսունակ նախաձեռնությունն է մեզ հրամցվել, որն ուղղված է լրագրողական աղբյուրների դեմ, մասնավորապես սույն առանձնյակները որոշել են, որ լրագրողները անանուն աղբյուրի իրավունք չունեն հղում տալ… Իրենք անգամ չգիտեն՝ ինչի մեջ են ներքաշվում։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքը ասենք փոխեցին, ՄԻԵԴ որոշումներն է՞լ են փոխելու։ Մեր դատարանները դա են պարտավոր կիրառել»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728