Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդը նման փորձությունների միջով է անցել»

Փետրվար 08,2021 10:00

Դիմանկար-հարցազրույց

Կան արվեստագետներ, որոնք կյանքի լուսանցքում են հայտնվում։ Չեն ներկայանում, ներկայացնում, իրենց ցուցադրում, անտեսվում են. միայն լուռ ու մունջ իրենց գործն են կատարում։

Այդպիսիների թվին է պատկանում ՀՀ նկարիչների միության անդամ Հենրիկ Վահանյանը, ով օրերս դարձավ 85 տարեկան։

Թվում է, թե նա շփվող չէ, ինքնամփոփ է, միայն իր խոհերի հետ է, սակայն, երբ խորամուխ ես լինում անցյալին, նրա ալեծուփ հոգու օվկիանին, իր կյանքի դեմ ծառացած փորձություններին, պարզ է դառնում, թե ինչ հոգեվիճակներում է հայտնվել, ինչպիսի ճակատագրական պահեր է ապրել։ Բայցեւայնպես կյանքի հարվածները նրան չեն ընկճել։

Ուսումնատենչ է, շատ կարդացող։ Դասավանդել է, սերունդներ կրթել, ընտանիք կազմել, թոռներ ունեցել, մեծ գերդաստանի նահապետ դարձել։ Տողերիս հեղինակն ավելի քան 40 տարի ճանաչում է իր սկզբունքներին հավատարիմ գեղանկարիչ Հենրիկ Վահանյանին։

Ներկայացնում ենք դիմանկարային հարցազրույցը։

– Սկսենք կենսագրությունից։

– Ծնվել եմ Արագածոտնի մարզի Կոշ գյուղում (1936թ.)։ Ծանր տարիներ են եղել. ստալինյան բռնաճնշումներ, աքսոր, սով…, ժողովրդի թշնամիներ անվան տակ ձերբակալություններ։ Մեր փոքրաթիվ գյուղից 70 հոգու աքսորել են։ Շատերը չվերադարձան, որոնց թվում էր նաեւ հայրս։ Հորս աքսորից հետո մայրս էլ ստիպված հեռանում է իր հայրական օջախը՝ Փարպի գյուղ։ Վեց ամսականից զրկվել եմ ծնողներից: Տատիս եւ հորաքրոջս խնամքին եմ մնացել։

1956թ. ավարտել եմ Կոշի միջնակարգ դպրոցը եւ զորակոչվել խորհրդային բանակ։ Չորս տարի ծառայելուց հետո զորացրվել, աշխատանքի եմ անցել Երեւանի ավտոպահեստամասերի գործարանում։ 1961թ. ընդունվել եւ ավարտել եմ Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի նկարչա-գծագրական ֆակուլտետը։ 1965-98թթ. որպես ուսուցիչ աշխատել եմ Երեւանի Շիրվանզադեի անվան թիվ 21-րդ դպրոցում։

– Դասավանդման տարիները չե՞ն խանգարել ստեղծագործական աշխատանքին։

– Ե՛վ խանգարել են, ե՛ւ օգտակար են եղել։

– Երախտագիտությա՞մբ ես հիշում դասախոսներիդ։

– Առանձնակի տպավորություն է գործել շա՜տ ինքնատիպ նկարիչ, բարեհամբույր, հաճելի մարդ-տեսակ, հայրենասեր Արտաշես Հունանյանը, ով մեր նկարները շտկում էր կոմիտասյան մեղեդին շուրթերին։ Նման նկարիչների թվին էին պատկանում նաեւ Հրաչ Թեւանյանը, Ալբերտ Ծովյանը, Լյուդվիգ Բերբերյանը, ամբիոնի վարիչ Կարո Մինասյանը։

– Ձեր սիրելի գեղանկարիչները։

– Հոգուս հարազատ է Ռեմբրանդտը։ Այդ մեծ մարդասերի արվեստն իր խորությամբ ինձ միշտ էլ հուզել է։

– Գրքերիդ մեջ տեսնում եմ գեղանկարիչների մասին գրքեր, ալբոմներ, դասական գրականություն: Իսկ ո՞ր գրողների ստեղծագործություններն են քեզ ավելի հոգեհարազատ։

– Հայ եւ համաշխարհային մեծերի. Նարեկացի, Թումանյան, Վարուժան, Չարենց, Սարոյան, Իսահակյան, Սեւակ, Շիրազ… Հիմա ավելի շատ կարդում եմ, քան նկարում։

– Որոշ կտավներիդ մեջ քաղաքական շունչ էլ կա, մտահոգություն…

– Մտահոգված եմ շրջակա միջավայրի աղտոտմամբ։ Մարդ արարածը ներդաշնակ չէ բնության հետ, միայն ավերում է ու անխնա շահագործում։ Մտահոգությունս արտահայտել եմ «Պտտահողմ», «Վթար», «Ծառը հողմերի դեմ» եւ այլ կտավներում։

– Որպես բանիմաց մարդ, արվեստագետ, այսօր ի՞նչ հոգու խռովք եք ապրում։

– Մտածելակերպիս վրա օրերն այս դժկամ խորը հետքեր են թողնում, որոնք բարոյահոգեբանական ներգործություն են ունենում հոգուս գույների, ասելիքիս վրա։

– Հարցազրույց-դիմանկարդ ի՞նչ լավատեսական նոտայով ավարտենք։

– Մեկ անգամ չէ, որ մեր ժողովուրդը նման փորձությունների միջով է անցել։ Վստահ եմ մեր արարչագործ ուժին: Այս փորձությունն էլ արժանապատվորեն կհաղթահարենք։

Գուրգեն ԼՈՌԵՑԻ

«Առավոտ» օրաթերթ
06.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728