Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ պատերազմը Իրանի համար Հայաստանը շատ ավելի կարեւոր էր, քան այսօր»

Փետրվար 08,2021 12:30

Ըստ իրանագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանի շահերից է բխում, որ Հայաստանը լինի անկախ, ուժեղ երկիր, բայց իր սահմանով, ինչպես որ ՀՀ սահմանն է, ոչ այնպես, ինչպես ուզում են ադրբեջանցիները:

«Առավոտի» հետ զրույցում նա փաստեց. «Այսօր տեսնում ենք՝ Բաքվում իրենց գլխավոր հարցն է, որ, այսպես կոչված, իրենց ազատագրած տարածքներում իրանական ներկայությունը վերակառուցման հարցում լինի շատ ակտիվ, տեսանելի: Հատկապես Իսլամաբադի հռչակագրից հետո, որտեղ Ադրբեջանը հայտարարել էր, որ արդեն պակիստանյան, թուրքական ընկերություններին է հրավիրել, դրանցից հետո արդեն Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցից հետո Ադրբեջանը համաձայնություն է տվել Իրանի ակտիվ ներկայությանը»:

Մեր հարցին՝ իսկ ի՞նչ է Հայաստանին խանգարում այժմ ակտիվացնել Իրանի հետ հարաբերությունները, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Ոչ մեկը չի խանգարում: Պարզապես Հայաստանը, ենթադրենք, տալիս է իր միջանցքը, դա Իրանի թույլ կողմն է, քանի որ Իրանն էլ դրանից հանկարծակի եկավ: Իրանի համար խիստ անակնկալ էր, որ կարող է հայտարարության մեջ նման կետ լինել: Դա Իրանի ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքական շրջանակներում բավականին մեծ արձագանք ունեցավ»:

Խոսելով Հայաստանի՝ Իրանի հետ տարվող քաղաքականության մասին՝ իրանագետն ասաց. «Մեր՝ իրանյան քաղաքականությունը միշտ եղել է թույլ»: Այս առիթով նա հիշեց 90-ականները ու նշեց. «Հայաստանը երբեւէ լուրջ քաղաքականություն, դիվանագիտություն չի վարել Իրանում: Մի պարզ օրինակ ասեմ. 1997-ին, երբ Իրանում Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովն էր, ու 57 իսլամական երկրի ղեկավարներ էին այնտեղ, Հայաստանում միակ բանը, որ ինձ դեսպանությունից ասում էին, քանի որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ լեգիտիմ նախագահ էր այդ ժամանակ, ինձ անընդհատ ասում էին՝ հենց առիթ լինի, հարցրեք՝ ե՞րբ են Լեւոն Տեր-Պետրոսյանին հրավիրելու Իրան: Բայց այդ ժամանակ դրված էր լիսաբոնյան բանակցությունների հարցը հենց այդ գագաթաժողովում, եւ նույնատիպ որոշում ընդունվեց: Մինչդեռ կարելի էր դեսպանությունների միջոցով հանդիպել պատվիրակություններին, այսինքն՝ ուրիշ ոչ մի քաղաքականություն, դիվանագիտություն չի եղել ընդհանրապես, շատ թույլ է եղել»:

Մեր հիշեցմանը՝ օրերս ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը պետք է քննարկել նաեւ Թուրքիայի հետ՝ այդպիսին են տարածաշրջանի իրողությունները ու հարցին՝ Իրանի հետ հարաբերությունների տեսանկյունից ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, նա պատասխանեց. «Փաստն այն է, որ, իհարկե, դա այդպես է: Թուրքիան նշանակալի դեր ունի: Եթե տեսնում ենք, պատերազմը ոչ թե Ադբեջանն է ծրագրել ու սկսել, այլ Թուրքիան, եւ հետեւաբար նա պետք է, բնականաբար, դեր ունենա: Ես ասել եմ մի առիթով, որ առաջին պատերազմի ժամանակ՝ 1993-ին, երբ արդեն հայկական ուժերն առաջ էին շարժվում, Իրանի նախագահը հոկտեմբերի 27-ին եղել է Ադրբեջանում: Հայր Ալիեւը առաջարկել է՝ եկեք, Ադրբեջանում իսլամական հեղափոխություն արեք, մենակ մեզ փրկեք, թե չէ հայերը հասնելու են Բաքու: Այսինքն՝ ամեն ինչով օգնեք: Իրանցիները, հաշվի առնելով շատ բաներ, մերժել են: Նույն բանն Ալիեւն արել է իր հարազատ եղբոր հետ՝ Թուրքիայի: Էրդողանն էլ դրա համար ուշքը գնում էր: Հետեւաբար ամեն ինչ որոշվում է Թուրքիայի կողմից. գործոնն արդեն Թուրքիան է, ոչ թե Ադրբեջանը: Դրա համար պետք է հաշվի նստել Թուրքիայի կարծիքի հետ: Եթե Մինսկի խմբի համանախագահները ոչինչ չանեն, կարելի է մտածել, որ հարցը ռուսներն ու թուրքերն են որոշելու»:

Այս համատեքստում Էմմա Բեգիջանյանը կարծում է, որ Իրանի ԱԳ նախարարի՝ տարածաշրջան կատարած այցի գլխավոր նպատակը նպաստելն է, որպեսզի ղարաբաղյան հարցը լուծում ստանա, եւ տարածաշրջանում հաստատվի կայունություն եւ հարատեւ խաղաղություն: Այս առիթով նա ասաց. «Ընդհանուր առմամբ՝ Իրանը մշտապես կողմ է եղել ամբողջությամբ: Նա Հայաստանում էլ հայտարարել է, որ նաեւ պետք է հաշվի առնել ազգային փոքրամասնությունների իրավունքը ընդհուպ մինչեւ ինքնորոշման, բայց տարածքային ամբողջականության շրջանակներում: Ծայրահեղ դեպքում, իրենք կարող են առաջարկել ինքնավարություն՝ ինչ-որ առաջ էր, իսկ դա հայերի համար նշանակում է ոչինչ՝ հայաթափում: Դրա համար Իրանի դերը չի կարող կարեւորվել այս հարցում. հատկապես, որ Թուրքիայի հետ էլ փոխհարաբերություններն այսպես վատ չեն»:

Ըստ Էմմա Բեգիջանյանի՝ Իրանի համար միակ հարցը, որ ըստ երեւույթին այս ընթացքում բանակցություններում եղել են Իրանի հետ, եղել է այն, որ Հայաստանի տարածքով՝ հատկապես Սյունիքով որեւէ ճանապարհ, միջանցք չտրամադրվի: Իրանի շահերը դա են պահանջում: Իրանի շահերից է բխում, որ Հայաստանը լինի անկախ, ուժեղ երկիր, բայց իր սահմանով, ինչպես որ ՀՀ սահմանն է, ոչ այնպես, ինչպես ուզում են ադրբեջանցիները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


«Առավոտ» օրաթերթ

06.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728