Երեկ հրապարակվեց անցյալ՝ 2020թ․ Հայաստանում ծնված երեխաների թիվն ու նրանց ամենաշատ տրված անունները։ Ինչպես միշտ և ինչպես արդեն տասնյակ, եթե ոչ ավելի տարիներ, անունների գերակշիռ և ամենատարածվածներն օտար, բայց «բարեհնչյուն» անուններն են (հատուկ չեմ նշում, քանի որ և իմ շատ ընկերների, ծանոթների, և նրանց զավակների անունները նույնպես օտարահունչ են)։
Իհարկե, մենք վաղուց սովորել ենք սրան, սովորել ենք նաև դարերից եկող թուրքական ազգանուններին նույնպես։ Միայն չասեք, թե բոլոր ազգերն էլ նման սովորություն ունեն։ Ոչ և ևս մեկ անգամ՝ ոչ։ Նայեք, թեկուզ մեր հարևան վրացիներին և հազիվ կգտնեք մեկ-երկու ոչ վրացական անուններ, ազգանուններ։ Այս դիտարկումն ինձ բերեց, շատերի կողմից գուցե վիճելի, բայց հետևյալ եզրահանգմանը։
Չե՞ք կարծում, որ պատերազմում հազարավոր զոհեր տալով, պարտություն կրելով, Արցախը կորցնելուց հետո, երբ մեր հանրությունը հանդուրժում է այդ ամենի հեղինակ և պատասխանատու անձին, հեռավոր թելերով տրամաբանական կապի մեջ է վերոգրյալ դիտարկման հետ։
Մեջբերում մեծն Հովհաննես Թումանյանի «Դառնացած ժողովուրդ» հոդվածից․ «Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք էն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք, իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։ Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում»։
Կարդացեք նաև
Ինքս համաձայն եմ Թումանյանի հետ և ամենացավալին այն է, որ ավելի քան 100 տարի անց ոչինչ չի փոխվել։ Այժմ չեմ անդրադառնա Թումանյանի հոդվածի շարունակությանը, այլ հետևյալին՝ ցանկացած, հատկապես ծանր հիվանդությունների դեպքերում նշմարվում են նաև արտաքուստ, հիվանդի մարմնի տարբեր մասերում՝ բշտիկների, կարմրածության, գունատության և այլ տիպի ախտանիշներ։
Չե՞ք կարծում, որ մեր օտար՝ թուրքական ազգանուններն ու հիմնականում եվրոպահունչ չտեսական անձնանուններն ու ազգանունները հենց Թումանյանի նկարագրած հիվանդությունների արտաքին, երևացող ախտանիշներն են՝ հարմարվել, հպատակվել, օտարին դուր գալ, գլուխ պահել, քարշ գալ։ Ի՞նչ արժանապատվություն, ի՞նչ Արցախ, ի՞նչ Սյունիք, ի՞նչ հայրենիք։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ