Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծրուն Հովհաննիսյանը, Հայաստանի ժողովրդավարության անկումն ու ինքնաքննադատության բացակայությունը. «Դժվար է միգուցե ընդունելը, որ դա հաջող քարոզ չէր»

Փետրվար 07,2021 16:20

«Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» (Economist Intelligence Unit – EIU) հետազոտական և խորհրդատվական ընկերության ժողովրդավարության համաթիվը գնահատում է ժողովրդավարության մակարդակը 165 անկախ պետություններում եւ երկու տարածքներում:

Ըստ հրապարակված «Ժողովրդավարության համաթիվ 2020» նոր զեկույցի, 167 երկրների շարքում Հայաստանը ժողովրդավարության առումով անկում է ապրել ու 86-րդ տեղից հայտնվել է 89-րդ տեղում: Ինչպես զեկույցում նշվում է, 2020-ին Հայաստանի դիրքերի նվազումը պայմանավորված է ղարաբաղյան պատերազմի ընթացքում ՀՀ կառավարության սահմանած ռազմական դրությամբ, որը պահպանվել է անգամ հրադադարից հետո ու օգտագործվել է՝ որպես հակաիշխանական ցույցերը ցրելու եւ ընդդիմության առաջնորդներին բերման ենթարկելու առիթ:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. «Ես կարծում եմ, որ այդտեղ ավելի շատ նշանակություն է ունեցել այն ապատեղեկատվութունը կամ իրականության քողարկումը, որին ականատես եղանք պատերազմի ժամանակ: Մեծ հաշվով միշտ էլ պատերազմող երկրներում ամբողջ ճշմարտությունը, մանավանդ մարտական գործողությունների ընթացքում, չի ասվում, դա հասկանալի է: Այնուամենայնիվ, պետք է այնպես մատուցվեր ինֆորմացիան, դրա հմտությունը, ցավոք, մենք չնկատեցինք, որ հանրությունը պատկերացում ունենար իրականում, թե ինչ հաջողություններ եւ ինչ անհաջողություներ կան ռազմաճակատում: Մենք նույնիսկ սովետական տոտալիտար երկրում կարող ենք հիշել, թե ինչպես էին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղեկացնում, թե այս քաղաքը թողեցինք, այն մի քաղաքը վերցրեցինք եւ այլն: Մենք այնքան պատկերացում չունեցանք, որ ի վերջո մեր պարտությունը այդպիսի անակնկալ ու վրդովմունք չառաջացներ»:

Մեր դիտարկմանը, որ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ փորձագետներն ասում են՝ քարոզչությունը ճիշտ մասնաբաժիններով է իրականացվել, ասաց՝ ուշադիր չեք եղել բառերին, ես չեմ ասել՝ «հաղթում ենք», ասել եմ՝ «հաղթելու ենք»՝ սա պազ մանիպուլյացիա՞ է, Աշոտ Մելիքյանը պատասխանեց. «Դժվար է միգուցե ինքնաքննադատորեն ընդունելը, որ դա հաջող քարոզ չէր ու հաջող ինֆորմացիոն մոտեցում չէր: Երբ որ մարդն ինքն է իրականացրել այդ ամենը, շատ հազվադեպ եմ տեսել, որ ինքնաքննադատորեն մոտենան դրան: Կողքից ավելի լավ է երեւում, թե ինչպես է ինքը աշխատել: Մեծ հաշվով ես իրեն չեմ մեղադրում, որովհետեւ ինքը ՊՆ ներկայացուցիչ էր ու հաղորդում էր այն, ինչ իրեն ՊՆ-ն տրամադրում էր կամ թույլ էր տալիս հասարակությանը հաղորդել: Անձամբ իր մեղավորությունը մինիմալ է ու չարժե բոլոր սլաքներն ուղղել նրա կողմ: Բայց որ այդ ժամանակ բավականաչափ հմտություն ու գիտելիքներ չկային այդ պրոպագանդան կազմակերպելու համար, դա ակնհայտ էր: Հենց այդ տեղեկացված չլինելը ցուցանիշ էր, թե որքանով այդ ժամանակ նվազել էր խոսքի ազատությունը: Պատերազմական իրավիճակում նույնիսկ չի կարելի լիարժեք խոսքի ազատության մասին խոսել, դա հասկանալի է, բայց այնուամենայնիվ, ինչ-որ շեմ կա, որից ցածր չի կարելի իջեցնել այդ իրավունքը: Միջազգային կառուցները դա հավանաբար նկատել են ու նաեւ հաշվի են առել կառավարութան մարտի 16-ի որոշմամբ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728