Արթուր Հովհաննիսյանի եւ իմքայլական եւս 4 պատգամավորի համահեղինակությամբ շրջանառության մեջ դրված նախագծից հետո, որով ԶԼՆ-ներին ուզում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարել, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է մշակել նախագիծ՝ ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիակայնան օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ․ «համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» քրեականացնել:
Ինչպես ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է Ալեն Սիմոնյանը, այս փոփոխությամբ կքրեականացվեն «Ֆեյքերի ֆաբրիկաները» եւ «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը»:
Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Անի Սամսոնյանն այս առնչությամբ ասաց. «Աշխարհում չկա որոշակիություն, թե ինչպես կարելի է ֆեյք օգտատերերի դեմ պայքարել, որովհետեւ մարդն ունի նաեւ անանունության իրավունք, այսինքն, ֆեյք օգտահաշիվները ինչ-որ տեղ նաեւ պաշտպանված են: Բայց առհասարակ ինչ վերաբերվում է այս իշխանությանը, դու չես կարող պայքարել մի բանի դեմ, որը դու խրախուսում ես, դա վարքագիծ է, հետեւաբար ես արձանագրում եմ, որ դա մարդկանց աչքին թոզ փչելու համար է: Լավ կլինի իշխանությունը առաջին հերթին պայքարի այն ֆեյք օգտատերերի դեմ, ովքեր զբաղվում են իշխանության քարոզչությամբ ու ոչ թե զբաղվում են սիրողական, այլ՝ բավականին համակարգված: Նախեւառաջ թող պայքարեն դրա դեմ, եթե ուզում են դաշտը մաքրել, այսինքն, սեփական օրինակով ցույց տան, որ դա անընդունելի է ու չպիտի լինի, հետո նոր իրավական նախագծերով դրա դեմ պայքարեն: Սա իշխանության կողմից ընդամենը արվում է նրա համար, որ ցույց տան, թե տեսեք, մենք պայքարում ենք դրա դեմ, մենք չունենք ֆեյքեր, ֆեյք ֆաբրիկա ու դա դատապարտում ենք: Դա անազնիվ է նրանց կողմից ու անիմաստ ժամանակ են կորցնում»:
Հարցին՝ սա կարո՞ղ է մահակ դառնալ՝ ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց պատասխանատվության ենթրակելու համար՝ Անի Սամսոնյանը պատասխանեց, որ նախագծի մանրամասներին ու բովանդակությանը դեռ ծանոթ չէ ու դժվար է ասել, թե ինչի են ուզում հասնել դրանով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ