Իմքայլական պատգամավորները մեկը մյուսին հերթ չեն տալիս խոսքի ազատության սահմանափակման, ԶԼՄ գործունեությանն առնչվող օրենսդրական նախաձեռնություններ մշակելու հարցում:
Արթուր Հովհաննիսյանի եւ իմքայլական եւս 4 պատգամավորի համահեղինակությամբ շրջանառության մեջ դրված նախագծից հետո, որով ԶԼՄ-ներին ուզում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարել, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է մշակել նախագիծ՝ ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ․ «Համացանցում դիտավորությամբ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկատվություն հրապարակելը, որը կատարվել է կեղծանուն աղբյուրի միջոցով» քրեականացնել:
Ինչպես ֆեյսբուքյան գրառման մեջ տեղեկացնում է Ալեն Սիմոնյանը, այս փոփոխությամբ կքրեականացվեն «ֆեյքերի ֆաբրիկաները» եւ «Ֆեյքերի միջոցով բուռն գործունեությունը»:
Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց. «Ֆեյքերի դեմ պայքար փորձեցին մղել նաեւ ՀՀԿ-ի իշխանության օրոք եւ հասկացան, որ անիմաստ է, համենայնդեպս գործը չհասավ մինչեւ լիագումար նիստ ու այդպես էլ դա մնաց գզրոցներում: Իսկ հիմա մենք կրկին ասում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման պարագայում շատ հեշտ է շրջանցել անանուն ինֆորմացիայից օգտվելու պարագայում էլ: Լավագույն դեպքում կարելի է այնպես անել, որ ԶԼՄ-ն պատասխանատվությունը վերցնի իր վրա: Դա ոչ թե պետք է քրեականացվի, խոսքի համար առհասարակ չի կարելի այդպես մոտենալ: Խոսքին պատասխանում են խոսքով, հերքումով եւ այլն, չի կարելի քրեական պատասխանատվություն կիրառելով՝ լռեցնել մարդուն՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ուղղվածություն ունի իր խոսքը: Ինչ վերաբերում է ապատեղեկատվությանը, մանիպուլյացիաներին եւ այլն, ես համարում եմ, որ դրա դեմը կարելի է առնել բացառապես ճշգրտված ինֆորմացիայի առավել լայն տարածմամբ: Պաշտոնական տեղեկատվություն կարող են պատրաստել ու հերքել ապատեղեկատվությունը: Փոխանակ ավելի ակտիվ աշխատեն եւ փորձեն լսարանին ավելի մեծ ինֆորմացիոն հոսք հասցնեն, իրենք որոշել են սահմանափակել օրենսդրորեն: Ու ես չեմ պատկերացնում, թե որքանով դատարանները, իրավապահ մարմինները կկարողանան սպասարկել: Կարելի է կանխատեսել, որ մեծանալու են դատական հայցերի քանակը, ծանրաբեռնվելու են դատարանները, մինչդեռ այս ամենը դրան չարժի: Իշխանությունը, եթե տեսնում է ազգային անվտանգությանը սպառնացող, հիմքերը խարխլող ինֆորմացիա, թող հերքի դա»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Արթուր Հովհաննիսյանի եւ իր գործընկերների նախագծին, Աշոտ Մելիքյանն ասաց. «Ես խիստ բացասական կարծիք ունեմ այդ օրինագծի մասին: Մինչ շրջանառության մեջ դնելը իրենք իմ եւ Բորիս Նավասարդյանի հետ խոսել են այդ մասին: Մենք ասացինք, որ այդ կերպ ուղղակի անընդունելի է եւ խոսքի ազատության անհիմն սահմանափակում է: Ասացինք՝ իրավիճակը մենք ձեզանից լավ ենք պատկերացնում, որ շատ տագնապալի է, բայց դուք մի բանի դեմ պաքարելով՝ ավելի մեծ վնաս եք հասցնում խոսքի ազատությանն ու ԶԼՄ գործունեությանը: Պատասխանեցին, որ այդպես է՝ մենք կքննարկենք խմբակցությունում, բայց մյուս օրը տեսանք, որ արդեն դրել են շրջանառության մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ». Ի դեպ, պատասխանելով «Մեդիալաբի» հարցին, թե «Բացառո՞ւմ եք, որ սա կյանքի չի կոչվի՝ հաշվի առնելով նաև, որ մեդիափորձագետները դեմ են արտահայտվում այս նախագծին»՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասել է. «Իսկ ովքե՞ր են այդ մեդիափորձագետները, այս հարցը շատ կարևոր է: Ես չեմ բացառում, որ նրանց մեջ կան պարկեշտ, բանիմաց և իրենց գործի մասնագետ մարդիկ, բայց այդ ձեր նշած մեդիափորձագետների մեծ մասը վարձու աշխատակիցներ են, վարձկաններ են: Նորից եմ ասում՝ նրանց մեջ կան մարդիկ, որոնց խոսքը ես մեծ հաճույքով կհարգեմ, հարգում եմ, նրանց անձնապես հարգանքով եմ վերաբերվում, բայց, ցավոք սրտի, այսօրվա մեդիադաշտի և «մեդիափորձագետների» մեծ մասը վարձկաններ են: Այնպես որ, թող չփորձեն իրենց կարծիքը պարտադրել հանրությանը: Ես տասնյակ հազարավոր մարդկանց կողմից լիազորվել եմ ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու և քանի դեռ այս շենքում եմ, այդ իրավունքն իրականացնելու եմ: Եթե առաջարկներ կլինեն, խնդրեմ՝ թող գրավոր ներկայացնեն, անհրաժեշտության դեպքում նրանց հետ կքննարկեմ»: