Հայաստանի և Արցախի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում հասկանալիորեն բերեց վերլուծությունների, հակասությունների, մեղավորների փնտրտուքի, ապատեղեկատվության հեղեղի եւ փոխադարձ մեղադրանքների անվերջանալի շղթայի:
Ազգը շոկի մեջ է, քանի որ պատերազմի մեծ մասի ընթացքում նրան մոլորեցրել էին, թե հաղթանակը մոտ է: Թեև պատերազմի մանրամասների մասին քիչ բան է հայտնի, թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ լրատվամիջոցներում կարծես թե, բացատրությունների ու եզրակացությունների պակաս չկա ոչ մի կողմից:
Բայց ամենավտանգավոր երևույթը, թերևս, որ կրկին գլուխ է բարձրացրել, հին մտածողությունն է, որը քաջ հայտնի է իր ջատագովներով՝ ի դեմս նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ժամանակին նրա խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի: Հակիրճ՝ այն պաշտպանում է տեսակետը, թե Հայաստանը պետք է իրատեսորեն դիտարկի իր ուժեղ և թույլ կողմերը՝ հակառակորդների հետ հարաբերակցության տեսանկյունից, չշփոթի ցանկալին ռազմավարության հետ, հրաժարվի հավակնություններից, որոնք ակնհայտորեն իր կարողություններից վեր են, ընդունի հարևանների հետ խաղաղությունը և համակեցությունը, սակարկի եւ զիջի տարածքներ ի շահ տնտեսական և ֆիզիկական անվտանգության, խուսափի Թուրքիայի կամ Ադրբեջանի դեմ ուղղված չնչին սադրանքից՝ ռազմական, թե դիվանագիտական (ինչպես օրինակ՝ Սևրի պայմանագրի մասին հիշատակումը), և հույս ունենա, որ այդպես նրանց հանդարտեցնելով՝ Հայաստանը կապրի խաղաղ և կբարգավաճի:
Ըստ այս մտածողության՝ հայերը տառապում են երազանքների վրա հիմնված քաղաքական մշակույթից, և մենք թույլ ենք տալիս, որպեսզի պատրանքներն առաջնորդեն մեր դատողությունը: Անկարայում գործող թուրքական «Ավիմ» վերլուծական կենտրոնը վերջերս մի մեկնաբանություն հրապարակեց, որտեղ ներկայացնում էր Լիպարիտյանի տեսակետները՝ դրանք անվանելով սթափության կոչ ու գովաբանելով վերջինիս պացիֆիզմը, հեռատեսությունը և կանխատեսումների ճշգրտությունը: Անկասկած, այսպիսի մտածողությունը շոյում է Թուրքիայի ականջները, և ոչ իզուր:
Կարդացեք նաև
Տեր-պետրոսյանական/ լիպարիտյանական մտածողությունը հատկապես վտանգավոր է այսօր այն առումով, որ այն վերածնվել է վրեժխնդրությամբ և «մենք դա միշտ էլ ասում էինք ձեզ» լրացման ուղեկցությամբ, որը, հաշվի առնելով պատերազմի ահռելի կորուստները, սկսել է արձագանք գտնել արդեն բարոյալքված, հիասթափված և շփոթված հասարակության շրջանում: Ի վերջո, մենք նոր ենք պարտվել մի պատերազմում, որ նրանք ասում էին՝ երբեք չէինք կարող հաղթել, որն էլ չկասկածող եւ միամիտ շատ դիտորդների համար ապացուցում է ոչ միայն նրանց ճշմարտացիությունը, այլև այն, որ նրանց դատողությունը նույնպես ճիշտ էր: Սա վտանգավոր է, քանի որ ոչինչ չէր կարող ավելի հեռու լինել ճշմարտությունից:
Թույլ տվեք սկսել իրատեսության հայեցակարգից: Ճիշտ գնահատել տվյալ իրավիճակը, այնպես, ինչպես կա իրականում՝ առանց զգացմունքների եւ նախապաշարմունքների, փաստերն ընդունել այնպես, ինչպես որ կան, նշանակում է լինել իրատեսական: Բայց ենթադրել, թե այսօրվա իրողությունները կլինեն նաև վաղը, որ մենք ուժ չունենք ձևավորելու կամ փոխելու դրանք, որ արտաքին հանգամանքները կամ չեն փոխվում, կամ փոխվելու դեպքում հնարավորություններ չեն ստեղծում փոխելու սեփական հանգամանքները, իրատեսական չէ: Դա հիմնված է աշխարհի մասին կարծրացած տեսակետի վրա: «Կարծրացած մտածողությունը» միայն ընդունելը չէ, այլև պահի իրողություններին տրվելը: Կարճ ասած, դա պարտվողական է: Այն չունի տեսլական և հավակնություն իրատեսորեն կերտելու այլ ապագա, քան ներկան է: Այս մտածողությամբ ոչ մի քաղաքական ղեկավարություն չի կարող ծառայել իր ազգին, քանզի ապագայի վերաբերյալ իրատեսական տեսլական ունենալն ու դրան հետևելու վճռականությունն են արդյունավետ քաղաքական ղեկավարության նախադրյալները:
Այո, մենք պարտվեցինք պատերազմում, բայց ոչ այն պատճառներով, որոնք ներկայացնում է այդ մտածողությունը: Մենք պարտվեցինք պատերազմում, որովհետև հաղթանակից և 1994-ին զինադադարի վերաբերյալ Բիշքեկի արձանագրությունից անմիջապես հետո մենք չհամախմբեցինք մեր ձեռքբերումները միջազգային իրավական միջոցներով և ինտենսիվ, կանխամտածված և նպատակաուղղված դիվանագիտությամբ, որպեսզի ապահովեինք Արցախի կարգավիճակը և փոխեինք գերակայող միջազգային ընկալումը, թե Արցախն Ադրբեջանի տարածքի անբաժանելի մասն է:
Որովհետև մենք չափազանց երկար հարբած մնացինք մեր հաղթանակով և չկարողացանք արդիականացնել մեր բանակը: Որովհետև վերջին 26 տարին մենք անցկացրինք ինքնագոհության և կոռուպցիայի մեջ: Որովհետև մենք չունեինք տնտեսական զարգացման, ռազմական պաշտպանության, բարեկեցիկ Հայաստանի և Արցախի վերաբերյալ հստակ և հասանելի տեսլական, ոչ էլ այդպիսի տեսլականի իրագործման համար բավականաչափ նվիրվածություն մեր պետականությանը: Որովհետև Հայաստանի քաղաքական և ռազմական վերնախավը երջանիկ ապրում էր այն հնացած ենթադրությամբ, թե Հայաստանը միշտ կարող էր ապավինել իր անվտանգության արտաքին երաշխավորին՝ անտեսելով, թե ինչպես էր աշխարհը, տարածաշրջանը և այդ ենթադրյալ երաշխավորի շուրջ զարգացող հանգամանքները փոխվում:
Որովհետև մենք ներդրումներ չարեցինք մեր կարողությունների զարգացման և երկրի ամրապնդման մեջ, իսկ մեր քաղաքական վերնախավն անկախության ողջ ընթացքում, եղած ստատուս-քվոն ընդունելով այնպես, կարծես այլ տարբերակ չէր կարող լինել, ավելի շատ հետաքրքրված էր իր իսկ հարստացմամբ, քան պետություն կառուցելով և Հայաստանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքները բնակեցնելով:
Այս մտածողության պաշտպաններն ամեն ինչում չէ, որ իրատես էին: Նրանց համոզմունքը, որ եթե Հայաստանը գոհացներ Թուրքիային և Ադրբեջանին, կապրեր խաղաղ, ներդաշնակ և կունենար փոխշահավետ բարիդրացիական հարաբերություններ այդ երկու երկրների հետ, մոլորություն էր և շարունակում է լինել: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի ապագա տարածքային հավակնություններն ավելին են, քան վերջին պատերազմում ձեռք բերվածը: Թուրքիան, մեծ մասամբ այն պատճառով, որ դեռ պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը և հաշտվի այդ իրողության հետ, դեռևս բացահայտորեն դրսևորում է ցեղասպանական մտադրություններ՝ միջազգային հանրության կողմից չարժանանալով պատժի կամ հանդիմանության: Մեր հարևանների իրական մտադրությունները գնահատելիս նույնքան կարևոր է իրատես լինել, որքան նրանց հնարավորությունները գնահատելիս:
Սխալ և ամենավտանգավոր դասը, որ կարող ենք քաղել պատերազմից, այն է, որ այն երբեք հնարավոր չէր հաղթել, հետևաբար այն երբեք հնարավոր չի լինի հաղթել ապագայում, ուստի Հայաստանը պետք է պարզապես ընդունի իր ճակատագիրը, պահանջի դեպքում գնա հետագա զիջումների, հարմարվի նոր իրողություններին և ընդունի դրանք ոչ միայն որպես այսօրվա իրողություններ, այլև՝ որպես ապագա սերունդների ճակատագիր:
Ճիշտ դասը, որ պետք է քաղել, հակառակն է. պատերազմը հնարավոր էր հաղթել, եթե վերջին 26 տարում մենք պատրաստվեինք դրան: Որքան էլ տարօրինակ հնչի, պատերազմից նույնիսկ հնարավոր կլիներ խուսափել, եթե մենք իսկապես պատրաստ լինեինք դրան, որովհետև եթե մենք իսկապես պատրաստ լինեինք, մենք հաղթած կլինեինք պատերազմը նույնիսկ մինչև դրա սկսելը:
Քաղաքական ցանկացած ղեկավարություն Հայաստանում պետք է ունենա ռեալ, սթափ և առանց էմոցիաների գնահատական երկրի ներկա դրության վերաբերյալ: Բայց դա նաև քաղաքական ղեկավարության պատասխանատվությունն է այդ իրատեսությունը տարածել երկրի ամենահավակնոտ ներուժի գնահատման վրա, դրսևորել կամք, վճռականություն և անձնուրաց նվիրում՝ ցանկացած գնով իրացնել այդ ներուժը: Իրատեսությունը չի բացառում երևակայությունը, հնարամտությունը, ապագայի մասին պատկերացումը, համարձակությունը, հավակնությունը և քաջությունը: Ընդհակառակը, այս հատկանիշներն իսկական իրատեսի անբաժանելի մասն են:
«Իրատես լինելու համար պետք է հավատալ հրաշքների»,- ասել է Իսրայելի առաջին վարչապետ Դավիթ բեն Գուրիոնը: 73 տարի առաջ նրա հիմնադրած պետության գոյատևման հնարավորություններն ավելի լավը չէին, քան Արցախինը, իսկ այն հաղթահարեց ու այսօր ծաղկում է:
Վահան ԶԱՆՈՅԵԱՆ
Հոդվածը թարգմանված է անգլերենից՝ հրատարակված The Armenian Weekly-ի փետր. 2-ի կայքեջին վրա։
Հեղինակի մասին
Վահան Զանոյեանը տարբեր կառավարությունների և համաշխարհային կորպորացիաների համար խորհրդատվություն է մատուցել գլոբալ ռազմավարության և էներգետիկայի հարցերով։