«Թիմ» ՍՊԸ համահիմնադիր, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանի հայտարարությունը
Հարգելի համերկրացիներ, գործընկերներ, մարդիկ, ովքեր հարում կամ չեն հարում որևէ քաղաքական ուժի, լրատվամիջոցներ, որոնք պայքարում են հանուն կամ ընդդեմ, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներ ու ղեկավարներ:
Դիմում եմ ձեզ բոլորիդ, քանի որ տեսնում եմ, որ միմյանց նկատմամբ անարգանքը և սուտը, ատելությունը և անհանդուժողականությունը հասել է իր ողբերգական գագաթնակետին, երբ այս կամ այն գործիչը իրեն հռչակում է հնարավոր անարդարության վերականգնող և անհիմն հարձակում է գործում բիզնես կառույցի վրա, իսկ բիզնեսը հայրենիքի, հասարակության, պետության և առհասարակ բոլորի բարօրության կարևոր երաշխիքներից է լինելու բոլոր ժամանակներում:
Մասնավորապես պետք է նշեմ վերջին օրերի հրապարակումները, որոնք, թիրախավորելով իմ և եղբորս կողմից ստեղծված ԹԻՄ ընկերությունը, իրենց ահնհեթեթությունների և հորինված կոնսպիրատիվ տեսություններով արդեն որերորդ ամիսն է, փորձում են մեզ ներկայացնել մեկ մի ճամբարից, մեկ մյուս: Պատմությունը սկսվեց այն բանից, երբ առևտրային բանկերին դիմելու ժամանակ մի շարք լրատվամիջոցներ որոշեցին կապել մեր կազմակերպության անունը տարբեր բանկերի հետևում կանգնած ուժերի հետ, ապա սկսվեց մի երկար ապատեղեկատվական արշավ, թե իբր կառավարությունից զբաղվում են Վեոն Արմենիան ձեռքբերման աջակցությամբ, և ամեն անգամ հրապարակելով իմ նկարը` հորինվածքներ սկսվեցին շարադրվել տարբեր թերթերում:
Կարդացեք նաև
Մինչ այժմ արտահայտած որևէ պնդում անհատի կամ լրատվամիջոցի կողմից չի հաստատվել, և դրանք մնացել են հեքիաթի ժանրում օդում կախված, իսկ մենք որևէ հերքում կամ ներողության խոսք չենք ստացել որևէ անհատի կամ կազմակերպության կողմից: Հայտարարում եմ, որ «Թիմ» ՍՊԸ միակ վերջնական սեփականատերերը ես և եղբայրս ենք` Ալեքսանդր և Հայկ Եսայաններս, և Վեոն Արմենիա ՓԲԸ ձեռքբերման գործընթացում որևէ պետական երաշխիքներ չեն ստացվել:
«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը այժմ գտնվում է վերակազմավորման, ինտեգրացիայի և ներդրումային խոշոր միջազգային ծրագրերի կարևորագույն փուլում: Նման հրապարակումները կործանարար ազդեցություն են ունենում կազմակերպության միջազգային հեղինակության վրա, ձախողում ներդրումային գումարների ներգրավումը դեպի Հայաստան:
Կրկնում եմ, հարգելիներս, զերծ մնացեք ստից և կեզծիքից, չստուգված, ապացույց չունեցող հրապարակային գրառումներից. դրանով վնասում եք հենց ձեզ և բոլորիս, վնասում եք մեր հայրենիքին:
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ օրենքի սահմաններում դիմելու է դատարան և ընկերության անունը վարկաբեկող հորինված հրապարակումների հեղինակներին պատասխանատվության է կանչելու, որպեսզի հրապարակայնորեն դատապարտվեն նման նյութեր ստեղծողներն ու հարապարակողները:
Ալեքսանդր ԵՍԱՅԱՆ