Մենք՝ ուսանողներս, բազմիցս փաստել ենք, որ հանդիսանալով կրթության հիմնական շահառուն` մեծ մտահոգություն ենք հայտնում օրենքի նոր նախագծի վերաբերյալ։ Նախագիծ, որը Կառավարության նիստում ընդգրկվել էր չզեկուցվող հարցերի շարքում և միանգամից ուղարկվել ԱԺ հաստատման։
Այս դեպքից հետո պետական ութ բուհերի ուսանողական կառույցներով նամակ ենք հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որպեսզի ունենանք կառուցողական հանդիպում, մտքերով փոխանակվենք ու գանք այն եզրահանգմանը, որը նպաստում է մեր երկրի կրթության զարգացմանը։
Ի դեպ, նամակը թվով երկրորդն էր, նախորդը ուղարկվել էր նույն քննարկման կազմակերպման խնդրանքով մի քանի ամիս առաջ։ Մեր նամակները դեռևս մնացել են անպատասխան։ Բայց այսօր արդեն պարզ է դառնում, որ ՀՀ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը «ամենակոմպետենտ և ամենամտահոգված» կազմով կայացած նիստում քննարկվել և դրական եզրակացություն է տրվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և 22 այլ հարակից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթին։
Նշենք խնդրահարույց բազմաթիվ կետերից մի քանիսը։ Զարմանալի մի կետով, ՀՀ կրթության լիազոր մարմինը ուսանողական անկախ ինքնակառավարման մարմինների կանոնադրության հաստատման իր առաքելությունը իր վրայից հանելով փոխանցում է համալսարանների Գիտական խորհուրդներին, ինչը վտանգ է համալսարանում ուսանողական ինքնակառավարմանը։
Կարդացեք նաև
Մեկ այլ կետով համալսարանի բարձրագույն կառավարման մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի կազմը կրճատվում է, իսկ խորհրդում անդամների համամասնությունը փոխվում, ինչի արդյունքում Կառավարությանը, կարծում եմ, ավելի հեշտ կլինի սեփական կամքը թելադրել 9, այլ ոչ 32 հոգու, այն էլ եթե այդ 9-ից 5-ը առաջադրվում են հենց Կառավարության կողմից։ Խիստ քննադատելի և դատապարտելի ենք համարում այսպիսի վերաբերմունքը և կոչ ենք անում խմբակցություններին շատ ուշադրությամբ հաշվի առնել բոլոր այն կետերը, որոնք թեկուզ մի փոքր ուղղված են ուսանողների իրավունքների ոտնահարմանը։
Պարոն Միրզոյան, ինչո՞ւ 2018-ին ուսանողը, ով Ձեր հետ միասին մասնակցում էր քաղաքական պայքարին և այդ ժամանակ Ձեր կողմից այդքան գնահատված էր, հիմա տարիների և քաղաքական դիրքի հեռավորությունից իրեն անտեսված է զգում։ Եվ մի՞թե այդքան ծանր է Ձեր գրաֆիկը, որ դուք 30 րոպե չունեք օրինագծի շահառուներին բացատրելու, թե ինչո՞ւ է Ձեր դիրքորոշմամբ օրինագիծը առաջընթաց, ոչ թե հետընթաց։
Գևորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՊՀ ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀ