«Կապան-Ճակատեն ճանապարհով անցնող վարորդներից մեկը, ըստ խոսակցությունների, երեկ՝ փետրվարի 5-ին կրակել էր ադրբեջաներենով գրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա (տեղադրված է ադրբեջանական կողմի հսկողության տակ անցած տարածքում – Ա․Դ․), որից հետո այսօր ադրբեջանցիները կտրեցին մեր գյուղացի Հարութի ճանապարհը»,-Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասում է Ճակատեն գյուղի բնակիչ Ա․Մ․-ն ( չցանկացավ անունը հրապարակել – Ա․Դ․)։
Aravot.am-ին մեր զրուցակիցը պատմեց, որ համագյուղացին ոչինչ չի արել, կոնֆլիկտ չստեղծելով՝ դիմել է ռուս խաղաղապահներին։ Նրանց միջամտությամբ հարցը լուծվել է, եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհն այժմ անխափան գործում է։ Թե ո՞վ է կրակել՝ պարզ չէ։ «Գուցե հենց իրենք են կրակել՝ սադրելով իրավիճակը, կամ ինչ-որ անծանոթ, հաստատ մեր կողմերում ապրողները նման բան չէին անի»,-ասաց Ա․Մ․-ն։
Նշենք նաեւ, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ միջադեպից հետո ադրբեջանցիները փորձել են դիրքային փոփոխություն անել, սակայն ռուսները թույլ չեն տվել։
Կարդացեք նաև
Ի դեպ, հիշեցնենք, որ ադրբեջանցիները օրեր առաջ քայլում էին սահմանազատման արդյունքում իրենց հսկողության անցած ճանապարհով, ու երբ մեր անցորդներից մեկը հարցրեց՝ ի՞նչ եք անում այստեղ, պատասխանել էին՝ իրենց տարածքն է, կուզեն կքայլեն, կուզեն՝ կպառկեն։
Միջադեպի մանրամասները հասել էին ռուսներին, որոնք էլ ադրբեջանցիներին նախազգուշացրին՝ «խելոք մնալ ու չխախտել կանոնակարգը»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ