Արցախյան երկրորդ պատերազմում զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են, որպեսզի սպաները, որոնք մասնակցել են մարտական գործողություններին, ևս մասնակցեն որոնողական աշխատանքներին:
ՀՀ ՊՆ-ի դիմաց բողոքի ցույցի ընթացքում նրանք պահանջեցին ՀՀ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպում: Ցույցի մասնակիցներից Էմիլ Սարգսյանն ասաց՝ իր քրոջ որդուց հոկտեմբերի 10-ից լուր չունեն: Իրենք են զբաղված որոնողական աշխատանքներով. պետական մարմիններն անգործության են մատնված:
Այս առիթով նա ասաց. «Բացի Արցախի ԱԻՆ-ից, որոնք առաջին օրվանց մինչև հիմա օգնում են, այստեղ գտնվող սպայակազմը հրաժարվում է մտնել արդեն հիմա թշնամու տարածքները, որտեղ եղել են թեժ մարտեր. երեխեքը կորել են, ու իրենք անտեղյակ են եղել երեխեքից այդ բարձրաստիճան սպաները: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչի մասին է խոսքը. այսօր մենք դիեր ենք ման գալիս, մենք ողջ երեխա չենք ուզում արդեն, էլ չեմ ասում գերեվարվածների մասին: Ոչ մեկ բացարձակ հետաքրքրված չէ, չեն ուզում իմանալ՝ գերեվարվածները որտեղ են, որ հետ բերեն նրանց իրենց օջախներ»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպե՞լ են, իրենց ի՞նչ է խոստացել, նա պատասխանեց. «Բաներ կային, որոնցից տեղյակ չէր, բաներ էլ կային, որոնցից տեղյակ էր: Խոստացել է, որ մոտակա ժամանակներում կլինի հարցի լուծում: Ուզում եմ ձայնս հղել Դավիթ Տոնոյանին: Եթե լսում, տեսնում է, շատ լավ է ճանաչում ինձ: Չեմ խուսափում հիմա էլ իր հետ հանդիպելուց: Ակզբի ժամանակներում խնդրում էինք իր հետ հանդիպում, ընդունեց, շատ բարեհամբույր հայացքով նայում էր ժողովրդի աչքերին ու ասում՝ չի լինելու մեկը, որ չպատժվի իր սխալի համար: Շեշտում էր նրա համար, քանի որ գիտե՞ր, որ ինքը գնալու է, մնացածը մնալու են անպատի՞ժ: Ով մեղավոր է, պետք է պատժվի: Ինչո՞ւ պիտի ծնողը մտնի դիահերձարան ու իր երեխային ման գա»:
Զոհվածների և անհետ կորածների հարազատները վրդովված են՝ արդեն մի քանի ամիս է՝ իրենց խաբում են. տարբեր գերատեսչություններ են հրավիրում ու փորձում ժամանակ շահել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ