Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաչատուրո՛վ, գազ տուր, Խաչատուրո՛վ, հուփ տուր՝ հիշո՞ւմ եք. որևէ մեկը չասաց՝ դուք ձեր գործողություններով ՀՀ-ին տանում եք դեպի պատերազմ». Գուրգեն Արսենյան

Փետրվար 06,2021 18:58

«Ձախողված պատերազմն ավարտվելուց հետո որպես կանոն հասարակության առաջնորդները ստանձնում են վերլուծելու, պարզելու պատերազմի առաջացման պատճառները, վերացնելու դրա հետևանքով առաջացած խնդիրները»,- «Դեբատ» բանավեճի ակումբում հայտարարեց ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:

Մինչդեռ ըստ նրա՝ նման բանի ականատես չենք լինում: Խոսելով հուլիսին տեղի ունեցած տավուշյան դեպքերի մասին՝ նա ասաց՝ չի հիշում ՀՀ քաղաքական դաշտից որևէ մեկին, որ այդ օրերին ելույթ ունենար ու ասեր՝ ուշքի եկեք, դուք ձեր գործողություններով ՀՀ-ին տանում եք դեպի պատերազմ, առիթ տալիս, իրականացնում գործողություններ, որոնց արդյունքում Ադրբեջանին հնարավորություն եք ընձեռում պաշտոնապես հարված հասցնել ՀՀ-ին ու մյուս կողմից նշեց. «Սակայն հիշում եմ ֆեյսբուքյան աղմուկ- աղաղակը՝ տեսա՞ք ով է հող վերցնող տղան, ով է ուզում հող տալ, ով է հող վերցնում, «Խաչատուրով, գազ տուր, Խաչատուրով, հուփ տուր», այդ կարգախոսները հիշո՞ւմ եք: Որևէ մեկը չասաց՝ ի՞նչ եք անում, տղանե՛ր, ի՞նչ է պատահել, որևէ մեկի մտքով չանցավ, որ բարձրաձայնի հետևյալը: 2020-ը մեր երկրի, մարդկության կյանքում առանձնացավ նրանով, որ սկսվեց համաճարակով: Ուստի գնալ այդ աղետի հնարավոր իրականացմանը, չէր խոսում մեր հասարակության ողջամտության մասին»:

Գուրգեն Արսենյանը մինչև այսօր զարմացած է, թե ինչպես Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարությունը համարձակվեց այդ պայմաններում սկսել ռազմական գործողությունները. «Չեմ կարողանում հասկանալ՝ ի՞նչ մակարդակի վերլուծաբաններ ունեն, որոնք կարողացան հաշվարկել ու ներկայացնել այդ պլանը, որ եթե սկսեք, նման արդյունքի կհասնեք: Դա կարող էր տեղի ունենալ միայն մեկ դեպքում, երբ աշխարհի ուժային կենտրոններից ստացվել էր կանաչ ճանապարհ: Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը, Վաշինգտոնի ամոթխած լռությունը, երբ Պոմպեոն ընդամենը ասաց՝ հուսով ենք՝ հայերը կդիմանան այդ ռազմական ճնշմանը: Մատը մատին չխփեցին, որ դադարեցնեն այդ ռազմական ագրեսիան Արցախում: Արդյունքում եկա այն համոզման, որ մեր ռազմավարական դաշնակիցներն էլ իրենց սեփական՝ հեռու գնացող նպատակներն ունեին»:

Այս իրավիճակը գնահատելով՝ Գուրգեն Արսենյանն ասաց. «Ավարտվել է պատերազմի տաք փուլը, ներսում շարունակվում է սառը փուլը՝ հիբրիդային գործիքներով: Հիմա առաջնային խնդիրը մեր երկրի հասարակության կայունության ապահովումն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728