ՍԴ նախագահ Արման Դիլանյանի ուղերձը Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձի կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,
Այսօր լրանում է Սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձը: 1996 թվականի հենց այս օրերին կազմավորվեց և իր առաքելությունն ստանձնեց Սահմանադրական դատարանի առաջին դատական կազմը: Այդ օրերին ոչ միայն կյանքի կոչվեց 1995թ. հուլիսի 5-ի Սահմանադրությամբ նախատեսված սահմանադրական նոր մարմնի գործունեությունը, այլև Հայաստանի Հանրապետությունում դրվեց սահմանադրական արդարադատության հիմքը:
Այսօր առավել քան երբևէ առաջնային է մեր պետության ժողովրդավարական հաստատությունների կարողությունների և արդյունավետության շարունակական զարգացումը: Միաժամանակ, Սահմանադրությունը ոչ միայն իրավունքներ և պարտականություններ սահմանող իրավաքաղաքական մայր փաստաթուղթ է, այլև յուրաքանչյուր ժողովրդավարական պետությունում արժեբանություն, արժեհամակարգ և սահմանադրական մշակույթ ձևավորող կարևորագույն գործոն: Այս համատեքստում Սահմանադրական դատարանի ուղենիշն է ոչ միայն մայր օրենքի՝ Սահմանադրության գերակայության ապահովումը, այլև ժողովրդավարական պետությանը արժանավայել սահմանադրական մշակույթի և իրավահարաբերությունների երաշխավորումը: Օրեցօր ավելի բարդ ու նոր փոփոխություններով ապրող աշխարհում իրավունքի գերակայության և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հասարակությունն է ամուր ու ժամանակակից պետություն ունենալու լավագույն երաշխիքը:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Օգտվելով հնարավորությունից՝ երախտիքի խոսքս եմ հղում առանձնապես նրանց, ովքեր վերջին 25 տարիների ընթացքում տարբեր կարգավիճակներում իրենց նվիրված աշխատանքով ավանդ ու ներդրում են ունեցել Սահմանադրական դատարանի կայացման գործում: Վստահ եմ, որ այս պարտավորեցնող տարեդարձի գիտակցմամբ կտոգորվենք ավելի բարձր պատասխանատվությամբ մեր անցյալի, այս օրվա և ապագայի նկատմամբ:
Կարդացեք նաև
Աստված պահապան մեր Հայրենիքին և ամենքիս։
Արման ԴԻԼԱՆՅԱՆ
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ