«Դեբատ» ակումբում հրավիրված քննարկման ընթացքում «Մոդուս Վիվենդի» ՀԿ ղեկավար Արա Պապյանն, արձագանքելով ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանի պնդումներին, ասաց. «Բնավ համամիտ չեմ այն կարծիքին, որ պատերազմն ավարտվել է: Հրադադարը պատերազմի ավարտ չէ: Մենք չունենք ո′չ դե յուրե, ո′չ դե ֆակտո ավարտ: Կարելի է ասել՝ պատերազմի ակտիվ փուլն է հիմա կասեցված»:
Խոսելով Տավուշի իրադարձությունների մասին, որոնք նախորդեցին պատերազմին՝ Արա Պապյանն ասաց. «Վարչապետը 72 հոգու տվեց մարտական խաչ և մեկ հոգու հերոսի կոչում: Վարչապետի ամենայն հովանին եղել է այսինքն: Ես ինքս այդ օրերին խոսել եմ և նշել, որ սա ռուսական ԳՇ-ի կողմից իրականացված փայլուն օպերացիա էր. մերոնք էլ՝ ՀՀ ռազմական և քաղաքական իշխանությունները, հերթական անգամ սպասարկեցին Ռուսաստանի շահերը»:
Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում մեր կրած կորուստների մասին՝ նա ասաց. «Մենք կարող էինք հինգ հազար և ավելի զոհեր չունենալ»:
Գուրգեն Արսենյանն արձագանքեց՝ ուզում եմ հասկանալ՝ Դուք զոհերի մասնագե՞տ եք: Արա Պապյանը պատասխանեց. «Ես ՍՍՀՄ գլխավոր շտաբի սպա եմ եղել, ունեմ ութ մարտական պարգև: Աֆղանական երրորդ կորպուսում եղել եմ խորհրդական, ավարտել եմ ՆԱՏՕ-ի ռազմադիվանագիտական ակադեմիան: Այո, կարող եմ ասել, որ ճիշտ ռազմական կառավարման դեպքում այսքան զոհեր չէին լինի: Դա հետևանք է արխայինության, որին Դուք եք կոչ անում, թե արխային եղեք. պատերազմ չի լինի»:
Կարդացեք նաև
Արա Պապյանն ասաց՝ ուզում է, որ մեզ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը հերթական անգամ «չքցի»: Գուրգեն Արսենյանը հակադարձեց՝ ասելով՝ իսկ Դուք գիտե՞ք զենքի մատակարարման ծավալները ՌԴ կողմից: Արա Պապյանը պատասխանեց. «Հինգ հատ ԲՈՒԿ են մատակարարել, չորսը չէր աշխատում: Գիտեմ, քանի որ ես եմ Մոսկվայից բերել տվել դրա ինստրուկցիաները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ