Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր առաջատար մարզիկներն արդյո՞ք հեռանում են Հայաստանից

Փետրվար 06,2021 17:14

Լուրեր են շրջանառվում, թե տարբեր մարզաձեւերի մեր առաջատար մարզիկներից ոմանք Հայաստանը լքել են: Մասնավորապես, տրվում են հեծանվորդ Էդգար Ստեփանյանի, հունահռոմեական ըմբիշ Մաքսիմ Մանուկյանի եւ ազատ ոճային Վալոդյա Ֆրանգուլյանի անունները:

Aravot.am-ը այսօր հավաքականների մարզիչներից ցանկացավ ճշտել, թե այդ շշուկները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը: Հեծանվային սպորտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը կտրականապես հերքեց Էդգար Ստեփանյանի մասին տեղեկությունը: «Բացարձակ ապատեղեկատվություն է: Այ, ընդամենը 20 րոպեից Էդգարը կողքիս կլինի, գալիս է մարզվելու: Այո, Էդգարը, մանավանդ, վերջին երկու տարիներին ցույց տված արդյունքներից հետո, տարբեր երկրներից լավ առաջարկներ ստացել է, սակայն նա սիրում է իր երկիրը, Հայաստանում է եւ այսօր հանդես է գալիս Հայաստանի պետական դրոշի ներքո»,-ասաց մարզիչը:

Էդգար Ստեփանյան

Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը Վալոդյա Ֆրանգուլյանի մասին ասաց. «Մեր մարզաձեւում ոչ ես, ոչ ըմբիշը չենք կարող ինքնակամ մտնել հավաքական կամ դուրս գալ: Անցկացնում ենք Հայաստանի առաջնություն եւ դրա արդյունքով կազմավորում հավաքականի թեկնածուների ցուցակը: Վալոդյա Ֆրանգուլյանը Հայաստանի վերջին առաջնությունում պարտվել է իր քաշային կարգում 2-րդ տեղն զբաղեցրած մարզիկին, իսկ չեմպիոնի կոչումը նվաճել է Վազգեն Թեւանյանը, այն ըմբիշը, որը բավականին լուրջ մրցակցության պայմաններում նվաճել է նաեւ աշխարհի գավաթը: Վալոդյային մենք, միեւնույն է, հավաքներին հրավիրել էինք, սակայն նա անցած տարեվերջին մեկնել է Միացյալ Նահանգներ: Սրանից ավելի տեղեկություն չունեմ»:

Վալոդյա Ֆրանգուլյան

Չի կարելի բացառել, որ Ֆրանգուլյանը, որ վերջին շրջանում իր քաշային կարգում առաջատարն էր, մտածել է, թե հավաքականում կարող է, այսպես կոչված, պահեստային մարզիկների շարքին դասվել ու դրա համար է մեկնել: Այնուամենայնիվ, սպասում ենք, որպեսզի ինքն անձամբ լույս սփռի այս հարցի վրա:

Ինչ վերաբերում է Մաքսիմ Մանուկյանի մասին տեղեկություն ստանալուն, մեզ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչների հետ հեռախոսակապ հաստատել չհաջողվեց:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728