Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ հարցրեք գլխավոր շտաբի պետին՝ ի՞նչ ասացին, որ Փաշինյանը վեր կացավ տենց բաներ ասաց». բանավեճ Գուրգեն Արսենյանի և Ռազմիկ Մարտիրոսյանի միջև

Փետրվար 06,2021 15:52

«Մեկ անգամ ևս ես համոզվեցի, որ պատերազմը շարունակվում է»,-«Դեբատ» բանավեճի ակումբում հրավիրված քննարկման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախկին սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ հայ հասարակությունն այսօր գտնվում է, իր բնորոշմամբ, տեղեկատվական ահաբեկչության մեջ, ինչը հանգեցնում է անհաշտության, չարության, ատելության: Նա մտահոգված է՝ մենք որպես հասարակություն երեսուն տարի չենք փորձել մասնագիտական վերլուծություն կատարել, թե որպես հասարակություն ինչ թերություններ ու ձեռքբերումներ ունենք: Նա շարունակեց. «Այս ամիսներին կարծեք որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել: Արդեն ձևավորվել է մասնագիտական կենտրոնների անհրաժեշտությունը: Կենտրոնների, որոնք քաղաքական չեն, չունեն քաղաքական պատվեր»:

Անդրադառնալով 1980-ականների վերջին՝ նա ասաց. «Դեռևս ութսունականների վերջին, երբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, մենք ունեցանք սումգայիթյան ջարդերը: Իմ դիտարկմամբ՝ հայ հասարակությունն այդ ժամանակ որևէ զարգացում չէր ապրել ցեղասպանությունից հետո: 1915-ից 1988-1990-ականները՝ մենք որպես ազգային հասարակություն դեռևս գտնվում էինք խեղճացած, դեպրեսիոն վիճակում: Ջարդերից հետո հայ ժողովուրդը ձեռք էր պարզում օտարներին, լաց լինում, որ մեզ բռնաբարում են: Այդ ժամանակ ձևավորվեց ֆիդայական շարժումը, որ միայն զենքով կարելի է պաշտպանել մեր արժանապատվությունը»:

ՄԱԿ կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը հակադարձեց. «Ես կատեգորիկ համաձայն չեմ այս տեսակետին: Կներեք, բայց ոչ թե ֆիդայական, այլ անկախության շարժում»:

Ռազմիկ Մարտիրոսյանն ասաց՝ սկսել են Ղարաբաղյան շարժումով՝ «Լենին, պարտիա» լոզունգով: Նա հավաստիացրեց՝ այդ ժամանակ դեռ անկախության խնդիր չի եղել:

Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի մասին՝ նա նշեց՝ նորից վերադարձ կատարեցինք ֆիդայականությանը և ասաց. «Այս պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը եթերով հանձնարարեց ջոկատներ ստեղծել և ջոկատներով մասնակցել պատերազմին»:

Գուրգեն Արսենյանը կրկին արձագանքեց. «ԳՇ պետին հարցրեք, թող պատասխանի: Մի հատ հարցրեք ԳՇ պետին՝ ի՞նչ ասացին, որ Փաշինյանը վեր կացավ տենց բաներ ասաց»:

Ռազմիկ Մարտիրոսյանը արձագանքեց. «Ես լսել եմ իմ գերագույն գլխավոր հրամանատարին լայվը, եթերային հանձնարարությունը»:

Նրա փաստմամբ՝ այսինքն՝ միանձնյա, ուղղաձիգ ենթակայության սկզբունքը խաթարվեց, և նորից վերադարձանք ֆիդայական վիճակին: Ըստ նրա՝ սա պատմական նահանջ էր մեր ձեռքբերումներից:

Խոսելով Շուշիի մասին՝ նա ասաց. «Շուշիի ազատագրումը դուրս բերեց մեզ ընկճախտից: Մի ողջ ժողովուրդ դուրս եկավ ավելի ազատ գործունեության շրջան: Շուշիի ազատագրումը ազգային ոգու գենետիկ պայթյուն առաջացրեց: Շուշին սովորական դժգույն քաղաք չէր: Այսօր հարված է հասցվում մեր ինքնության ոգուն: Սրանք ոչ նյութական կորուստներ են, որոնք իրենց ազդեցությունն են գործում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728