Լրահոս
Օրվա լրահոսը

Այժմյան իշխանությունների առաջարկած կրթական չափորոշիչներն ու ծրագրերը քանդում են պետականության հիմքերը․ հայտարարություն

Փետրվար 06,2021 15:07

«Ուսուցիչներ հանուն ազգային կրթության» նախաձեռնող խմբի հայտարարությունը

Սիրելի՛ ուսուցիչներ,

Մեզ վստահված է ապագա սերունդներին կրթելու, նաև դաստիարակելու մեծագույն առաքելությունը:

Այդ առաքելությանը հավատարիմ՝ ձգտել ենք անել ամեն հնարավորն ու անհնարինը:

Մեր հազարամյա երազանքն իրականություն է դարձել. վերջապես վերականգնվել է մեր կորսված պետականությունը, և միջազգային հանրության կողմից ճանաչված պետություն ենք:

Սակայն գաղտնիք չէ, որ Հայաստանը ծանր ժամանակաշրջան է ապրում. երկրում իշխանությունը հայտնվել է մարդկանց ձեռքերում, որոնք պետությունը հասցրել են կործանման եզրին: Շարունակվում են խարխլվել մեր պետականության հիմքերը, և վտանգված է ազգի գոյությունը:

Հարգելի՛ գործընկերներ, ժամանակն է ոտքի կանգնելու և միավորվելու, դրսևորելու ակտիվ քաղաքական դիրքորոշում և մեր օրինակով ոգեշնչելու աշակերտին ու ծնողին: Մեր հարմարվողականությունը կամ առաջ քաշվող գաղափարներն այն մասին, որ մեր գործն ամփոփվում է միայն դպրոցում դաս պարապելով, սին են և անհիմն, հաճախ նաև կործանարար:

Մենք՝ ուսուցիչներս, պատասխանատու ենք հայրենիքի վերականգնման և շենացման, մեր հինավուրց ազգի ճակատագրի, մատաղ սերնդի հոգևոր առողջության պահպանման և մտավոր զարգացման համար: Ինչպես նաև մեր անմիջական պարտավորությունն է հայկական քաղաքակրթական ժառանգությունը պաշտպանելու, զարգացնելու սերունդներին փոխանցելը: Չպետք է թույլ տանք ներկա իշխանություններին անխնա մսխել մեր երկրի քաղաքական, տնտեսական, մտավոր, հոգևոր և մշակութային պաշարները: Հարգելով և արժևորելով համամարդկային ձեռքբերումները՝ համոզված ենք, որ ազգային արժեհամակարգով առաջնորդվող դպրոցն է, որ կարող է ապահովել արարչագործ հայի և Հայաստանի՝ որպես պետության գոյությունն ու կենսագործունեությունը: Իսկ այժմյան իշխանությունների առաջարկած կրթական չափորոշիչներն ու ծրագրերը միայն թուլացնում և այլասերում են կրթական համակարգը և, հետևաբար, քանդում պետականության հիմքերը:

Ուստի և՝ կոչ ենք անում ՀՀ բոլոր ուսուցիչներին․

Հարգելի՛ գործընկերներ,

եկե՛ք միասին պաշտպան կանգնենք մեր հավատքին, ազգային արժեքներին, կրթությանն ու դաստիարակությանը, լսելի դարձնենք ուսուցչի խոսքը և պահանջենք այս իշխանությունների հեռացումը, որոնք դեմ են գործել և գործում ազգային դպրոցին, որոնք արժեզրկեցին ամենարժեքավորն ու հոգևորը, պղծեցին հայրենիքն ու մեր տղաների արյամբ սրբագործված հողը:

 

«ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728