Փետրվարի 6-ին ԱՀ ԱԺ-ում տեղի է ունեցել արտադրության և արտադրական ենթակառուցվածքների և ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձանաժողովների համատեղ նիստը՝ Վլադիմիր Կասյանի և Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:
Հրավիրված էին կառավարության անդամներ՝ պետնախարար -ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Արցախէներգո» և «Արցախգազ» ընկերության պատասխանատուները:
Քննարկման թեման բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման աջակցության ծրագիրն էր: Գրիգորի Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ 2021 թվականի բյուջեի նախագծով 12 մլրդ դրամի սուբսիդավորում է նախատեսվում: Բնական գազի սպառման գծով ձմեռային ամիսներին նախատեսվում է մինչև 180 խմ ներառյալ, էլեկտրաէներգիայի սպառման գծով՝ մինչև 500 կվտ/ժ ներառյալ փոխհատուցում:
Չգազաֆիկացված բնակավայրերի և համայնքների չգազաֆիկացված թաղամասերի համար էլեկտրաէներգիայի փոխհատուցում է նախատեսվում մինչև 1500 կվտ/ժ ներառյալ: 2021 թվականի համար ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության վճարը կփոխհատուցվի ամբողջ չափով:
Հաղորդումներով հանդես եկան տարածքային կառավարման նախարարն ու «Արցախէներգո» ու «Արցախգազ» ընկերության պատասխանատուները: Նրանք ներկայացրին հնարավոր օպտիմալ տարբերակները:
Կարդացեք նաև
Խորհրդարանականները հանդես եկան առաջարկություններով: Դրանք վերաբերվում էին էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման շեմը գործող 500 կվտ-ի փոխարեն մինչև 750 կվտ բարձրացնելուն, փոխհատուցման փոխարեն գազի ու էլեկտրաէներգիայի սակագները նվազեցնելուն, ամռան փոխհատուցումը ձմռան ամիսներին բաշխելուն:
Հարցը լրացուցիչ կքննարկվի՝ պատկան մարմինների կողմից համապատասխան ուսումնասիրության արդյունքները ներկայացանելուց հետո:
ԱՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ