Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումների պրոցեսում մի հայտնի կանոն կա. երբ ինչ-որ բան հանում ես, տեղը պետք է այլ բան դնես, եթե չդրեցիր, այդ դատարկությունն ավելի վատ է»․ «Փաստ»

Փետրվար 06,2021 11:53

Օրերս կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ասում է՝ մասնագիտական աշխարհում արդեն դադարել են կրթական պրոցեսները գնահատել զուտ միայն փաստաթղթով։

«Ցանկացած գաղափար, ցանկացած փաստաթուղթ կարող է շատ լավ, բայց միևնույն ժամանակ շատ վատ հետևանքների բերել։ Դրա համար մեծամասամբ շատ բան կախված է նրանից, թե ինչպես կիրականացվի այս չափորոշիչը։ Այս փուլում կարող ենք խոսել այն ռիսկերի մասին, որոնք այս փաստաթղթում կան և դրա ոչ պատշաճ իրականացման դեպքում կարող են բերել վատ հետևանքների։ Դրանցից մեկը հետևյալն է։ Նախարարությունն առաջարկում է նոր՝ կարողունակությունների վրա հիմնվող մոտեցում, որի պարագայում ենթադրվում է՝ ուսուցումը պետք է դառնա շատ կոնկրետ, գործնական: Երեխաներին չպետք է շատ բան սովորեցնել, միևնույն ժամանակ նրանք պետք է կարողանան իրենց ստացած գիտելիքներով կոնկրետ ոլորտում հասնել վարպետության, այսինքն՝ լինեն կարողունակ։ Այս փոփոխությանը պետք է նախապատրաստել նախ ուսուցիչներին։

Վերցնենք գնահատման համակարգի փոփոխությունը։ Մի կողմից՝ լավ է այն, ինչ առաջարկվում է։ Թվանշանը լարվածություն է ստեղծում ուսումնական պրոցեսում, երեխաներն իրար հետ մրցակցում են թվանշանի համար և այլն։ Բայց հիմա հարց. եթե հանենք թվանշանը, ու կրթության որակը չլավանա, ապա այս փոփոխության պատճառով կրթության համակարգի վիճակն ավելի կվատանա: Ինչո՞ւ: Որոշ երեխաներ սովորում են, որովհետև թվանշան կա, հիմա եթե թվանշան չկա, իրենք կարող են ասել՝ էլ ինչո՞ւ ենք սովորում, դասերն անհետաքրքիր են, թվանշան էլ չկա։ Նախարարությունը պետք է մտածի՝ մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ ի՞նչ է անելու, որպեսզի թվանշանին փոխարինող կրթության լավ որակ ապահովի։

Բարեփոխումների պրոցեսում մի հայտնի կանոն կա. երբ ինչ-որ մի բան հանում ես, տեղը պետք է այլ բան դնես, որովհետև եթե չդրեցիր, այդ դատարկությունն ավելի վատ է։ Կամ երբ ուզում ես ինչ-որ բան քանդել, օրինակ՝ թվանշանը, խորը մտածիր՝ ինչո՞ւ են մարդիկ թվանշանով գնահատումը կիրառում, հնարավոր է, երբ այն հանենք, չկարողանանք դրա տեղն այլընտրանք առաջարկել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը։ Ընդգծում է՝ եթե բովանդակային լուրջ փոփոխություններ չլինեն, խնդիրներ են առաջանալու։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728