Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրությունը ոչ թե պետք է մտածի, թե վարկի չափն ինչքան է մեծացել, այլ պետք է մտածի ունենալ այնպիսի իշխանություն, որը չի գողանա այդ վարկերը». Գևորգ Պապոյան. «Ժամանակ»

Փետրվար 06,2021 11:31

Կառավարության վերջին նիստից հետո ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ կառավարության պարտքն այս տարվա վերջին ենթադրվում է, որ կմոտենա 8,5 մլրդ դոլարի, իսկ պետական պարտքը կհասնի 8,9 մլրդ դոլարի։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գևորգ Պապոյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ պետական պարտքը՝ քիչ թե շատ, վտանգավոր է, եթե այն խելամիտ չի օգտագործվում, այն գողանում են, մսխում, և հետո վերադարձելիության հետ կապված խնդիրներ են առաջ գալիս։ «Եթե չես թալանում, չես գողանում, չես մսխում, խելամիտ ես օգտագործում վերցված վարկը, ապա դա վտանգավոր չէ, ռիսկային չէ։

Այսինքն՝ վարկի չափը, ըստ էության, մտահոգիչ է, բայց առավել կարևոր է, թե ով է այդ վարկը վերցրել, ով է այդ վարկով զբաղվելու և խելամի՞տ է օգտագործում, թե՞ ոչ»,-ասաց Պապոյանը՝ հավելելով, որ հանրությունը պետք է առաջնահերթ ոչ թե մտածի, թե վարկի չափն ինչքան է մեծացել, մեծացել է, թե ոչ, այլ պետք է մտածի ունենալ այնպիսի իշխանություն, որը չի գողանա այդ վարկերը։

Մեր դիտարկմանը՝ այսինքն՝ նախորդ կառավարությունն արդյունավետ չի՞ օգտագործել վերցրած վարկերը, գողացե՞լ է դրանք, իսկ հիմա՝ ո՞չ, Պապոյանը պատասխանեց. «Ես չեմ կասկածում, որ հիմա վերցված վարկերը արդյունավետ են օգտագործվում, իսկ ինչ վերաբերում է նախկինին, ապա բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, որը լավագույն ցուցիչն է ասածիս»։

Ինչ վերաբերում է վերցված վարկերի սպասարկմանն ու վերադարձելիությանը, ապա պատգամավորի խոսքով՝ որպեսզի նման խնդիրներ չառաջանան, ապա պետք է կապիտալ ենթակառուցվածքներ ստեղծել, դրանց մեջ ներդրումներ կատարել, շենքեր, ջրամբարներ, ճանապարհներ, երկաթուղի, ջրային խողովակաշարեր, ջրանցքներ կառուցել ու ներդրումներ կատարել մարդկային կապիտալի մեջ՝ կրթության, առողջապահության, տեխնոլոգիաների մեջ: «Այս ոլորտներում ներդրումը հեշտ վերադարձելի է»,- ասաց Պապոյանը։

Պապոյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ ավելի ցածր տոկոսադրույքով եվրոբոնդ չի թողարկվել, ինչը նշանակում է, որ միջազգային ներդրողների վստահությունը մեր տնտեսության նկատմամբ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ավելի բարձր է, քան եղել է 2-6 կամ 10 տարի առաջ։ «Այնպես որ, այն մտահոգությունները, որ հիմա շրջանառվում են, իրատեսական չեն։ Սա ցույց է տալիս, որ մենք միջնաժամկետ հեռանկարում տնտեսական լավ միջավայրում ենք լինելու։ Դա տեսնում են նաև միջազգային ներդրողները»,- եզրափակեց Պապոյանը։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728