Լրահոս
Օրվա լրահոսը

«4,5 տոկոսը դեռ վտանգավոր ցուցանիշ չէ, չնայած շատ ավելի բարձր է, քան վերջին տարիներին գնաճի գրանցված ցուցանիշները». Հրանտ Միքայելյան. «Փաստ»

Փետրվար 06,2021 11:10

Հայաստանում սպառողական շուկայում 2021 թ.-ի հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ արձանագրված գնաճը կազմել է 4,5 %:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է գնաճի ցուցանիշին, պատճառներին ու հետագա միտումներին: «4,5 տոկոսը գերազանցող գնաճ տարեկան կտրվածքով ունեցել ենք 2013 թվականին: 2015 թ.-ին էլ ունեինք 3,7 տոկոս գնաճ: Այդ ժամանակ դրամը դոլարի նկատմամբ նվազել էր մոտ 20 տոկոսով: Իրականում արձանագրված գնաճը հարաբերական իմաստով բավականին մեծ թիվ է: Չի բացառվում, որ աճի միտում էլի կունենանք, որովհետև չենք կարող համոզված լինել, որ այս գնաճն իրեն ամբողջությամբ սպառել է և չի շարունակվելու»,-ասաց փորձագետը:

Անդրադառնալով գնաճը մեղմելու հնարավորություններին և այդ համատեքստում դիտարկելով Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելու որոշումը՝ Հ. Միքայելյանը նշեց. «Ընդհանուր առմամբ, գնաճը նվազեցնելու համար վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելն իմաստ ունի, երբ տնտեսությունն աճում է, բայց մենք նման բան չունենք: Եվ այս առումով տվյալ գործիքը իմաստ չունի կիրառել: Այս պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է սահմանափակել տնտեսական ակտիվությունը. այո, այն կարող է նվազեցնել գնաճը, բայց ավելի շատ կվնասի տնտեսական աճին: Բայց այստեղ, կարելի է ասել, ինստիտուցիոնալ շարունակականություն կա. վերջին, երևի թե, 10 տարվա կտրվածքով իշխանությունը միշտ կայունությունն է ընտրել, երբ զարգացումն ընտրելու հնարավորություն կար: Տնտեսական աճի ու գների կայունության երկընտրանքի մեջ միշտ ընտրվել է սոցիալական ու գների կայունությունը»:

Փորձագետի խոսքով, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանան առաջիկա ամիսները: «4,5 տոկոսը դեռ վտանգավոր ցուցանիշ չէ, չնայած շատ ավելի բարձր է, քան վերջին տարիներին գնաճի գրանցված ցուցանիշները»,-հավելեց փորձագետը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728