Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է բարձրացնի նշաձողը՝ Թուրքիայից պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Ազգ»

Փետրվար 06,2021 10:59

Նախանշաններ կան, որ այս անգամ ապրիլի 24-ին նախագահ Բայդենը իր խոստմանը հավատարիմ կմնա եւ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, եթե անշուշտ Անկարան ավելի քաղցր մի բլիթով չհրապուրի նրան, եւ նա ստիպված չլինի ընդունել այն: Առայժմ Վաշինգտոնը չարագուշակ լռություն է պահպանում Անկարայի հետ իր հարաբերություններում: Նախագահ Բայդենը բարեկամ թե թշնամի շատ երկրների ղեկավարների հետ է հեռախոսազրույցներ ունեցել, բայց դեռեւս չի պատասխանել հեռախոսային կապ հաստատելու Էրդողանի հայցին:

Տարածաշրջանում Իրանին (եւ նաեւ Ռուսաստանին) մեկուսացնելուց հետո, Անկարան այժմ փորձում է իր կամքը թելադրել այլ վայրերում եւ այլ ոլորտներում: Իրականում նա արդեն տնտեսական մի նոր ծրագիր է մշակել «Վեցի հարթակ» խորագրով, որի մեջ ներգրավված կլինեն Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը, Իրանը եւ Հայաստանը: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության մի խոսնակի` վերջինս կհրավիրվի մասնակցելու, եթե հրաժարվի թշնամական վերաբերմունք ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հանդեպ:

Վերոնշյալ զարգացման այս ծրագիրը եւ տարածաշրջանի հաղորդակցության միջոցների ապաշրջափակումը, որ նախատեսվում է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, երկսայր թուր է Հայաստանի համար: Շրջափակման պայմաններում Հայաստանն արդեն կազմավորել է իր տնտեսությունը անցած 30 տարիների ընթացքում, այնպես որ շատ զգույշ պետք է լինի թուրքական որեւէ առաջարկի նկատմամբ ոչ թե սոսկ հիվանդագին վախից դրդված, այլ պարզապես հենվելով պատմական փորձառության վրա:

Մեկ անգամ տուժվածը կրկնակի կզգուշանա:

Հայաստանը չպետք է ստերի թակարդն ընկնի նորից, որովհետեւ դա եղել եւ մնում է Թուրքիայի մարտավարությունը, որի նպատակն է խոչընդոտել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը:

Հայաստանն, ընդհակառակը, ոչինչ չի շահելու Թուրքիայի հետ հարաբերությունների կայացումից, հատկապես ներկայիս, երբ վերջինս իր զենքերի եւ վարձկանների միջոցով այդքան դառնություն պատճառեց Հայաստանին եւ Արցախին: Հայաստանը պետք է բարձրացնի նշաձողը Թուրքիայից պահանջելով, որ ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ նրան մշտապես պաշտպանողական դիրքերում պահի: Եթե Թուրքիան ցանկանում է համատեղ հանձնախումբ կազմել, այդ հանձնախմբի միակ պարտականությունն է լինելու հաշվարկել, թե ինչքան է Թուրքիան հատուցում պարտական Հայաստանին:

Այժմ, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ցանկություն է հայտնել վերսկսելու Մինսկի խմբի գործունեությունը, բոլոր վերոնշյալ զարգացումները իրենց արտացոլումն են գտնելու մյուս համանախագահների որոշումներում: Նրանք Մոսկվային եւ Անկարային պատասխանատվության են կանչելու ղարաբաղյան պատերազմը իրենց սեփական շահերին ծառայեցնելու համար: Ժամանակն է, որ Մինսկի խումբը զբաղվի իր անավարտ թողած օրակարգի հարցերով:

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. թարգմանեց Հակոբ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728