Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպ Առաքելյան. «Ես չեմ ստանում պարգեւավճար, կարծում եմ՝ ճիշտը չստանալն է». «Հրապարակ»

Փետրվար 06,2021 11:37

Արցախից տեղահանված մոտ 40 հազար բնակչից գրեթե 5 հազարն արդեն վերադարձել է Արցախ, Հայաստանում այս պահին բնակվում է 30 հազարին մոտ արցախցի։ Նրանց մասով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է կացարանների ծրագիր՝ մեկ անձի հաշվով մինչեւ 6 ամիս ժամկետով 30 հազար դրամ փոխհատուցում է տալիս, որ կարողանան իրենց բնակարանի վարձը վճարել։ Ու թեեւ ծրագիրը 6 ամիս ժամկետով է, բայց որքան անհրաժեշտություն լինի, այդ գումարը կփոխհատուցեն։ Բացի այդ, նախարարությունը փորձում է նաեւ Արցախում բնակարանային հարցեր լուծել, որ ՀՀ-ում ժամանակավոր հաստատվածները կարողանան վերադառնալ Արցախ։ Այս տվյալները մեզ հետ զրույցում ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Ձեր ընդդիմադիր գործընկերներից բարձրաձայնում են, որ փոխանակ Արցախում բնակարանաշինությամբ զբաղվեք, գումարային օժանդակություն եք ցուցաբերում։

– Տեսեք, երկու մասի բաժանենք․ պատերազմից հետո այդ մարդիկ ոչ միայն իրենց կացարանն են կորցրել, այլեւ կորցրել են գրեթե ամեն ինչ։ Բնական է՝ այդ մարդիկ ունեին օրվա հացի խնդիր, նյութական կարիքներ եւ այլն։ Եվ ոչ միայն այդ մարդիկ, շատերն ունեին կացարան Արցախում, բայց ապրելու հնարավորություն չունեին՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Այդ մասով մենք իրականացրել ենք ֆինանսական աջակցություն, որը, կարծում եմ, խիստ անհրաժեշտ էր դա իրականացնել, իհարկե, արդեն հաջորդ փուլում՝ կացարանների ապահովում եւ աշխատանքի խրախուսում․ այդ ուղղությամբ Արցախի իշխանությունների հետ մենք ինտենսիվ աշխատում ենք։

Խոսվում էր նաեւ մինչեւ 80 միլիոն դրամ աջակցության մասին, որից 10 միլիոնը միանվագ է տրվելու, մնացածը՝ 20 տարում, եւ կարծիք կա, որ կառավարությունն այսպիսով փորձում է այդ ընտանիքներին կախման մեջ պահել իշխանությունից։

– Չէ, դա օրենքով է կարգավորված, հիմնադրամի մասով միշտ այդպես է կարգավորումը եղել՝ հաշվի առնելով, որ գումարը բավականին մեծ է եւ միանգամից չի կարող տրամադրվել։

Ու այստեղ նորից ձեզ քննադատում են, որ թող կառավարությունն իր պարգեւավճարները կրճատի, այդ գումարներն ուղղի հիմնադրամին, ոչ թե նորից ամբողջ բեռը գցեն ժողովրդի վրա։

– Կարող եմ փաստել՝ ես պարգեւավճար չեմ ստանում։ Նախարարության աշխատակիցների դեկտեմբեր ամսվա պարգեւավճարն էլ մենք ամբողջությամբ փոխանցել ենք Արցախի երեխաներին։

Դուք չեք ստանում, բայց շատ այլ գերատեսչություններ ստանում են, ՊԵԿը ստանում է, էկոնոմիկայի նախարարությունը ստանում է։

– Ես չեմ ստանում պարգեւավճար, ենթադրելի է, որ ես կարծում եմ, որ ճիշտը չստանալն է։

Այդ հարցը չե՞ք բարձրացրել կառավարությունում։

– Իմ չստանալով բարձրացրել եմ, ես կարծում եմ՝ այս պահին մենք չենք գտնվում այնպիսի իրավիճակում, որ․․․ Ընդհանրապես, պարգեւավճար պետք է ստանան լավ աշխատանքի, լրացուցիչ աշխատանքի համար։ Ես կարծում եմ, որ մենք կատարում ենք աշխատանք, որը մեր պարտականությունն է։ Ցավոք, այս պատերազմից հետո սոցիալական խնդիրներն այնքան են բարդացել, որ ես կարծում եմ՝ մենք պետք է մեր բոլոր ուժերը ներդնենք սոցիալական խնդիրների արագ կարգավորման վրա, դրանից հետո նոր մտածենք պարգեւավճարների կամ հավելյալ արտոնությունների մասին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728