Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ենթարկում են անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների». Վահան Բադասյանի հայտարարությունը

Փետրվար 06,2021 10:07

«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով»,- այսպիսի հայտարարություն է տարածել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, ազատամարտիկ Վահան Բադասյանը:

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է,

«Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակալի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է:

Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը:

Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրախուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում:

Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների:

Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»:

Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը ՖԲ էջում ավելի վաղ հայտնել էր. «Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար»:

Հիշեցնենք, որ Վահան Բադասյանին մեղադրանք են առաջադրել եւ որպես մեղադրյալ ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով: Նա կալանավորվել է հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում իր հայտարարությունների կապակցությամբ: Վահան Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության խորհրդանիշի, այլ նաեւ՝ թշնամու: Հարցին, թե հեռացնելու ի՞նչ ճանապարհներ կան, պատասխանել էր. «Տարբեր, ընդհուպ՝ մինչեւ ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… այո՛, զենքի միջոցով նաեւ… այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում եւ գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728