Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան համար 1 ավագ դպրոցի անձնակազմը կրկին բողոքի ցույց էր անում ընդդեմ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանի:
Նրանց պայքարը շարունակվում է արդեն բավական երկար ժամանակ՝ այն բանից հետո, երբ հունվարի 22-ին կայացել էր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը, որի արդյունքում երկու թեկնածուներն էլ հավասար ձայներ էին հավաքվել, իսկ հաղթող չլինելու պարագայում ընտրությունը կատարել էր ԿԳՄՍ նախարարը եւ դպրոցի տնօրենի պաշտոնում նշանակել էր ոչ թե նույն դպրոցի ուսուցչական անձնակազմի եւ աշակերտների նախընտրած թեկնածու, նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանին, այլ Քարմիլե Առաքելյանին, որը մեկ այլ դպրոցից է եկել ու չի ընդունվում։
«Հայկական Ժամանակը» փորձեց ԿԳՄՍ նախարարությունից պարզել, թե խնդրի ինչպիսի հանգուցալուծում են այստեղ տեսնում։ Նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը պատասխանեց․ «ԿԳՄՍՆ-ն գործել է իր լիազորությունների շրջանակում եւ ճիշտ չի համարում ուսուցչական կոլեկտիվի նմանօրինակ գործողությունները, որոնք ի վնաս մատաղ սերնդի են»։ Այդուհանդերձ, հավելեց, որ այդ հարցը նախարարության ուշադրության կետրոնում է եւ քննարկվում է։
Նորանշանակ տնօրենի դեմ բողոքի ցույցն այսօր էլ ավելի սուր դրսեւորումներ էր ստացել։ Աշակերտները շրջափակել էին նրա աշխատասենյակի մուտքը՝ թույլ չտալու դուրս գալ։ Ավելի վաղ էլ խոչընդոտվում էր նրա մուտքը դպրոց։ Իրավիճակը փորձում էին հանդարտեցնել ոստիկանները։
Կարդացեք նաև
Ավելի ուշ տեղեկացանք, որ Աբովյանի այս դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը եւ հինգ ուսուցիչներ հրավիրվել են ոստիկանություն՝ բացատրություն տալու։
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: