Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել եւ գտնվում ենք 2017 թ.-ից առաջ եղած վիճակում. «Ազգ»

Փետրվար 06,2021 09:30

Վերջերս վիճակագրական կոմիտեն հրապարակել էր «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը 2020» զեկույցը, որտեղ ամփոփվել էին 2019-ին անցկացված աղքատության ուսումնասիրության արդյունքները: Դրանք փաստում են, որ Հայաստանում աղքատությունն աճել է: Միաժամանակ, վիճկոմը առաջարկում է չհամեմատել այդ ցուցանիշը նախորդ տարիների հետ, քանի որ «մեթոդաբանությունը փոխվել է»: Ուշագրավ է, որ մեթոդաբանական փոփոխություն վերջին անգամ տեղի է ունեցել 10 տարի առաջ, որը տեղիք է տալիս ենթադրելու, թե որն է նման փոփոխություն անելու իրական նպատակը: Այս մասին մի փոքր հետո, իսկ այժմ ներկայացնենք աղքատության ցուցանիշները:

Ինչպես արդեն նշեցինք, զեկույցում ներկայացված են «թավշյա» իշխանափոխությունից մեկ տարի անցՙ 2019 թ.-ի աղքատության ցուցանիշները: Ըստ այդմ, աղքատությունը կազմել է բնակչության 26,4 տոկոսը: Ինչպիսի՞ փոփոխություններ է կրել այս ցուցանիշը նախորդ երկու տարիների համեմատ:

2017 թ.-ին աղքատությունը նախորդ տարվա 29,4 տոկոսի համեմատ նվազել էր 3,7 տոկոսով եւ կազմել 25,7 տոկոս: 2018 թ.-ին աղքատությունը նվազել էր եւս 2,2 տոկոսով եւ կազմել 23,5 տոկոս: Հիշեցնենք, որ 2017 թ.-ը եւ 2018 թ.-ի առաջին ամիսները աչքի էին ընկել բարձր տնտեսական աճով, որի շնորհիվ էլ երկու տարվա ընթացքում միասին վերցրած, 2018 թ.-ին աղքատությունը Հայաստանում նվազել էր 5,9 տոկոսով եւ 29,4 տոկոսից հասել 23,5 տոկոսի: Սակայն, Նիկոլ Փաշինյանի ամբողջական իշխանության մեկ տարումՙ 2019 թ.-ին աղքատությունը կրկին աճել է 3,1 տոկոսով : Այսինքն, աղքատության մակարդակով մենք հետ ենք շպրտվել եւ գտնվում ենք 2017 թ.-ից առաջ եղած վիճակում: Այժմ վերադառնանք նոր մեթոդաբանությանը:

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի, վերջին ուսումնասիրությունը տարբերվում է նախորդ 10 տարվա ընթացքում անցկացվածներից երեք կետերով՝ վերանայվել է հարցաթերթիկը, տվյալների հավաքման համար սկսել են օգտագործել պլանշետ եւ փոփոխվել են աղքատության գծերի հաշվարկման հիմքերը: Առաջին երկու կետերի մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է, դրանք ուղղակի զավեշտալի են: Երրորդ կետով սահմանվել է, որ աղքատ են համարվում այն անձիք, որոնց սպառումը փաստացի հաշվարկված պարենային զամբյուղի արժեքից ցածր է: Այսինքն, վերահաշվարկվել է աղքատության գիծն ըստ պարենային զամբյուղի, որի արդյունքում էլ աղքատության ցուցանիշը բարձրացել է:

Իրոք, եթե բարձրացնում ես աղքատության գիծը, ապա ավելանում է աղքատ համարվողների թիվը: Սակայն, այս դեպքում աղքատության աճը շատ ավելի կտրուկ պետք է լիներ, հաշվի առնելով դեռ անցյալ տարի տեղի ունեցող տնտեսական եւ քաղաքական գործընթացներն ու դրանց հետեւանքները: Դա թույլ չտալու համար էլ նախաձեռնվել է մեթոդաբանական փոփոխությունը, որպեսզի ավելի հեշտ լինի «սրբագրումներ» անել եւ ցույց տալ անհամեմատ ավելի մեղմացված ցուցանիշ:

Մանուկ ԱՐԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728