Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փախուստ ազատությունից

Փետրվար 06,2021 10:00

Վերջերս Հայաստանում եւ աշխարհում կատարվող իրադարձությունները ստիպում են ինձ մտածել մի կարեւոր հարցի շուրջ՝ որտեղի՞ց են առաջանում զանգվածային մոլորությունները, անհեթեթ առասպելները, դավադրության տեսությունները: Իհարկե, ծիծաղելի կլիներ ասել, որ դրանք նոր երեւույթներ են՝ դրանք հազարամյակների ընթացքում բնորոշում էին մարդկանց եւ նրանց խմբերին: Պարզապես ճգնաժամային պահերին այդ մոլորություններն ավելի ցայտուն են դառնում: Իսկ վերջին տարիներին ճգնաժամը (որի «առողջապահական» դրսեւորումը այսբերգի երեւացող մասն է) սրում է այդ դրսեւորումները: Իր դերն է խաղում նաեւ այն, որ համացանցի միջոցով ստերը տարածվում են կայծակնային արագությամբ:

20-րդ դարի նշանավոր հոգեբան Վիկտոր Ֆրանկլը նշում էր, որ զանգվածային նեւրոզի հատկանիշներն են ծրագրերի բացակայությունը, ճակատագրապաշտությունը, կոլեկտիվ մտածողությունը, ամբոխի հետ միաձուլվելու ցանկությունը, ֆանատիզմը, որը մարմնավորվում է կարգախոսների տեսքով: Այստեղից որպես հետեւանք՝ պատասխանատվության վախը, խուսափումն ազատությունից: (Ֆրանկլը գիտեր, թե ինչի մասին է խոսում, քանի որ ինքն այդ պսիխոզի զոհն էր եւ մի քանի տարի անցկացրել էր նացիստների համակենտրոնացման ճամբարում): Առանցքային երեւույթն այստեղ «ազատությունից խուսափումն» է, որը մեջբերված տրամաբանական շղթայի հանգուցային կետն է: Այսինքն՝ եթե մարդը չունի իր ապագայի վերաբերյալ որոշակի տեսլական, եթե նա ցանկանում է իր անհատականությունը «տարրալուծել» ամբոխային զգացմունքների եւ կարծրատիպերի մեջ, ապա դա աներկբայորեն վկայում է պատասխանատվությունն իր ուսերից թոթափելու եւ այդպիսով ազատությունից խուսափելու մասին: «Փախուստ ազատությունից»՝ այդպես է կոչվում մեկ այլ հայտնի հոգեբան՝ Էրիխ Ֆրոմի գրքերից մեկը:

Լավ, եթե ազատությունն ու պատասխանատվությունը վերանում եմ մարդկանց հոգիներից, ի՞նչն է զբաղեցնում դատարկ տեղը: Այստեղ պատասխանը նույնպես, կարծես թե, ակնհայտ է՝ կուռքերը: «Մարդկությանը երեք բան է անհրաժեշտ՝ հրաշք, առեղծված եւ հեղինակություն»: Սա ասում է Դոստոեւսկու «Կարամազով եղբայրներ» վեպի Հավատաքննիչը, երբ 16-րդ դարում Աստված իբր գալիս է նրա քաղաք՝ Սեվիլյա, որտեղ նոր էին կրակի վրա այրել հարյուր հերետիկոսի: Ըստ Հավատաքննիչի՝ հենց այդ «գործիքներն» էր առաջարկում սատանան Հիսուսին, երբ գայթակղում էր նրան: Բայց Տերը մերժեց գայթակղությունը, ինչը, Հավատաքննիչի կարծիքով, սխալ էր, որովհետեւ մարդիկ իրականում ազատություն չեն ուզում, նրանք տենչում են ունենալ կուռքեր, որոնց երկրպագում են, իսկ դրա համար պետք են հենց հրաշքը, առեղծվածը ու հեղինակությունը:

Տեղափոխեք այդ երեւույթները հայկական հողի վրա, եւ, կարծում եմ, կստանանք շատ հարցերի պատասխանը: Խոսելով զանգվածային մոլորությունների մասին՝ ես ամենեւին չեմ ուզում առանձնացնել մեր ժողովրդին, մեր քաղաքացիներին մնացած մարդկությունից: Բայց չի կարելի հերքել նաեւ, որ հետխորհրդային երկրներն ունեն նաեւ իրենց առանձնահատկությունները: Կոնկրետ մեր դեպքում մարդկանց երկու տասնամյակից ավելի հետեւողականորեն, չափազանց ցինիկ եւ ամբարտավան ձեւով զրկել են ազատ ընտրություն կատարելու եւ պատասխանատվություն կրելու հնարավորությունից: Շատ բնական է, որ նրանք վաղ թե ուշ կգայթակղվեին ամբոխահաճո կուռքով, եւ երբ ընտրելու հնարավորություն ընձեռնվեց, ընտրեցին ապաշնորհ եւ պետություն ղեկավարելու ունակությունից զուրկ մարդկանց, ինչը բերեց ողբերգական հետեւանքների: Բայց իրենց սխալ ընտրության հետեւանքների համար մարդիկ դարձյալ չեն ուզում պատասխանատվություն կրել: Հավանաբար, սպասում են նոր կուռքերի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Ներքևի մեջբերումը Յոզեֆ Գեբելսի “Պայքար Բեռլինի համար” գրքից, 2008-ին տեղադրեցի «Հետք»-ի հետընտրական քննարկումներում՝ համեմատելով այդտեղ նկարագրվածը Նիկոլ Փաշինյանի և թիմի՝ այն ժամանակվա պրոպագանդիստական հնարքներին: Բնականաբար, թուքումուրից չխուսափեցի: Տասը տարի հետո ակնհայտ դարձավ, թե զանգվածաբար մոլորեցնելու ինչ գործնական դպրոց էր այդ ընտրարշավը:
    “Национал-социалистические печатные органы должны были внимать природе и действовать вовсе не из честолюбия, соревнуясь с большими гражданскими или еврейскими газетами в точности репортажа и ширины обращаемого материала. Мировоззрение всегда односторонне. У того, кто рассматривает вещь с двух сторон, теряется вместе с тем надёжность и бескомпромиссная острота. “Упрямое упрямство” нашей публичной эффективности, в которой упрекают нас так часто, является в конце концов тайной нашей победы. Народ хочет ясных и недвусмысленных решений. Маленький человек ничего не ненавидит сильнее, чем двустороннюю точку зрения. Массы думают просто и примитивно. Они любят обобщать усложнённые ситуации и делать ясные и бескомпромиссные выводы из своего обобщения. Эти выводы и вправду по большей части просты и несложны, но всё же они входят, как гвоздь в голову. Политическая агитация, которая исходит из этих установок, схватит народную душу всегда в нужном месте. Если же она будет не распутывать сложные дела, а наоборот, вносить [ненужную] сложность, тогда она всегда промахнётся в понимании маленького человека.”

  2. Լավատես says:

    Ա Հռչակագիր: Ընտրում ենք Ազգի Գլխավոր Պատասխանատուին, մի հեղինակություն, ով գործով է ապացուցել իր բարձր հեղինակությունը, ով բոլոր հայերի կողմից միաձայն ընդունվում է, նրան նշանակում Ազգի Գլխավոր Պատասխանատու, կարծում եմ բոլոր հայերի համար, օրինակ, Նորատ Տեր-Գրիգորյանցին:
    Բ Պայմանագիր: Երբ Հռչակագիրը ազգի մեծամասնությամբ ընդունվում է, Ժողովուրդն իր ընտրությունը պետք է կատարի պայմանագրի տեսքով, որտեղ ընտրողները պարտավորվում են ենթարկվել Ազգի Գլխավոր Պատասխանատուի հրամաններին:
    Գ Հայ Դատ: Պայմանագրի կողմերի թիկունքն ու պաշտպանը Հայ Դատն է՝ անունը նույնն է, բովանդակությունը այլ, սա է հենց ցանցային պետությունը, բնակաբար, Ժողովուրդը պայմանագիր կնքելուց հետո նոր պատասխանատու կարգավիճակ է ստանում, այսինքն՝ դառնում է Ազգ՝ ցանցային պետության քաղաքացի եւ ավելորդ չի լինի հստակեցնել, որ սա վերաբերում է եւ Հայրենիքի հայությանը եւ Սփյուռքի հայությանը, մենք մի համաշխարհային ազգ ենք դառնում՝ ցանցային պետության քաղաքացի եւ դառնում Հայրենիքի ու Ազգի թիկունքը:

  3. Հ.Շ. says:

    բայց այդ նոյն խնդիրը «հետխորհրդային երկրներին»ը չէ միայն… որպէս ցայտուն մի օրինակ՝ ԱՄՆ-ի անցած չորս տարիները վկայ… եւ բոլոր ժողովուրդները խոցելի են, նոյն հաւաքական հիւանդութեան նկատմամբ

    բայց մենք, ասոր «շռայլութիւնը չունէինք»…

    բոլոր փիլիսոփաներուն ալ՝ երանի. քանի որ անոնք տեսութիւնների մէջ կ’ապրին, իրենց ուղեղային աշխարհին մէջ, ի պաշտօնէ՝ անջատուած շօշափելի իրականութենէն

    մենք այստեղ, այս պահին, բազմահազար մեռած երեխաներ ունինք… որոշ տարիքի մը մարդոց պարագային, երբ որ կեանքը այլեւս ոչ գաղափարաբանութիւն է, ոչ վերացական ժամանց մըն է, ոչ ազգասիրական երգեր են, ոչ ել… չգիտեմ ինչ է, հիմա, ինչպէ՞ս շարունակենք ապրիլ, այսքան մեռեալներով… եւ այդ ալ, այս անգամ, առանց յաղթանակի (յարաբերական) «մխիթարութեան»… ինչպէ՞ս…

    վրան ալ, ինչպէ՞ս հանդուրժել անոնք, մեր շուրջը, ամենուրեք, որոնց համար կարծես թէ այս ամէնը՝ ոչինչ է…

    ինչպէ՞ս այսպէս, այս աստիճան, անհետացաւ Մարդկութիւնը… մարդիկ ուղղակի դարձան հրէշներ…

    եւ ան որ չի կրնար, չի կրնա՛ր ըլլալ այդպէս, հիմա ի՞նչ պիտի ընէ…

  4. Gohar says:

    For me, it is a Stable Depression, sorry.

  5. Արամ Աբրահամյան says:

    Շնորհակալություն հետաքրքիր մեկնաբանությունների եւ մեջբերումների համար: Կարծում եմ, մոլորությունները եւ անգամ փակուղիները դեռ աշխարհի վերջը չեն

  6. Ruben says:

    Ծայրահեղ իրավիճակ:
    Նրանք, ովքեր չունեն հոգի ու բանականություն, Հայոց Աարարչի կամքով միայն արածելու են փոքր Սյունիքի թավշյա մարգագետինների վրա: Ոչխարների, որոնք արդեն վաճառվել են, տեղը աստվածահոր Արամազդի զոհասեղանին է: Մեր վկան՝ Մասիսը մարած-հանգած հրաբուխ չէ:

  7. henri says:

    Այս երեւոյթի մասին ,շատ մը արեւմտեան երկիրներ ալ մեծապէս կը գանգատին .
    ՛՛ Ազատութեան՛՛ խեղաթիւրուած ընկալումն է մեծ մասով , մեր պարագային կայ նաև սովետական փապուղիէն անցած /70-80 երկար տարիներ/ ժողովուրդի մը սանձարձակ բնազդներու պոռթկումը , մակերեսային գործադրութիւնը Աւետարանի սկզբունքներուն, որ կրնար բարեխառնել մասամբ մը մեր մարդկային տկարութիւնները , և նաև կարեւոր դեր պէտք էր ունենալ ՛՛նորմալ՛՛պետութիւն մը յատուկ խնամք տանելով իր բնակչութեան հոգեկան հաւասարակշռութիւնը հսկելու մէջ։ Դբախտաբար յաճախ վատ օրինակը ամենավերի խաւերէն կը սկսի և բնակչութեան դիւրաբեկ-տկար խաւը կը վերածուի հոգեբուժարանի մակարդակի բնակիչ ,և քանի աղանդները նման ճախճախուտի մէջ դիւրաւ կ՛աճին, բնաւ պէտք չէ զարմանալ թէ ինչու այսքան արագ պարարտ հող գտած են մեր Հողին վրայ ։ Ամէն օր ՛՛Կուրու՛՛ մը կը յայտնուի,բեմերէն ՛՛Նոր կուսակցութեան մը՛՛ ստեղծումով ՛՛Նոր կուռք՛՛ մը կ՛առաջարկէպաշտելու,հիւսիսէն կամ արեւելքէն ,կարեւոր չէ, ատեն մը հետեւորդներ ալ կ՛ունենայ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728