Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հաջորդ հարցազրույցն Ավետարանոցի մեր տանն ենք անելու»

Փետրվար 06,2021 13:30

Ասում է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Յուրի Հովսեփյանը

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի հրահրած արցախյան պատերազմի պատճառով մոտ 40 հազար մարդ անօթեւան է մնացել:

Տեղահանված արցախցիները չէին էլ պատկերացնում, որ իրենց տնից անվերադարձ են դուրս գալու, եւ դա էլ բավական չէ` իրենց տունը թողնելու են թշնամուն:

Քսանյոթամյա Զարինե Հովսեփյանն արդեն չորս ամիս է՝ Երեւանում է, երկու փոքրիկների` երեքամյա Դենիսի եւ յոթնամյա Լիլիի հետ, իսկ մայրը, տատիկն ու սկեսուրը բոլորովին վերջերս են վերադարձել հայրենի տուն` Մարտունու շրջանի Հացի գյուղ, որն ընդամենը մի քանի մետր է հեռու թշնամուց:

«Սեպտեմբերի 27-ին, հենց հասկացանք` պատերազմ է, Զարինեի ավագ եղբոր հետ գնացինք առջնագիծ: Էդ պահին մենակ մտածում էինք, որ շուտ հասնենք տղերքի մոտ, տեսնեն` իրանց կողքին մարդ կա»,- պատմում է Զարինեի ամուսինը` Յուրի Հովսեփյանը:

«Անձրեւի նման կրակ էր թափվում գլխներիս, գիտակցում էինք` էս պահին շնչում ենք, մյուսին կարող է էլ չլինենք: Օրեր շարունակ մեր կյանքով պահում էինք հայրենի գյուղը, մեր պաշտելի Ասկերանի Ավետարանոցը, մեր տները: Նահանջի հրաման տվեցին` ասելով, որ ռազմական հնարք են կիրառելու: Նահանջեցինք, ու գյուղը հանձնեցին թուրքերին»,-հավելում է նա:

Յուրին դառը ժպիտով է հիշում զոհված ընկերների, հարազատների, եղբայրների հետ ունեցած ամեն պահը: Ամեն պատմություն պատմելիս հիշում է, թե ինչպես ու քանի անգամ են հրաշքով փրկվել: Թեեւ հայրենիքի կորստի ցավը մեծ է, սակայն երիտասարդ ընտանիքն այսօր ունի ավելի մեծ դժբախտություն` Զարինեի եղբայրն անհետ կորած է համարվում: Այժմ ապրում են Երեւանում` ամեն րոպե որեւէ լուրի սպասումով:

Առաջին իսկ օրից նրանց հյուրընկալած կացարանն անվճար է, սնունդը նույնպես: Զարինեին, երկու փոքրիկներին, մորը, սկեսուրին ու հաշմանդամություն ունեցող տատիկին Երեւանում ընդունել են գրկաբաց: Ասում է` երբեք չի մոռանա այն մարդկանց, որոնք այս դժվար օրերին եղել են ու շարունակում են լինել իր ընտանիքի կողքին:

Իրենց հետ Երեւան տեղափոխված արցախցիների մեծ մասն արդեն վերադարձել է Արցախ ու բնակվում է վարձով կամ էլ հարազատների տներում: Իրենք դեռ այստեղ են, քանի որ Լիլին այստեղ դպրոց է հաճախում, չեն ցանկանում եւս մեկ անգամ փոքրիկի ուսման գործընթացն ընդհատել:

Հարցին` արդյոք որտե՞ղ են տեսնում իրենց կյանքը, Յուրին ժպիտով պատասխանում է. «Անկասկած՝ Արցախում: Որ ես գամ մնամ ստեղ, էն մեկը գա մնա, մյուսը գա մնա, բա մեր մի բուռ մնացած հողն ո՞ւմ թողնենք: Ամեն ինչ էնքան լավ է լինելու, որ ձեր հաջորդ հարցազրույցը մեր մասին մեր Ավետարանոցի տանն ենք անելու` մեծ, ավանդական, արցախյան սեղանի շուրջ»:

Մոնիկա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728