Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է կանխվի մարդկանց արտահոսքը Արցախից, փոխվի նրանց օրակարգը, որ մարդիկ հավատան, որ ամեն ինչ դեռ կորսված չէ»

Փետրվար 06,2021 12:00

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, արցախցի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանին եւ կազմակերպության անդամներին օրերս այցելել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ալեքսանդրովիչ Ժմուրինը եւ Հումանիտար Կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Նիկոլաեւիչ Սիվակովը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի քաղաքացիների անվտանգության, հումանիտար խնդիրները, այդ թվում՝ ռազմագերիներին ու փախստականներին առնչվող եւ մի շարք այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական ղեկավարության հետ շարունակել քաղաքացիական հասարակության եւ Արցախում Ռուսական խաղաղապահ զորամիավորման ղեկավարության միջեւ երկխոսությունը:

«Առավոտը» Կարեն Օհանջանյանին մի քանի հարցեր ուղղեց՝ նշված հանդիպման վերաբերյալ:

– Պարոն Օհանջանյան, ձեր կազմակերպության անդամները հանդիպեցին Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման ղեկավարության հետ: Ի՞նչ տպավորություն ստացաք, ի՞նչ տրամադրություններ կան նրանց մոտ:

– Հանդիպմանը նախորդել է ռուս խաղաղապահների հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մուրադովին ուղղված իմ նամակը՝ մեր կազմակերպության անդամների հետ հանդիպման կազմակերպման անհրաժեշտության մասին՝ Ղարաբաղում եւ մեր կազմակերպության, քաղաքացիների խաղաղությունն ապահովող զինվորականների, որոնք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրով, օրակարգերի քննարկման համար՝ կապված Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված խայտառակ հայտարարության հետ, որը դարձել է ամբողջ հայության համար խայտառակություն եւ հայկական երկրորդ պետականության գոյատեւման ավարտը: Մեր կազմակերպության անդամների հետ հանդիպմանը եկան Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ալեքսանդրովիչ Ժմուրինը եւ Հումանիտար Կենտրոնի ղեկավար, գնդապետ Իգոր Նիկոլաեւիչ Սիվակովը: Մեզ հուզող բոլոր հարցերի շուրջ ծավալվեց անկեղծ զրույց: Մենք լսեցինք նրանց կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, նրանք շատ հանգիստ եւ հարգանքով լսեցին այն ամենը, ինչի մասին մենք ենք խոսել, երբեմն նույնիսկ ոչ հաճելի բաներ: Ընդհանուր առմամբ, ես եւ հանդիպման մյուս մասնակիցները բավարարված ենք քննարկման ձեւաչափով եւ արդյունքներով:

– Ինչո՞ւ նախաձեռնեցիք այդ հանդիպումը, մասնավորապես, ի՞նչ հարցեր էիք ցանկանում քննարկել ռուս խաղաղապահների հետ, պարզել, որքանո՞վ ընկալեցին ձեր ներկայացրած խնդիրները:

– Հանդիպման կազմակերպման հիմնական պատճառը մեր ժողովրդի մոտ առկա տրամադրություններն են, անվտանգության խնդիրները, որ հասարակությունը վստահություն չունի հարազատ հողում իր վաղվա օրվա նկատմամբ եւ մտադրություն ունի լքել Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը: Մենք բարձրացրել ենք մեր ժողովրդի անվտանգության հարցը, թե որքանով է այն օբյեկտիվորեն ապահով եւ ինչպես կարող են այդ օբյեկտիվ գործոններն ազդել յուրաքանչյուր կոնկրետ դեպքում սուբյեկտիվ որոշում կայացնելու վրա՝ ողջ ժողովրդի համար:

Հաջորդ խնդիրը, որը մեզ անհանգստացնում էր՝ ժողովրդի եւ իշխանությունների փոխհարաբերություններն էին: Որքանով են չեզոք ռուս խաղաղապահ զորքերը կոնկրետ իրավիճակում, երբ Ղարաբաղի ժողովրդի անվստահությունը իշխանության հանդեպ հասել է իր գագաթնակետին, իշխանությունն ի վիճակի չէ լուծել ոչ մի հարց եւ դժգոհությունները հասնում են կրիտիկական կետի: Մեզ հավաստիացրել են, որ խաղաղապահ զորքերը չեն միջամտում ներքաղաքական հարցերին, նրանց գործառույթներն ուղղված են միայն ժողովրդի անվտանգությունն ապահովելուն եւ հումանիտար օգնություն ցուցաբերելուն:

Մենք չենք բավարարվել միայն այդ հարցերով եւ անցկացրինք բավական հետաքրքիր քննարկում քաղաքացիներին հուզող տարբեր հարցերի շուրջ՝ ներառյալ երեք նախագահների Եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո Դավոսում Պուտինի առաջարկությունների, հետո նաեւ Մեդվեդեւի հայտարարության հետ կապված Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող գործընթացներում միջազգային ներգրավվածության հարցերը: Մենք ռուս խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներին բավական անկեղծ ներկայացրինք մեր տեսակետն այդ հայտարարությունների վերաբերյալ, իրենք էլ, իրենց հերթին, հայտնեցին իրենց կարծիքը:

– Հայության համար հիմա ամենացավոտ խնդիրն, իհարկե, ռազմագերիների վերադարձն է, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցով:

– Իհարկե, մենք չենք շրջանցել մեր ժողովրդի համար ցավալի եւ զգայուն այդ հարցը: Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունն անմիջական կապի մեջ է գտնվում ադրբեջանական ղեկավարության հետ՝ նպատակ ունենալով վերադարձնել Ադրբեջանում պահվող բոլոր ռազմագերիներին եւ գերիներին: Նրանք իրենց գործողությունները համակարգում են նաեւ տեղերում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածներին, նրանք մեզ հավաստիացրին, որ յուրաքանչյուրի դեպքում ավելի են ուժեղացնում որոնողական աշխատանքը:

– Դուք նշեցիք, որ ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել եք նաեւ Արցախի բնակչության անվտանգության հարցը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ռուսական խաղաղապահների ներկայությունն այսօր ամբողջությամբ ապահովում է արցախցիների անվտանգությունը:

– Լիակատար անվտանգության ապահովման մասին դեռ վաղ է խոսել: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ խաղաղապահների, Ադրբեջանի եւ Ղարաբաղի իշխանությունների ջանքերի համակարգում, ինչպես նաեւ կարեւոր գործոն է հանդիսանում ամբողջ հասարակության, քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Դա անհրաժեշտ է, որպեսզի կանխվի մարդկանց արտահոսքը Արցախից եւ փոխվի մարդկանց օրակարգը, որպեսզի նրանք հավատան, որ ամեն ինչ դեռ կորսված չէ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 05.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728