Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ենք խոսում մեր ազգի խելոքության մասին։ Ժամը եկել է

Փետրվար 05,2021 23:40

Աշնանային խայտառակ պատերազմից հետո շատերն են խոսում հզոր Հայաստանի մասին։ Ասում են, որ պետք է հետևություններ անենք, բանակը զինենք նոր զենքերով, նույնիսկ միջուկային զենքով։ Բայց չեն ասում, թե այդ գումարները որտեղից են հայթայթելու։ Ի՞նչ տնտեսություն ունենք, որ այդքան հզորանանք։

ԼՏՊ-ից սկսած` հաջորդ նախագահներն էլ ամբողջ արդյունաբերությունը քանդեցին, փոշիացրին 30 տարվա ընթացքում։ Ոչ մի գործարան չվերագործարկեցին, նորերը չկառուցեցին, ամեն ինչ վաճառեցին և իրենց գրպաններն ուռճացրեցին։

ՀՀ-ի հզորացումը լավ գաղափար է, անհրաժեշտ, և այն տեղի կունենա, բայց այդ գաղափարի հետևորդները, որոնք զենքով են ցանկանում վերադարձնել մեր ձեռքբերումները, հաշվել ե՞ն, թե ինչպես են զարգանալու մեր թշնամիները, հաշվել ե՞ն, թե ինչ միջոցներ ունեն նրանք, հաշվել ե՞ն, թե ինչ հնարավորություններ ունեն նրանք։ Իրատեսական է, որ ասենք, 1 միավոր հզորությամբ հաղթես 10 միավոր հզորություն ունեցողին։ Ի՞նչ է, մեր թշնամիները դա չե՞ն լսում, չե՞ն հասկանում։

Այսպիսի կառավարություններ ունեցող երկիրը կարո՞ղ է հզորանալ, երբ բոլորը թալանում են, երբ բոլորը մտածում են հանրության հաշվին հարստանալու մասին, երբ իրենց շահը գերադասում են հանրային, պետական շահից, երբ խոսում են ժողովրդի անունից, բայց ժողովրդի բարեկեցության, անվտանգության համար ոչինչ չեն անում։

Նիկոլ Փաշինյանը 2 տարի առաջ գլուխ էր գովում, որ ինքը տարվա ընթացքում ավելի հաճախ է հանդիպել Պուտինի հետ, քան որևէ այլ երկրի ղեկավար։ Սակայն չասաց, թե ինչ հաջողության, արդյունքի է հասել, ինչ փաստաթղթեր կամ պայմանագրեր է ստորագրել։ Ոչինչ։ Իսկ Ալիևն այդ ընթացքում հանդիպեց Պուտինին և 16 պայմանագրեր ստորագրեց։ Դրա համար էլ նա հաղթեց աշնանային պատերազմում։

ՀՀ-ի հզորացման համար մեզ հարկավոր չէ շեշտը դնել զենք-զինամթերք գնելու, տնտեսությունը զարգացնելու վրա։ Դրանք միշտ էլ կատարվում են։ Հարկավոր է հզոր դիվանագիտություն՝ ճանաչված, փորձառու դիվանագետների, քաղաքագետների, իրավաբանների, տնտեսագետների մի խումբ ստեղծել, ովքեր կարող են Պուտինին՝ առաջին հերթին, որովհետև մեր տարածաշրջանում քաղաքական հարցերը նա է լուծում, համոզել, ապացուցել ռուս-թուրքական (Մոսկվայի և Կարսի) պայմանագրերի անօրինական, առ ոչինչ լինելը, Կավբյուրոյի որոշման անօրինականությունը։ Ինչքան էլ ասենք, որ ՌԴ-ը կամ ռուսները մեր ոխերիմ «բարեկամներն» են (իսկ դա ճշմարտություն է), միևնույն է նրանք են որոշում մեր տարածաշրջանի քաղաքական հարցերը, նրանց կամքից ու ցանկությունից է կախված այդ անօրինական պայմանագրերի՝ ավելի ճիշտ՝ փաստաթղթերի վերանայումն ու չեղարկումը։

Կռահում եմ, որ ընթերցողները կմատնանշեն ռուս-թուրքական «սիրախաղը»։ Այո, դրա համար էլ գոյություն ունեն դիվանագետներ, որոնք պետք է կարողանան համոզել, ապացուցել, թե որտեղ են համընկնում մեր շահերը ռուսների հետ։

Երկրորդ հերթին հարկավոր է դիմել ԱՄՆ-ի կառավարությանը, Ջո Բայդենին, Կոնգրեսին, որ իրենք հարգեն իրենց 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած «Իրավարար վճիռը» և իրականացնեն այն։ Չէ որ այդ վճիռն անբեկանելի և անժամանցելի է, իրավական և իրատեսական հարթության վրա է։

Երրորդ․ հարկավոր է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ միջազգային օրենքներով մեր խնդիրները արդարացիորեն լուծելու համար։

Այս հարցերն առաջ քաշելով՝ մենք կփոխենք միջազգային հանրության տեսակետը, փիլիսոփայությունը, մտածելակերպը՝ առաջ անցնելով թուրքերից, ովքեր տվյալ դեպքում մեզ կորակեն որպես նվաճող` «ագրեսոր»։

Մեծ Հայաստան ունենալով՝ իրապես կկերտենք Հզոր Հայաստան՝ հզոր տնտեսությունով, հզոր գիտությամբ․․․

Թուրքերը ծրագրել են, որ մեզ պետք է ոչնչացնեն, իսկ մենք․․․ պետք է դուրս գանք թուրքալեզու մահմեդական պետությունների շրջափակումից։ Հարկավոր է թուրքերին դուրս մղել Ադրբեջանից, որում մեզ կարող է օգնել Չինաստանը, որովհետև ինքն էլ խնդիրներ ունի իր երկրում ապրող թրքալեզու ույգուրների հետ, որոնք ցանկանում են միանալ Թուրքիային։ Այստեղ էլ լավ կշռադատված դիվանագիտություն է հարկավոր։ ԱՄՆ-ին էլ մեր տարածաշրջան պետք է բերենք «Իրավարար վճռով»՝ այն իրականացնելու համար։ Իսկ Ֆրանսիան էլ կմասնակցի գործընթացներին, որպես համանախագահ։

Մենք կորցրել ենք մեր ինքնիշխանությունը։ Ընտրել ենք այնպիսի ապիկար, մեղմ ասած, նախագահներ, որոնց «ջանքերով» միլիոնից ավելի հայաստանցիներ արտագաղթեցին և շարունակում են արտագաղթել, որոնց թայֆա-գողական մաֆիան ծրագրավորված քանդում ու թալանում էր ՀՀ-ը։

Աշնանային պատերազմը տանուլ էր տրված դեռևս 1994 թվականին, երբ չպահանջեցին խաղաղության պայմանագիր կնքել Բիշքեկում։ Դեռ ավելին, նրանք փաստաթղթում ամրագրեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության չխախտման դրույթը, ազատագրված 7 շրջանների  և փախստականների վերադարձը (հատկապես՝ դեպի Շուշի) և չամրագրեցին, որ Լեռնայի Ղարաբաղն անկախ կամ միացած երկիր է։ 26 տարվա ընթացքում չկարողացան ամրագրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որևէ դրույթ։

Դրա համար էլ ազատագրված տարածքները չէին բնակեցվում, որովհետև գիտեին, որ վերադարձնելու են։ Բայց Համահայկական հիմնադրամի հաշվին կառուցեցին Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որպեսզի կարճ ճանապարհով իրենց մետաղական հանքաքարերը հասցնեն Ալավերդու պղնձաձուլական գործարան, թե չէ «խեղճերը» մեծ վնասներ էին կրում դրանք Բերձորով (Լաչինով), Սյունիքով Ալավերդի հասցնելու համար։

Իսկ մեր՝ ժողովրդի խնդիրն է Սփյուռքի գաղթօջախներում ստեղծել «միացյալ մարմիններ», որոնց մեջ ընդգրկված կլինեն այդ գաղթօջախներում գործող բոլոր կազմակերպությունները (որպեսզի ամբողջ հայությունը տեղեկացված լինի), որոնց միջոցով էլ կընտրվեն պատգամավորներ Համահայկական Վերնախորհրդի (սենատի) համար (այս մասին տեղեկություններ կարող եք ստանալ համացանցից)։ Իսկ կազմակերպչական հարցերում մեծ դեր պետք է ունենան ավանդական կուսակցությունները, եկեղեցին, դեսպանատներն ու հյուպատոսարանները։ Եվ այդ «միացյալ մարմինները» կլինեն Սփյուռքի այն գործող մարմինները, որոնց պետք է դիմեն ՀՀ-ից, ինչ-որ հարցեր առաջ քաշելու, քննարկելու, իրագործելու համար։ Թե չէ, երբ ՀՀ-ից ասում են դիմենք Սփյուռքին, ինչ-որ վերացական միտք է ասվում։ Ո՞վ է կամ ի՞նչ է Սփյուռքը։ Դա Արգենտինան է՞, թե՞ Ավստրալիան, Իրանն է՞, թե՞ Լիբանանը, ԱՄՆ-ի արևմտյան մասն է՞, թե՝ արևելյան, Լոս Անջելեսն է՞, թե՞ Ֆրեզնոն, Հայ դատն է՞, թե՞ ՀՅԴ-ը, ռամկավարնե՞րը, թե՞ հնչակյանները․․․, այսինքն` կունենանք կոնկրետ հասցեատեր բոլոր գաղութներում, որտեղ կքննարկվեն բոլոր տեսակի հարցերը, որոնք պետք է լուծվեն ՀՀ-ի, հայության համար, որոնց առաջարկություններն էլ իրենց պատգամավորների միջոցով կներկայացվեն Վերնախորհրդին, որը պետք է կոնկրետ  իրավունքներով ու պարտականություններով (արտաքին հարաբերությունների ոլորտում) օժտված լինի Ազգային խորհրդի հետ միասին։ Եվ ամենակարևորը՝ ՀՀ-ի բոլոր քաղաքացիները բոլոր գաղթօջախներում պետք է մասնակցեն ընտրություններին, որոնք անցկացվում են ՀՀ-ում։ Հայ ազգի բոլոր ներկայացուցիչները կարող են ընդգրկվել ՀՀ-ում պետական ծառայության և զբաղեցնեն բարձրագույն պաշտոններ, եթե ցանկություն ունեն ու մասնակցում են հայտարարված մրցույթին։

ՀՀ-ի հզորացումը մեզնից է կախված՝ ժողովրդից, որպեսզի կարողանանք ընտրել ազգային, պետական մտածողությամբ ղեկավարներ։ Մեր անվտանգության ապահովման երաշխիքը մենք պետք է լինենք մեր հզոր դիվանագիտությամբ, որով կշահագրգռենք մեզ հետ ընդհանուր շահեր ունեցող երկրներին և կկերտենք Հզոր Հայաստանն ու մեր ապագան։

Այս տարի ռուս-թուրքական պայմանագրերի 100 ամյակն է լրանում։ Հարկավոր է այնպիսի աշխատանքներ տանել՝ ելույթներ ունենալ, հոդվածներ գրել, երթեր, ցույցեր կազմակերպել բոլոր գաղթօջախներում և ՀՀ-ում, որպեսզի միջազգային հանրությունն էլ մեզ սատարի։ Շատ ենք խոսում մեր ազգի խելոքության մասին։ Ժամը եկել է, զարթնեք և գործեք հայորդիներ հանուն հայ ազգի ապագայի կերտման։

Հարկավոր է հավատալ, պայքարել և հաղթել։

          «21-րդ դարը մերն է լինելու»։

 

ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Լրագրողների միջազգային միության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728