«Ճամբարակի տարածաշրջանում լույս չկար, մթության մեջ մոմերով նստել էինք։ Երկրաշարժից հետո միանգամից դղրդոցով անջատվեց»,–Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի բնակիչ Դավիթ Սուքիասյանը՝ ավելացնելով, որ էլեկտրաէներգիան վերականգնվեց ժամը 20.35-ին։
Հիշեցնենք, որ ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության, Երեւանի ժամանակով Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել ու էպիկենտրոնում՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ։ Գեղարքունիքում ուժգնությունը 5-6 բալ է եղել։
«Էդ պահին ուժեղ ցնցվեց, միանգամից բոլորս դուրս եկանք տնից։ Հիմա էլ մեր քաղաքում, մոտակա բնակավայրերում ապրողների մեծ մասը դրսում է, տուն չեն մտել, վախում են հետցնցումներից»,–ասում է մեր զրուցակիցը։
Թե ինչ վնաս է հասցվել տարածաշրջանին, կոնկրետ իրենց գյուղին՝ Դավիթ Սուքիասյանը չգիտի։ «Հլա բան հայտնի չի, տենանք , լույսը բացվի՝ կջոգենք ինչ կա–չկա։ Ասում են, որ թեթեւ ավերածություններ կան»,–ասում է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ