Արցախ առաջին անգամ եմ գնում, 44-օրյայից հետո առաջին անգամ… ճանապարհին հիշողություններ են`առաջին անգամ Արցախ մեկնելուց. 1997-ի մայիսի 7-ն էր, հաջորդ օրը`մայիսի 8-ին Շուշիի ազատագրման հինգ ամյակն էր: Լրագրողների այցը պաշտպանության նախարարությունն էր կազմակերպել. ճանապարհը երկար էր, դժվար, սովետական «ПАЗ» ավոտբուսն էլ ճանապարհին`Գորիսի կողմերում փչացավ, մի քանի ժամ սպասեցինք, որ մոտակա զորամասից այլ ավտոբուս գա, լուսադեմին հասանք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, քաղաքի միակ հյուրանոցում մեզ համար երկու սենյակ էր նախատեսված`մեկը տղաների, մյուսը աղջիկների համար: Հյուրանոցի ադմինիստրատորն էլ ասաց, որ սենյակները «պլիտայով տաքացրել» են:
Չորս հոգով գիշերեցինք ծանոթ լրագրողի`Աշոտենց տանը: Ամեն ինչից անկախ`ուրախ էր եւ դրա համար երկու պատճառ կար`մենք հաղթած էինք, լրագրողների խումբն էլ լավն էր: Հաջորդ օրը Վերածննդի հրապարակում տոնական միջոցառումներն էին, հայկական պետությունների ղեկավարները, ռազմական եւ քաղաքական այրերն էին հարթակում: Ես`սկսնակ լրագրողս, հպարտ էի, ուրախությունից սիրտս պայթում էր: Մեկ օր անց միայն, ավագ գործընկերներիս հրապարակումներից իմացա Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի անհամաձայնությունների մասին, որոնք վերաբերվում էին Արցախի հարցի լուծման տարբերակներին եւ որոնք դրսեւորվել էին այդ օրը հարթակում`միմյանց նկատմամբ հայացքներով, տարբեր ժեստերով, շփման ոչ ջերմ եւ մտերմիկ լինելով:
Հետո արդեն ինքս էլ էի հետաքրքրվում, անընդհատ գրում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ տարբեր գործիչների տարբեր մոտեցումների, միմյանց հետ անհամաձայնությունների եւ դրանցով պայմանավորված քաղաքական իրադարձությունների մասին, բայց այդ ամենը երբեք չէր խանգարում ամեն անգամ Արցախ մեկնել նույն հպարտությամբ եւ ուրախությամբ, ինչպես Շուշիի ազատագրման հնգամյակի օրը:
44-օրյայից հետո երկար ժամանակ չէի համարձակվում Արցախ մեկնել, չէի համարձակվում տեսնել այն`ինչ մնացել է… զգացմունքներս ու զգացողությունները խառնվել էին: Հետո համարձակվեցի: Ծանոթս, ով արմատներով Ապարանից է, բայց վերջին տասը տարիներին Ստեփանակերտում է բնակվել, զրույցի ժամանակ ասաց. «Իմ հարազատ Ստեփանակերտում, ինձ շատ բան օտարացել է»: Չհասկացա, ինքն էլ չկարողացավ բացատրել, ասաց`«կգաս`կհասկանաս»:
Կարդացեք նաև
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ազատ Արցախն այլեւս մեզ չի դիմավորում. 1990-ականներից մնացած, խամրած նման մի ցուցանակ կա, խոսքը իրողության մասին է: Արցախի մուտքի մոտ մեզ դիմավորում է ռուսական դրոշը:
Հետո`մինչեւ Շուշիի մուտքը, որտեղից սկսվում է Ստեփանակերտ տանող ճանապարհը`ռուսական դրոշները, որոնք խորհրդանշում են ռուս խաղաղապահների տեղակայման վայրերը, սովորական են դառնում:
Այդ հատվածի հայկական բնակավայրերը սահմանակից են ադրբեջանական բնակավայրերին, ճանապարհի որոշ հատվածներ Ադրբեջանի վերահսկողության տակ են:
Գորիս-Կապան մայրուղու մի հատվածն էլ` Հայաստանի տարածքում, Ադրբեջանի վերահսկողության տակ է:
Ճանապարհին խաղաղապահական տասը կետ է տեղակայված: «Բարի օր, քանի՞ հոգի են մեքենայում, զինվորականներ կա՞ն, մեքենայի բեռնախցիկը կբացե՞ք, բարի ճանապարհ»,- սրանք հարցերն են, որ ռուս խաղաղապահները բավական սիրալիր եւ քաղաքակիրթ տալիս են բոլորին`բոլոր անցակետերում:
Ամբողջ ճանապարհին սիրտս քար է կտրել, զգացողությունները եւ զգացմունքները խառնված են, դրանք բառերով հնարավոր չէ փոխանցել: Նման դեպքերի համար ժողովուրդն ասում է`«դանակով սրտիս խփեն`մի կաթիլ արյուն չի գա»: Ճանապարհի` արցախյան հատվածում լռությունիցս վարորդը հավանաբար հասկանում է, թե ի՞նչ է կատարվում հետս, անընդհատ շրջվում`ինձ է նայում. «Ղարաբաղն Աֆղանստանն է դարձել… մինչեւ Շուշի էդպես ա…»:
Իսկ Ադրբեջանին հանձնված Շուշիի մատույցներում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում:
Միայն գյումրեցի Գառնիկն է խոսում. Ուխտասարի ավազահանքում է աշխատել, Ուխտասարը հանձնվել է Ադրբեջանին, իր մեքենան (ավազահանքում աշխատող տրակտոր) հասցրել է տեղափոխել շրջկենտրոն Ասկերան. «Գնամ`տեսնեմ կկարողանա՞մ վաճառել»:
Ռուսական դրոշով զինվորական մեքենաները նաեւ Ստեփանակերտում են արդեն սովորական: Հարազատ Ստեփանակերտում շատ բան նախկինի պես չէ, պատերազմի դրոշմից ազատված, ուրախ ու պայծառ, եվրոպական ոճի քաղաքում սառնություն ու տխրության կա, 44-օրյա պատերազմի դրոշմն է`նոյեմբերի 9-ի համաձայնությամբ…
Բայց որոշ շենքերի վրա նաեւ այսպիսի ցուցանակներ դեռ կան:
Երկու օր անց, ետդարձի ճանապարհին, մեքենայի մեջ Շուշան Պետրոսյանի` Շահումյանին նվիրված երգն է: «Արցախը փրկվեց քո հերթն էլ կգա» տողի վրա չեմ դիմանում, ասում եմ`փրկվեց, բա չփրկվեց… Ուղեւորներից Համլետը, ով զինծառայող է, պատմում է իր կորցրած գյուղի ու տան մասին. «26 տարի տուն դրեցինք, որ երկու օրում կորցնենք… կիվիի էնպիսի այգիներ ունեի՜»: Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղից է, նոյեմբերի 18-19-ին վարչակազմից զանգել ասել են`երկու օրում ազատեք գյուղը: Ինքը պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել, ապաքինվել`վերադարձել է ծառայության, ընտանիքը`կինը երկու երեխաների հետ, Հայաստանում են, մեծ աղջիկն էլ`Ստեփանակերտում`համալսարանում է սովորում: Ի՞նչ է լինելու`դեռ չեն պատկերացնում, դեռ փորձում են կատարվածի հետ հաշտվել:
Վարորդը`Դավիթը միանգամից սաստում է ինձ. «Լավ է լինելու, չընկճվեք, ետ ենք բերելու`ամբողջը, բան չմնաց»: Ու այսպես`հայրենասիրական երգերի ներքով, յուրաքանչյուր կիլոմետրի վրա լավատեսության չափաբաժինն ավելացնելով հասնում ենք Երեւան: Բայց Ստեփանակերտում արդեն ինչ-որ բան այն չէր…
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երեւան-Ստեփանակերտ-Երեւան