Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ պետական տարեկան բյուջեով նա¬խատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտե¬սական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Բացման խոսքում փոխվարչապետը նշել է. «Համայնքներում բարեկեցիկ միջավայրի ձևավորումն ու սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը մեր գերակա առաջնահերթություններից են: Այդ է վկայում նաև սուբվենցիոն ծրագրերի աճող դինամիկան»:
Ներկայացնելով վերջին 3 տարիների համեմատական պատկերը՝ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ եթե 2018թ. փորձնական ծրագրով իրականացվել էր 157 սուբվենցիոն ծրագիր՝ պետական բյուջեի 1.7 մլրդ դրամի չափով համաֆինանսավորմամբ, ապա հաջորդ տարի ծրագրերի թիվը եռապատկվել էր՝ հասնելով 464-ի՝ պետական բյուջեից տրամադրված 9.59 մլրդ դրամի չափով: Ըստ նրա՝ 2020թ. ծրագրերի քանակն ու ծավալը էականորեն աճել են՝ հասնելով 660-ի, որից 570-ի համար ՀՀ բյուջեից հատկացվել էր 14.3 մլրդ դրամ: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ վերոնշյալ ծրագրերն ընդգրկել են համայնքային կյանքի զարգացման գրեթե բոլոր ուղղությունները՝ ասֆալտապատում և փողոցային լուսավորության համակարգի կառուցում, ջրային և ոռոգման համակարգերի կառուցում կամ նորոգում, բնակավայրերի գազաֆիկացում: Այդ շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել հասարակական ու բազմաբնակարան շենքերի, մանկապարտեզների, այգիների և պուրակների կառուցման կամ նորոգման ծրագրերը:
Հանձնաժողովի նիստի ընթացքում ամփոփվել են նախորդ տարի ավարտված ծրագրերի արդյունքները: Քննարկվել են 2020թ. սկսված, սակայն կորոնավիրուսի համավարակի և պատերազմի պատճառով անավարտ մնացած ծրագրերը: Անդրադարձ է կատարվել 2021թ. նոր սուբվենցիոն նախնական հայտերի, ինչպես նաև սուբվենցիաների տրամադրման ընդհանուր քաղաքականության հարցերին:
Փոխվարչապետը վերոնշյալ հարցերով գերատեսչություններին տվել է համապատասխան հանձնարարականներ:
Կարդացեք նաև
ՀՀ վարչապետի աշխատակազմ