Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում՝ նախքան համավարակի տարածումն, ամեն տարի շուրջ 300-350 երիտասարդ մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի։ 2020 թվականին աշխատանքի մեկնելու հնարավորություն չեն ունեցել, որի պատճառով էլ սոցիալական ծանր պայմաններում են հայտնվել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը։
Նրա տեղեկացմամբ՝ շատերը տոմսերն են գնել, հենց այսօր էլ կայացել է նրանց թռիչքը։
«Նրանք, ովքեր Ռուսաստանի Դաշնությունում աշխատանք ունեին, պայմանավորվածություններ ունեն, հիմա ճանապարհները բացվելուն պես՝ գնում, աշխատում են: Սա, կարելի է ասել, որոշ մարդկանց համար փրկության ճանապարհ է։ Մարդիկ կան, որոնք չունեն սեփական տնտեսությունը, չունեն անասնագլխաքանակ, հողեր չեն վարում, չեն ցանում։ Հողերը տրամադրում են իրենց հարազատներին, եղբայրներին, նրանք էլ ցանում, տիրություն են անում, հողի վարձը վճարում են։
Այս մարդիկ պարտադիր գնալու են, նրանք սպասում էին անհամբեր, կմեկնեն, կաշխատեն։ Տա Աստված ամեն տարվա պես, աշխատեն, հետ գան, շարունակեն այստեղի կյանքը»,-ասաց մեր զրուցակիցը։
Արա Սուքիասյանն ասում է, որ կան բազում խնդիրներ, տեղում եկամուտ քիչ են ստանում, այդ պատճառով էլ երիտասարդները ստիպված են լինում մեկնել արտագնա աշխատանքի։
Ըստ նրա, արտագնա աշխատանքի չմեկնողները զբաղվում են անասնապահությամբ, այն եկամտաբեր ճյուղ է դառնում, կոնկրետ իրենց համայնքում եկամտաբեր է խոշոր եղջերավոր անասուններ պահելը։
«Ովքեր որ կով ունեն, այդ կովից նորից հորթ ու կարողանում են իրենց նվազագույն պայմանները բավարարել։ Իսկ խոզաբուծությունը, ոչխարաբուծությունն այսօր եկամտաբեր ճյուղեր չեն։ Շատ մարդիկ հրաժարվում եմ ոչխարաբուծությունից, խոզաբուծությունից, ներդնում են մեծ գումարներ, արդյունքում ստանում են նվազագույն եկամուտ։
Խոշոր եղջերավոր անասուն պահելն ավելի ձեռնտու է, որովհետև կաթի մթերումը կազմակերպվում է։ Կոնկրետ մեր համայնքում 4-5 մթերող կազմակերպություն է գյուղ մտնում, մթերումը կազմակերպվում է։ Իհարկե, գումարը նվազագույն է, քիչ է, ցանկալի կլինի բարձր լինի, տեսեք մի լիտր կաթը բնակչից առավելագույնը գնում են 130-140 դրամով, ընդհուպ 120 դրամով, բայց եկեք նայենք մի լիտր սովորական ջուրը՝ շշալցված, առանց գազի, ի՞նչ արժե։ Մի լիտը 200 դրամ է, դա ծիծաղելի է։ Դա գյուղացու համար ցավ է, որովհետև գյուղացին գիշեր-ցերեկ տանջվում է այդ մի գլուխ անասունի հետ և չի կարողանում նորմալ եկամուտ ստանալ։ Կարելի է ասել գոյատևում է»,-ասաց Արա Սուքիասյանը։
Համայնքն էլ հողազուրկ է, ոռոգման ջուր ևս չունի, որ կարողանա բանջարաբոստանային կուլտուրաներ մշակել։ Այսինքն` տեղում մեծ եկամուտներ ստանալ հնարավոր չէ, այդ պատճառով էլ երիտասարդները գնում են արտագնա աշխատանքի։ Իհարկե, նրանք չեն արտագաղթում, վերադառնում են, իրենց տները շքեղ վերանորոգում։
«Ես խոսում եմ դրսում աշխատող տղաների հետ, հավատացեք, ոչ ոք չի ուզում գնալ արտագնա աշխատանքի, իրենց համար արդեն տհաճ է, ընտանիքից կտրված, երեխայից կտրված, հայրենիքից կտրված, բայց ուրիշ հնարավորություն չկա։
Համայնքն էլ իր ուժերով ի՞նչ ներդրում կարող է անել, մեծ գործարան բացե՞լ, սա լուրջ չէ համայնքի համար, մենք պետք է ընդհանուր մտածենք։ Տեսեք արտերկրում բնակվող մեր հարազատները, հայրենակիցներն էլ արդեն անտարբեր են ներդրում կատարելու հարցում։ Վերջին քանի տարիներն, խնդիրում, աղաչում ենք, թե եկեք տարածքը կտանք, էս կտանք, էն կտանք, ներդրում արեք համայնքում, աշխատատեղեր ստեղծեք, որպեսզի ազգաբնակչությունը կարողանա տեղում ստեղծել, արարել։
Չնայած փառք ու պատիվ նորկյանքցիներին, ովքեր մնում են, տեղում, ստեղծում, արարում են։ Կան արտագնա աշխատանքի գնացողներ, որոնց ընտանիքները և՛ անասնապահությամբ են զբաղվում, և՛ դաշտավարությամբ են զբաղվում, այսինքն` իրենք բերած գումարը կարողանում են հետ գցել, իսկ տան եղած եկամուտը, որ ստանում են անասնապահությունից, կարողանում են օգտագործել։
Ինչ մնում է արտագնա աշխատանքի գնալու, արդյունքն այն է, որ ահագին դրական տեղաշարժ կա մեր համայնքի արտաքին տեսքի մեջ, մարդկանց մտածողության, կենցաղի մեջ։ Կենցաղը բավականին բարելավված է, կարող եք մտնել Նոր Կյանք, 10-ից 7-ը տունը ինչ շքեղ կահավորում, գեղեցիկ սարքած և չի տարբերվում մայրաքաղաքային սեփական տներից»։
Արտագնա աշխատանքի մեկնածների 99 տոկոսը ՌԴ-ում աշխատում է շինարարության վրա, նրանք արդեն հմուտ մասնագետներ են։
Արա Սուքիասյանի հետ զրուցել են նաև գյուղատնտեսական հիմնախնդիրներից։
Այդ մասին ավելի ուշ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ