Հայաստանյան վերընթացի, ներերկրային կենսակերպի շտկումներին զուգընթաց կարևորվեց գրքի հրատարակման պատասխանատու աշխատանքը, և Էդիթ Պրինտը՝ իմ ճանաչած մաքուր սկզբունքների հարող հրատարակչությունը՝ ստեղծելով մի նոր պրոեկտ, ժամանակակից գրողների վերելքային մի հարթակ, որը կոչվում է «Արդի», ներառեց նաև իմ ժողովածուն: Ինձ համար մեծ ուրախություն է իմ ադամամուտը (շոշափելիորեն առաջին մեկնարկային մուտքս) ազդարարել հեղինակավոր հրատարակչության նոր մատենաշարով, առաջխաղացման քայլեր գցել մարդկանց հետ, ովքեր գրողին ընկալելու, ներկայացնելու և սեփական ինքնատիպ մտահղացումների մատուցման ոճ ու հմտությունների գիտակներ են:
Ինչո՞ւ «Ադամամութ»: Սա օրվա այն գոյավիճակն է, դժվարամարս այն հատվածը, որն իր մեջ պարունակում է անանուն, թերևս ինձ համար քնարական մի մետաֆոր: Այո՛, վերացարկումների և առհասարակ վերացական մի հատված է. թանձրանում է երկինքն ամբողջ ուժով ու ճկվում դեպի լուսանալու: Սա և՛ վերջ է, և՛ փիլիսոփայական անկատար մի սկիզբ. սա միառժամանակ մեջտեղն է, օրվա «արանքը», որը ճեղքում ենք երբեմն քնած, երբեմն հորանջոտ, իսկ ստեղծագործելիս՝ հախուռն հագուրդով: Սա օրվա միֆական, միրաժային պահն է, որին ուշադիր հետևելու արդյունքում կարող ենք թվացյալ պատրանքի մասնակիցը լինել ու գրել, խելքից դուրս գրել:
Գրքում կարելի է հանդիպել մորմոքումային տողերի, որոնց իսկությունը ապրումի «բեռն» է: Բեռ, որը համ քաղցր է, համ թթվաշ: Բեռ, որի ճկման ուժով բանաստեղծվում է ամեն ինչ: Եվ կարծում եմ՝ գոնե մեկ ստեղծագործության, մեկ նիհարիկ տողի հավանության արժանանալն ինձ կբերի բավականության զգացում. չկա ավելի մեծ հագեցում (համենայն դեպս ինձ համար), քան ընթերցողին ապրումային ակնթարթ պատճառելն է:
Գիրքը խմբագրել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը, որն իմ պատկերացումների գրաբարյան «այր երանելի» տիտղոսի կրողն է ու նուրբ պոեզիայի ֆենոմենալ մեկնիչ: Ժողովածուն բաղկացած է պոետական շարքերից և էսսեներից (սկզբում, իհարկե, Ս. Սրապիոնյանի վերլուծական-բացատրական խոսքով): Էսսեներ, որոնք քիչ այլաբանորեն ակնարկներ են և պարունակում են իրենց մեջ ավելի շատ տողատակեր, քան տողեր: Ժանրով պայմանավորված, փոքր ինչ «չակերտավորելով» ժողովածուն՝ չեմ ներառել այնտեղ տարաբնույթ գործեր, որոնք խնամքով կհանձնեմ ապագային, ու… հետո գիրք դարձած նորից կհայտնվի քո ձեռքում, սիրելի ընթերցող:
Կարդացեք նաև
Գրքի շնորհանդեսը կկայանա փետրվարի 19-ին, ժամը 18:30-ին, Խնկո Ապոր անվան գրադարանի ֆոյեում, իսկ մինչ այդ՝ փետրվարի 8-ից «Ադամամութի» դեռևս սահմանափակ տպաքանակն արդեն կլինի գրախանութներում, և հուսով եմ՝ կլցնի առօրեական մի որևէ բաց, անանուն մի բացթողում, որ կարող է հեղեղել պոեզիայի կաթիլը միայն…
Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ