Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ մարդը կասի՝ ի՞նչ է, ամեն անգամ ես պիտի դայակի նման գամ ձեր պամպերսները փոխե՞մ». Գեորգի Պողոսյանը գտնում է՝ Քոչարյանին պետք է շատ խնդրենք, որ գա

Փետրվար 05,2021 18:11

Բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը, որը հանրության շրջանում առավել հայտնի է Գեորգի Կիմիչ անունով, գիտնականների, մշակույթի եւ արվեստի գործիչների, իրավաբանների հետ հավաքներ է կազմակերպում՝ հայրենիքը փրկելու նպատակով: Այսօր բժիշկն ասուլիս էր հրավիրել՝ իր մտահոգությունների մասին խոսելու: Ասաց, որ մեկ-երկու անգամ գնացել է ընդդիմության հավաքներին, բայց այլեւս անիմաստ է համարում. «Ես սրտով նրանց հետ եմ, պատրաստ եմ ամեն հարցում աջակցել, բայց պայքարի այդ ճանապարհն անիմաստ է, երբ գործ ունենք մի մարդու հետ, որը կառչել է աթոռից եւ չի ուզում հեռանալ»:

Նրա խոսքով, այսօր մեր երկրում խնդիրները շատ են եւ դրանք լուծելու համար ինքը մեկ մարդու է տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանին:

Գեորգի Պողոսյանը գտնում է, որ նախ՝ արտաքին աշխարհի հետ պետք վերականգնել կապերը, բանակը դարձնել մարտունակ, քանի որ ապրում ենք շատ վտանգավոր տարածաշրջանում, տնտեսությունն աշխուժացնենք: Իսկ այդ ամենն, ըստ բժիշկ Պողոսյանի, մեկ մարդ կարող է անել՝ Քոչարյանը: Բժշկի խոսքով, Քոչարյանի պաշտոնավարման օրոք ինքն էլ տուժել է, ձեռքից վերցրել են բաժանմունքը, սակայն տարիներ անց համոզվել է, որ այդ որոշումը ճիշտ է եղել. «Դրա արդյունքում ունեցանք Հայ-ամերիկյան բժշկական կենտրոն, որի շնորհիվ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը նվազել է, այսինքն՝ այդ մարդը ճիշտ էր: Պետք է գա ուժեղ ղեկավար: Ինտելիգենտ մարդը կարող է լավը լինել, բայց ոչ ուժեղ: Ես ուժեղ մարդ այսօր չեմ տեսնում, եթե լինի՝ կընտրեմ»:

«Հայրենիքի փրկության շարժման» առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին բժիշկ Պողոսյանը հարգում է, սակայն գտնում է, որ նա չունի այդ խարիզման, որն ունի Ռոբերտ Քոչարյանը. «Այդ մարդուն մենք պետք է շատ խնդրենք, որովհետեւ, եթե, ես նրա տեղը լինեի, չէի գա: Ինքը լավ ապրում է, փող ունի, պատիվ ունի, Պուտինի ընկերն է, գա իր անշառ գլուխը մտցնի այս խառնափշտիկի մե՞ջ: Այդ մարդն արդեն մեկ-երկու անգամ եղել է, հիմա կասի՝ ի՞նչ է, ամեն անգամ ես պիտի դայակի նման գամ ձեր պամպերսները փոխե՞մ: Բայց մենք պետք է խնդրենք, որովհետեւ ես տեսնում եմ, որ մենք չունենք այդ մասշտաբի պետական գործիչ»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցերին, Գեորգի Պողոսյանն ասաց՝ Փաշինյանը գնում է Ամերիկա՝ նրան հանդիպում է երրորդ քարտուղարը, չորրորդ օգնականը. «Գնում է Ֆրանսիա՝ վրան նայող չկա, դե, Պուտինն էլ ընդունում է, որովհետեւ ստիպված է ընդունել, որովհետեւ մի միության մեջ են: Բայց երբ գնում էր Ռոբերտ Քոչարյանը՝ նրան նախագահներն էին ընդունում՝ Ամերիկայում՝ Բուշը եւ այլն: Մակարդակն ուրիշ է այդ մարդու»:

Խումբը, որը ստեղծել են մտավորականներով, ըստ բժշկի, մշակելու է ծրագրեր, որոնք կօգնեն Հայաստանի ղեկավարներին՝ առողջապահական հարցերը քննարկելիս: Նրա խոսքով, այս իշխանություններից երբեւէ նման առաջարկ չեն ստացել, հակառակը՝ առողջապահության ոլորտի վերաբերյալ որոշումները կայացվել են առանց բժիշկների հետ հանդիպման ու նրանց լսելու:

Գեորգի Պողոսյանի խոսքով, առաջին անգամ է տեսնում, որ մասնագիտությամբ իրավաբանը լինի առողջապահության նախարար, իսկ բժշկին նշանակում են մարզպետ:

Քաղաքացիների հոգեկան, առողջական վիճակը բժիշկը գնահատեց ծանր. «Մարդիկ կոտրված են, շշմած են, չեն հասկանում՝ այս ո՞նց ստացվեց»:

Նրա կարծիքով, այս իշխանությունը մշտապես կեղծ օրակարգ է առաջ բերում եւ մարդկանց շեղում իրական խնդիրներից:
«Մեր գերխնդիրը պետք է լինի պահել այս պետությունը, որը 1000 տարի հետո ունեցել ենք: Եթե այդ գերխնդրի համար պետք է գնալ պատերազմի՝ պետք է գնալ պատերազմի, եթե այդ գերխնդրի համար պետք է ծախել կամ առնել, ուրեմն՝ պետք է ծախել-առնել: Եթե պետք է սպանել, ուրեմն պետք է սպանել հակառակ դեպքում մենք չենք կարող պահել մեր պետությունը»,-ասաց բժիշկը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Գեորգի Պողոսյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728