Հունվարի վերջին տասնօրյակում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի մարզի մի քանի համայնքներում կատարեց քաղաքացիների ընդունելություն։ Սիսիանում մարզպետը քաղաքացիներին ընդունեց Սիսական 23–Ա հասցեում գտնվող գրասենյակում, ինչը տարբեր խոսակցությունների առիթ տվեց Սիսիանում։ Մինչեւ օրս նման ընդունելությունները Սյունիքի նախկին մարզպետները կազմակերպում էին քաղաքապետարանում։
«Մարզպետի խորհրդականը՝ Կարեն Հովհաննիսյանը նստավայր-գրասենյակ ունի Սիսիանում՝ համայնքի բնակիչների հարցերին, խնդիրներին արագ արձագանքելու համար, եւ մարզպետն այդ նստավայրում է ընդունել քաղաքացիներին։ Մինչ այժմ չկար նման գրասենյակ»,– Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասում է մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը։ Վերջինս նաեւ նշում է, որ նույն օրերին Տեղ, Տաթեւ, Գորայք համայնքներում ընդունելությունը կատարվել է համայնքապետարաններում։
Սիսիանում մարզպետի ընդունելությանը ներկայացել էր 8 քաղաքացի, Գորայքում՝12, Տեղում՝ 22, Տաթեւում՝ 10 քաղաքացիներ։
Սյունեցիները մարզպետին դիմել էին սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցերով՝ դրամական օգնություն ստանալու խնդրանքներով, աշխատանքի տեղավորման, հաշմանդամության կարգ հատկացնելու, բնակարանների սեփականաշնորհման, վարկերի, արոտավայրերի սահմանների որոշման եւ այլ հարցերով։
Կարդացեք նաև
Ի դեպ, նշենք, որ մարզպետի տեղերում կազմակերպվող ընդունելություններից ոչ միշտ են մարդիկ տեղեկացված լինում եւ նույնիսկ չեն հասցնում հանդիպել նրան։ Նման տեսակետ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնել էր Շինուհայրի բնակիչ, ոճաբան Արտյոմ Սյունեցին։
«Կոնկրետ ես շատ հարցեր ունեի, բայց մինչեւ իմացա, ուշ էր՝ մարզպետն արդեն այլ համայնքում էր»,–ասել էր Սյունեցին։ Ըստ նրա, գյուղացին չի կարող մարզպետարանի կամ համայնքապետարանի կայքերից տեղեկանալ՝ առաջարկելով հայտարարությունները «տպել թղթի վրա եւ փակցնել համայնքների մարդաշատ վայրերում»։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ
Լուսանկարը Սյունիքի մարզպետարանի կայքէջից․ ընդունելություն Սիսիանում