Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյանը՝ Փաշինյանի ստերը «վիրտուոզ ձեւով» ներկայացնելու մասին

Փետրվար 05,2021 17:00

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ պատերազմից ամիսներ անց դեռ շոկային վիճակում ենք. «Թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչեւ այսօր լսում ենք տասնյակ զոհերի մարմիններ են հայտնաբերվել: Մենք ուղղակի չենք կարող դուրս գալ սգացողի իրավիճակից, դրան էլ գումարվում է վատթարին սպասելու հոգեվիճակը»:

Բազմաշերտ հասարակությունը դիտարկելիս՝ հոգեբանն ասում է, որ տրամադրությունների ակնհայտ փոփոխություններ են տեղի ունենում, ինչը փաստում են նաեւ փորձագիտական շրջանակների վերլուծությունները. «Արդեն իսկ նկատելի է, որ մեղմ ասած, դժգոհությունները գնալով դառնում են ավելի մասսայական: Բոլոր դեպքերում կա մի շերտ, որից ես երկու ենթաշերտ կառանձնացնեի, որ դեռեւս թմբիրի մեջ է կամ համառորեն կառչել է իր դիրքորոշումներից: Դա վերլուծական մտքի, ինտելեկտի, բարոյական արժեքների պակաս է ուղղակի»:

Կարինե Նալչաջյանի խոսքով, սովորաբար մարդիկ, որոնք առանձնապես ինքնահաստատված չեն, շրջապատի վրա ազդեցություն չունեն, հարգված լինելու, իրենց կարծիքը կարեւորված լինելու զգացողության պակաս ունեն, անցնելով «թավշյա» հեղափոխության միջով՝ իրենց կարեւորված են զգացել եւ իներցիայով այդ վիճակում են: Մյուս շերտը, ըստ նրա, պաշտոնյաների բարեկամներն ու ծանոթներն են, կա մի շերտ էլ, որը շահադիտական նպատակով է սատարում իշխանություններին ու զուտ կերակրամանի հարց է լուծում: Հոգեբանը հավելում է, որ այս բոլոր շերտերը կարող են որոշակի որակ կազմել, բայց կա նաեւ շերտ, որը գիտակցում է, թե ինչ աղետի մեջ ենք եւ ինչ մեծ աղետների առաջ ենք կանգնած:

«Չարաբաստիկ վերջին երեք տարիների ընթացքում մարդկանց հուզական վիճակների այնպիսի կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, այնպիսի հարվածներ ենք ստանում սպասումներից, այնպիսի տեղեկատվություն, որ ցնցվում են, մինչեւ հիմա զոհեր, գերիներ, հայրենիքի կորուստ: Սրանք հարվածներ են, որոնք շշմեցնում են մարդկանց: Ժողովուրդը շրջապտույտի մեջ է, չի հասցնում սթափվել մի հարվածից ու էլի նոր հարվածներ: Ասենք մեկը թրքահաճո ինչ-որ բաներ է ասում, մարդիկ մինչեւ մտածում են՝ ո՞նց կարելի է, նոր հարված են ստանում: Սա մտածված է բան է, հատուկ չեն թողնում, որ մարդիկ սթափվեն»,-համոզված է նա:

«Անընդհատ լսում ենք, թե ինչու ժողովուրդը ոտքի չի կանգնում, մինչդեռ նախկինում, երբ մի զինվորի քթից արյուն էր գալիս, բոլորը ոտքի էին կանգնում, աղմուկ էր բարձրանում, անպայման առաջին դեմքն էր մեղավոր լինում, իսկ հիմա բառացիորեն արյան գետեր են հոսել ու հոսում, հայրենիք ենք կորցնում, բայց համարժեք արձագանք չկա… Երբ մարդիկ այսպիսի վիճակում են հայտնվում, դառնում են եսակենտրոն, սկսում են առօրյա հոգսերը հոգալ, ամեն մեկն իր գլուխը պահելու մասին է մտածում…Մարդիկ ակումուլյատիվ աֆեկտի մեջ են, բայց դա պայթելու առանձնահատկություն ունի: Կարող է անգամ ոչ էական մի հարցով պայթյունը տեղի ունենալ»,-նշում է մասնագետը:

Նաեւ հավելում է. «Այժմ մեզ հատուկ ուզում են զոհ դարձնել, որ ոտքի չկարողանանք կանգնել, ուզում են դարձնել խեղճ ու կրակ, թուրքի առաջ կռացած, ասում են՝ թուրքի մոտ ձեզ խելոք պահեք, լավ կլինի; Բայց դա մեծագույն խաբեություն է, որովհետեւ ինչքան ագրեսորի առջեւ խեղճանում ես, ագրեսորն այդքան լկտիանում է»:

Իբրեւ հոգեբան վերլուծելով  Նիկոլ Փաշինյանի գործողությունները, Կարինե Նալչաջյանը նշում է. «Որոշակի տվյալներ Փաշինյանի մանկության եւ անձի մասին դուրս է սպրդել, շատ է խոսվում նրա ծանր մանկության մասին, ինչը մեծ նշանակություն ունի: Փաշինյանը ներքին հակասականություն ունեցող մարդ է, բայց նաեւ որոշակի օժտվածություններ ունեցող մարդ է, կարողանում է մարդկանց «գինովցնել» ու իր հետեւից տանել, սա խարիզմա է: Նա կարողանում է իր հռետորաբանությունը այնպես կառուցել, որ ստերը վիրտուոզ ձեւով է իրականացնում: Սա բարոյական իմաստով թեկուզ եւ մինուս նշանի տակ է, բայց որոշակի օժտվածություն է: Մարդու այս տեսակի մոտ չեն ձեւավորվել բարոյական չափանիշներ, այս տեսակը հասարակության մեջ մոտավորապես 3 տոկոս է կազմում: Նույնիսկ անձնական մեծ ողբերգություն է համարվում, եթե քո կյանքում հայտնվում ես այդպիսի մարդու կողքին:

Այս մարդիկ շատ իշխանատենչ են լինում եւ զուրկ խղճի խայթից…Այսքան ասում ենք՝ տղաների արյունն իր խղճին է, բայց խիղճն այդ մարդու մոտ ձեւավորված չէ, չի զգում ոչինչ; Դա նույնն է, որ ինձ ոգեւորված չինարենով ինչ-որ բան ասեն»:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728