Ժամանակակից ճարտարապետության համար Եվրոպական միության «Միս վան դեր Ռոհեի մրցանակի» հավակնորդների առաջին ցանկը ներառում է 2018 թ.-ի հոկտեմբերից մինչև 2020 թ.-ի հոկտեմբեր ժամանակահատվածում կատարված 449 աշխատանք: Դրանք ներկայացնում են 41 երկրի 279 քաղաք: Ցանկում ներառված են աշխատանքներ Վրաստանից ու Ուկրաինայից, և, առաջին անգամ, Հայաստանից ու Մոլդովայից:
Համապատասխանության չափանիշներին բավարարել են տասներեք կրթական և քաղաքային նախագիծ՝ Ուկրաինայից, ութ բազմաբնակարան և քաղաքային նախագիծ՝ Վրաստանից, չորս կրթական նախագիծ՝ Հայաստանից, և մեկ մշակութային նախագիծ՝ Մոլդովայից (Քիշնևում Ստեղծարար արդյունաբերության կենտրոնը):
2003 թ.-ից ի վեր առաջին անգամ առանձնատները (18,10%) կազմել են աշխատանքների ամենամեծ խումբը, որին հաջորդում են բազմաբնակարան շենքերը (14,87%) և կրթական հաստատությունները (14,01%): Մշակութային օբյեկտները, ինչպիսիք են թանգարանները, թատրոնները, պատկերասրահները և համագումարային կենտրոնները, ներկայացնում են բոլոր հավակնորդների 11,64%-ը: Առաջադրված բոլոր աշխատանքների քառորդ մասը գոյություն ունեցող շենքերի վերականգնման կամ վերափոխման նախագծեր են, ընդ որում՝ դրանց թվում առկա են ինչպես պատմական/մշակութային ժառանգություն համարվողներ, այնպես էլ այդպիսին չհամարվողներ:
Հավակնորդների երկրորդ ցանկը կներառի 2020 թ.-ի նոյեմբերից մինչև 2021 թ.-ի ապրիլն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները և կհանրայնացվի 2021 թ.-ի սեպտեմբերին:
Կարդացեք նաև
Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ՝ ընդգծելով եվրոպական տարածքում կառուցված բացառիկ ճարտարապետական աշխատանքները: Այն շնորհվում է առանձին ճարտարապետական աշխատանքների, որոնք ի ցույց են դնում հայեցակարգային, սոցիալական, մշակութային ու տեխնիկական գերազանցություն և ազդում են եվրոպական քաղաքների ու գյուղերի կայուն զարգացման վրա:
Գլխավոր մրցանակից (60 000 եվրո) բացի կշնորհվի նաև Սկսնակ ճարտարապետի մրցանակ (20 000 եվրո):
EU NEIGHBOURS east