Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Տեր-Պետրոսյանի 1992 թվականի հրամանագիրն օրենքի ուժ կստանա

Փետրվար 05,2021 15:27

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում այսօր «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին շուրջ երկու տարի քննարկված օրենքի նախագիծը եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները մեկ փաթեթով ընդունելու հարցն էր:

Հիմնական զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտարարեց, որ նախագծի որոշ դրույթների հետ անհամաձայնություն ունի, բայց, քանի որ օրենքի հրատապ ընդունման անհրաժեշտություն կա, արել է ամենը, որպեսզի նախագիծը գա խորհրդարան: Իր անհամաձայնությունները լսել են եւ դրանք, իբրեւ առաջարկներ, դրված են սեղանին: ԲՈՒՀ-ական եւ գիտական համակարգը, ըստ նրա, լրջագույն ճգնաժամի մեջ են, ինչի պատճառներից հիմնականը համակարգի կառավարչական ոչ լիարժեքությունն է:

Ամենաանընդունելին, ըստ նրա, այն է, որ իշխանությունը-պետությունը եւ ԲՈՒՀ-ի անձնակազմը դարձել են հակամարտող կողմեր: Նա օրինակ է բերում, որ մասնավոր ԲՈՒՀ-ում սեփականատերը կառավարիչ է նշանակում, բայց այս պարագայում, չի հասկանում, թե ինչո՞ւ պետությունը չպետք է խառնվի կառավարչի նշանակման հարցին: Նա նաեւ կարծում է, որ չի կարող ուսանողը կամ դասախոսը լինել այն մարմնում, որտեղ ինքը պետք է իր վերադասի`ռեկտորի հաշվետվությունը լսի եւ գնահատի. շահերի բախման խնդիր է: Խոսքը կառավարման խորհուրդներում ուսանողների եւ դասախոսների ներկայացվածության հարցին է վերաբերում: «Եթե ԲՈՒՀ-ում կա սեփականատեր, դա պետությունն է, պետական ԲՈՒՀ է, պետությունը ֆինանսավորում է, բայց եկեք ու տեսեք, որ եթե կառավարման մասով պետությունն ուզում է իր կամքն արտահայտել, ասում են՝ դուք միջամտում եք մեր ինքնավարությանը, բացարձակապես տրամաբանական չէ: Ինքնավարությունը կանոնադրության շրջանակում գործունեություն ծավալելն է, կառավարիչն ո՞վ կլինի՝ դա պիտի այդքան կարեւոր չլինի պրոֆեսիոնալ աշխատանք կատարողի համար, դա պիտի կարեւոր լինի հիմնադիրի համար, եթե, իհարկե, կառավարիչը`ռեկտորը, խոչընդոտում է կոլեկտիվի աշխատանքին»:

Ինքը կողմնակից է, որ կառավարման խորհրդում ոչ ուսանողներ լինեն, ոչ դասախոսներ, բայց հաշվի է նստում այն իրականության հետ, որ ե՛ւ ուսանող, ե՛ւ դասախոս պետք է լինի խորհրդում, բայց խորհրդի կազմը էապես պետք է կրճատվի, քանի որ 32 կամ 24 հոգանոց խորհուրդներ կան, որի 50 տոկոսը ներկայացվում է կառավարության եւ լիազոր մարմնի կողմից, իսկ մենք ունենք 16 պետական ԲՈՒՀ եւ նման ներկայացվածության ապահովումը խնդիր է դառնում: Նախագծով առաջարկվում է 9 հոգանոց խորհուրդներ ձեւավորել՝ 5 կառավարության եւ լիազոր մարմնի կողմից, 4-ը՝ ԲՈՒՀ-ի, թե քանի՞ դասախոս, քանի՞ ուսանող՝ կորոշվի ԲՈՒՀ-ում:

«Սակայն, ղեկավարի ընտրանքը արվում է հետեւյալ կերպ`առաջարկվում է ընտրական գործընթացը սկսել վեց ամիս առաջ, կլինեն բազմաթիվ թեկնածուներ, իրենք քննարկում են եւ ընտրանքի արդյունքում լիազոր մարմնին են ներկայացնում մինչեւ երեք թեկնածու, լիազոր մարմինը երեքից ընտրում է: Կա նաեւ անվստահություն հայտնելու հնարավորություն»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ պետական ԲՈՒՀ-ի համար, պետությունը պետք է կրի 100 տոկոս պատասխանատվություն եւ այնտեղ, որ տեղ կա պատասխանատվություն, պետք է լինի նաեւ իրավունք:

ԵՊՀ-ի մասով, օրենքում առանձին ձեւակերպում կա`այն բացառիկ գիտակրթական մշակութային արժեք է, որի կարգավիճակը, ֆինանսավորումը սահմանում է կառավարությունը: «ԵՊՀ-ն՝ ԵՊՀ է: ԵՊՀ-ի բեռը՝ լավ իմաստով, շատ է եւ ԵՊՀ-ն վաղուց է վաստակել այդ վերաբերմունքը: Առաջին նախագահի 1992-ի հրամանագիր գոյություն ունի, մոտավորապես այս ձեւակերպմամբ, ինչը, սակայն, այդպես էլ հրամանագիր մնաց: Ինքս մի քանի անգամ ԵՊՀ խորհրդում, երբ պարոն Սարգսյանը խորհրդի նախագահ էր, բարձրացրել եմ հարցը, որ ԵՊՀ-ին պետք է տալ հատուկ կարգավիճակ: Ասաց`«Լավ, էլի սկսեցիք, ԵՊՀ-ն ուրիշ է, մերն ուրիշ է թեման», ասացի`այո, էլի սկսեցինք եւ այն փաստը, որ դուք ԵՊՀ-ի խորհրդի նախագահ եք, ոչ թե այլ ԲՈՒՀ-ի, այդ դրույթն իր մեջ ներառում է: Սակայն, խոսքը մնաց խոսք, գործը մնաց չարված»,- հիշեց Վահրամ Դումանյանը: Թե ինչպե՞ս կդրսեւորվի ԵՊՀ-ի առանձնահատուկ կարգավիճակը՝ կառավարությունում կորոշեն, ոչ թե «տվյալ օրվա ղեկավարի տրամադրությունից կախված»:

Հաջորդ հարցը՝ կուսակցության ղեկավար մարմնի անդամը չի կարող ԲՈՒՀ-ում էլ ղեկավար լինել: «Սա հանգուցալուծում է շատ ոչ հաճելի իրավիճակներ: Եթե դուք կուսակցությունում ղեկավար դիրք ունեք եւ ԲՈՒՀ-ում X ստորաբաժանման ղեկավար եք, անկախ ձեր կամքից, կուսակցական ղեկավարի գործունեությունը, ուզեք, թե՝ ոչ, արտահայտվելու է ԲՈՒՀ-ում: Բնավ, խոսք չի գնում կուսակցության անդամ լինելու մասին, այդ թեման քննարկումից դուրս է»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ հավելելով, որ ԲՈՒՀ-ական, գիտական որոշ կառույցներ, հատկապես վերջերս, օգտագործվեցին ոչ գիտական, կրթական հայտարարություններ անելու համար: Ինքը չի զարմանում, որ ԲՈՒՀ-ում կարծիքներ կարող են լինել`հանրային գլոբալ խնդիրներին վերաբերող, ինքն էլ նման հայտարարությունների տակ անձամբ ստորագրել է, պատրաստ է էլի ստորագրել, բայց ինքը երբեք չի նախընտրել լուծվել ընդհանուրի մեջ: Ծանրակշիռ է համարում անվանական արված հայտարարությունները նաեւ այն պատճառով, որ չկա կառույց, որտեղ որեւէ հարցի շուրջ միակարծություն լինի:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728