Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը հայտնել է, որ շվեդական տեխնոլոգիական համալսարաններում հայ ուսանողների համար կան դրամաշնորհներ և հետագայում կարելի է աշխատել դրանց ավելացման ուղղությամբ

Փետրվար 05,2021 12:25

Փետրվարի 3-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցություն հարցերով պատասխանատու Իզաբելա Էրիքսոնին:

Նախարար Արշակյանը ողջունել է դեսպան Սվենսոնին և հաջողություն մաղթել նորանշանակ դեսպանին՝ իր առաքելության ընթացքում: Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Շվեդիայի Թագավորության հումանիտար աջակցությունը Հայաստանին՝ պատերազմից հետո:

Նախարարը կարևորել է հատկապես 2019 թվականի նոյեմբերին Շվեդիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման վերաբերյալ կնքված համաձայնագիրը՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Շվեդիայի միջազգային համագործակցության զարգացման գործակալության (SIDA) գլխավոր տնօրեն Կարին Ջամթինի մասնակցությամբ:

«Համաձայնագրի ստորագրումն անկասկած նոր էջ է բացում հայ-շվեդական փոխհարաբերություններում և այդ շրջանակներում անհրաժեշտ է զարգացնել հայ-շվեդական համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում»,֊ ասաց Հ․ Արշակյանը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հիմնական ոլորտների մասին խոսելիս նախարարը նշել է, որ նույնիսկ տնտեսության համար դժվարին 2020 թ․-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտը տպավորիչ աճ է գրանցել, ինչը ցույց է տալիս, որ մեր երկրում բարձր տեխնոլոգիական ոլորտը ոչ միայն աճի մեծ պոտենցիալ ունի, այլ նաև՝ շոշափելի արդյունքներ: Դրա մասին են խոսում նաև Հայաստանում գործող բարձր տեխնոլոգիական ոլորտի համաշխարհային ընկերությունների մասնաճյուղերը, օրինակ՝ Ericsson և այլ ընկերությունների առկայությունը մեր երկրում:

Նախարարը դեսպանին առաջարկել է շվեդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել Հայաստանում մասնաճյուղեր բացելու գաղափարի, ինչպես նաև Ստոկհոլմում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ստեղծելու հնարավորությունների, ու նաև այլ հաջողված տեխնոլոգիական կրթական ծրագրերն այնտեղ տեղայնացնելու վրա:

Դեսպան Սվենսոնը, ով սեպտեմբերին է նշանակվել, դրական գնահատեց բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա աճը՝ նշելով, որ դա խոսում է նաև Հայաստանում բարենպաստ միջավայրի և պայմանների մասին: Դեսպանն ընդգծեց, որ իրենք ուրախ կլինեն կիսվել իրենց փորձով, ոչ միայն ընկերությունների զարգացման համար բարենպաստ միջավայր ձևավորելու հարցում, այլ նաև կրթության, գիտության և վերջիններիս կապը բիզնեսի հետ ապահովելու տեսանկյունից:

Հակոբ Արշակյանը դեսպանին է հայտնել, որ հայկական կողմը հատկապես հետաքրքրված է կրթական և գիտական ծրագրերով, և այդ ոլորտում համագործակցությամբ ամենատարբեր ձևաչափերով՝ համալսարանների, գիտական ինստիտուտների և քաղաքականությունների մշակման մակարդակով: Դեսպանն իր հերթին արձագանքել է, որ շվեդական տեխնոլոգիական համալսարաններում հայ ուսանողների համար կան դրամաշնորհներ և հետագայում կարելի է աշխատել դրանց ավելացման ուղղությամբ: Դեսպանը նաև իր հետաքրքրությունն է հայտնել Հայաստանի թվային օրակարգի վերաբերյալ: Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը արդեն իսկ մշակվել է, և ներկայացվել է կառավարության հաստատմանը և գտնվում է քննարկման վերջնական փուլում:

Քննարկվել են նաև ինկուբատորների և ստարտափ ընկերությունների զարգացման և համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728