Ռուսաստանից Հայաստան ուղարկված յոթ քաղաքացիներից չորսը գիշերել են «Զվարթնոց» օդանավակայանում: Նրանք շարունակում են պնդել, որ այստեղ կմնան այնքան՝ մինչև հարցին որևէ լուծում տրվի:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ դեպի Ռուսաստան չվերթները վերականգնելուց հետո, Հայաստանից մեկնած մի խումբ քաղաքացիներ երեք օր անց հետ էին ուղարկվել։ Հասնելով «Շերեմետեւո» օդանավակայան՝ նրանց թույլ չէին տվել դուրս գալ օդանավակայանի տարածքից՝ պատճառաբանելով, որ չունեն կորոնավիրուսային հիվանդության բացակայությունը հավաստող թեստի անհրաժեշտ պատասխանը, իսկ այն թղթային տարբերակը, որը ներկայացվում է, ընդունելի տարբերակը չէ։
Հայաստան վերադարձած քաղաքացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ իրենք հունվարի 31-ին՝ մեկնելուց առաջ, թեստավորվել են «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող «Աստղիկ» լաբորատորիայում: Թռիչքից առաջ անցակետում ստուգելով իրենց կորոնավիրուսային թեստի պատասխանի QR կոդը՝ թույլատրել են մեկնել: Հասնելով «Շերեմետեւո» օդանավակայան, սակայն, քաղաքացիները անակնկալի են եկել:
««Զվարթնոց» օդանավակայանի ռեգիստրում վերցրին մեր թղթերը, հեռախոսները, իբր անցկացրին, էլի, կոդը, հետո ասացին՝ անցեք: Բայց հասանք «Շերեմետեւո» օդանավակայան, ստուգեցին թուղթը, մեր անունները գրեցին համակարգչում, էդ կոդն էլ իրենք անցկացրին, շրջվեցին մեզ ասացին՝ вас лоханули, սա կեղծ թուղթ է, ռեգիստրացիան դուք ո՞նց եք անցել, որ հասել եք էստեղ: Մենք էլ մնացինք սառած կանգնած: Չեմ հասկանում, եթե թուղթը սխալ էր, մեզ էստեղ ոնց անցակացրին, որ գնանք»,- ասաց Իջևան քաղաքի բնակիչ Արտուշ Ղուկասյանը:
Կարդացեք նաև
Մանրամասնեց, որ երեք օր քաղցած մնացել են «Շերեմետեւոյում», մի կերպ ազատվել են ձերբակալությունից: Հետո ոստիկաններ են մոտեցել եւ ասել՝ ձեզ արտաքսում ենք Հայաստան:
«Երեք օր մնացինք էնտեղ, հաց չէին տալիս, միայն ջուր: Լավ էր հայ աղջիկ կար. խանութի աշխատողն էր, նրան թույլ էին տալիս մտնել մեզ մոտ, ինքն էլ մեզ հաց էր բերում: Հետո ոստիկանապետը եկավ, ուզում էին մեզ դատի տային, որ կեղծ փաստաթղթով փորձում ենք ՌԴ-ի տարածքը հատենք: Մի կերպ բացատրեցինք, որ մենք մեղավոր չենք, համոզեցինք, իրենք էլ մտան մեր դրության մեջ, ասացին՝ ամսի երեքին՝ առավոտը, թռիչք ունենք, ձեզ հետ կուղարկենք, բայց դեպորտ ենք անում»,- հավելեց Արտուշ Ղուկասյանը:
Վերադառնալով Հայաստան՝ քաղաքացիները հենց օդանավակայանում իրենց խնդրի մասին տեղեկացրել են այն լաբորատորիայում, որտեղ թեստավորվել են։ Այնտեղից պատասխանել են՝ եթե լաբորատորիայի թուղթը կեղծ է եղել, ինչպես են թույլատրել նրանց մեկնել:
«Ասացին՝ խնդիրը մեզ հետ չի, ռեգիստրացիան եթե այդ թղթով անցել եք, իրենց խնդիրն է։ Մեր գումարները հետ վերադարձրին, հիմա մնացել է ավիաընկերությունը, բայց էնտեղից էլ ասում են՝ մենք մեղավոր չենք, որտեղ ուզում եք դիմեք»,- պարզաբանեց վերադարձած քաղաքացիներից Եգորը:
Իսկ այս դեպքում ինչպե՞ս են քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել ՌԴ։
Մերի ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: