Թեեւ վերջին շրջանում հաճախակիացել են Հայրենիքի փրկության շարժման վախճանի մասին լուրերը, սակայն վեցնյակի վերջին հանդիպումից հետո շարժումը վերսկսեց անհնազանդության ակցիաները։ Նախօրեին խորհրդարանի դիմաց էին քաղաքացիներին հավաքել՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների լուսանկարներով ու «դավաճան» գրառումներով. «Չենք ուզում Ազգային ժողովում օրենք ընդունի մի պատգամավոր, ով չի տիրապետում հայաստանյան իրավիճակին, եւ նա հայ կոչվելու իրավունք չունի»։ Շարժման համակարգող, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը մեզ վստահեցրեց, որ Հայրենիքի փրկության շարժումը ոչ թե փլուզվում է, այլ նոր թափով է վերսկսում ակցիաները։ Զրուցել ենք Իշխան Սաղաթելյանի հետ։
– Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ցանկալի ճանապարհը շարժման ճանապարհային քարտեզով առաջ գնալն է, բայց եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի արտահերթ ընտրություն, ինքը կմասնակցի։ Ասում են՝ ինքը միայնակ չէ, վեցնյակում էլի ուժեր կան, որ չեն բացառում մասնակցությունը։ Այս հարցը քննարկե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում նման դիրքորոշմանը։
– Եթե Նիկոլի վարչապետությամբ տեղի ունենան արտահերթ ընտրություններ, ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում շարժման ներկայացուցիչները, իր մասնակցության կամ չմասնակցության դիրքորոշումը կճշտի։ Մենք ունենք 100 տոկոսանոց կոնսենսուս, որ երկրի փրկության ելքն այս իշխանության հեռացումն է, եւ մենք դա հաստատել-վերահաստատել ենք նախկինում հրապարակած ճանապարհային քարտեզում։
– Իսկ շարժման լիդերները պատրա՞ստ են նոր թափով պայքար սկսելուն, իրենց ուժերը ներդնել այդ պայքարում։ Որքան էլ հերքեք տարաձայնությունները, բայց տեսնում ենք, չէ՞, առնվազն 3 կուսակցություն՝ ՀՀԿ–ն, ՀՅԴ–ն, ԲՀԿ–ն, վերջին ընտրություններին տասնյակ հազարավոր քաղաքացիների քվե են ստացել, մինչդեռ ակցիաներին այդ մարդիկ չեն մասնակցում։
Կարդացեք նաև
– 100 տոկոս կոնսենսուս կա, որ պայքարը շարունակելու ենք մեր ընտրած ձեւաչափում, իսկ թե ով ինչքան է այդ պայքարում ներդրնում ունենում, կարծում եմ՝ մեկը շատ, մեկը՝ քիչ մասնակցություն ունենում են։ Սա կուսակցական պայքար չէ եւ չպետք է այդպիսին լինի, սա պետք է դառնա համաժողովրդական պայքար, կուսակցությունները այդ հսկայական պահանջը ձեւակերպող, առաջ տանողներն են։ Կուսակցությունները պատրաստ են այդ պատասխանատվությունը ստանձնելու։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: