Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հանգուցալուծել հայկական զինուժի արդիականացման դիլեման. «Ժամանակ»

Փետրվար 05,2021 10:14

Հայկական զինուժի արդիականացման խնդիրն ունի նաև բավականին նուրբ և խորքային մի դիլեմա: 44-օրյա պատերազմը, ըստ էության, նաև մոդելային պատերազմ էր, որում բախվեցին ՆԱՏՕ ռազմական մոդելն ու ռուսական մոդելը, որով ձևավորվել և գործել է հայկական բանակը հետխորհրդային ժամանակահատվածի մոտ երեք տասնամյակի ընթացքում: Անշուշտ, լոկ մոդելայնությունը չէ պատերազմի ծանր հետևանքի և պարտության պատճառը, գործոնները այստեղ բազմաթիվ են, դա շատ պարզ է: Սակայն լոկ զինուժի առնչությամբ հետևությունների առումով, անկասկած է, որ արդիականացումը էապես առնչվելու է մոդելային վերափոխումների, և այստեղ ակնառու է, որ արդիականացման հարցում հայկական զինուժի համար առավել օրինակելի և օգտակար է արևմտյան կամ հյուսիսատլանտյան փորձը, քան ռուսական: Ավելին, անվտանգային համակարգերի և պաշտպանական կազմակերպման իմաստով այդ հանգամանքը առավել քան ակնառու է, ինչն անուղղակի խոստովանել է անգամ ՌԴ նախագահը, նախորդ տարեվերջին հանձնարարելով Ռուսաստանի զինուժի ղեկավարությանը ուսումնասիրել վերջին պատերազմներն ու դրանց ընթացքում կիրառվող կառավարման և ռազմական տեխնոլոգիաները:

Այլ կերպ ասած, Պուտինն այդ հանձնարարությամբ ինքն է անգամ խոստովանել, որ 21-րդ դարի, այսպես ասած, մոբիլ պատերազմների առումով Ռուսաստանը մնացել է բավականին հետ: Ահա հայկական զինուժի արդիականացման դիլեման՝ մեր հիմնական գործընկերը պաշտպանական, ռազմատեխնիկական հարցում Ռուսաստանն է, մենք ունենք այստեղ սերտ աշխատանքի և ինտենսիվ գործակցության օբյեկտիվ անհրաժեշտություն, և կան հետպատերազմյան հանգամանքներ, որոնք անհնար է հաշվի չառնել, մյուս կողմից ակնառու է, որ մեր մարտահրավերների և խնդիրների հեռանկարային բազմաթիվ լուծումների արդյունավետ և հաջողված փորձը լիովին հակառակ կողմում է՝ հյուսիսատլանտյան բևեռում: Ինչպես համադրել երկու հակադրությունը, ինչպես հանգուցալուծել դիլեման: Սա ներկայումս Հայաստանի առաջ կանգնած հիմնարար խնդիրներից է՝ այն իմաստով, որ հյուսիսատլանտյան ուղղությամբ ինտենսիվ գործակցությունը մշտապես ցավոտ ու սպառնալից է ընկալվել ռուսական ուղղությամբ և, մեծ հավանականությամբ, այդպես է լինելու նաև այժմ: Իսկ գուցե Ռուսաստանի հանդեպ լիովին լոյալ պաշտպանության նախարարի առկայությունը լինի գործոն, որը թույլ կտա չեզոքացնել խանդը և անել արդիականացման համար անհրաժեշտ քայլերը Հյուսիսատլանտյան անվտանգային համակարգի հետ աշխատանքի սերտացման ուղղությամբ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728